ԱՄՆ պետդեպն ու Վաշինգտոնի քաղաքապետը դատապարտել են թուրք ազգայնամոլների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա

66644

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Քաղաքապետը Վաշինգտոնի ոստիկանության պետի հետ հետաքննություն են սկսել կատարվածի առնչությամբ:

«Այն, ինչ մենք տեսանք երեկ՝ բռնի հարձակում խաղաղ ցուցարարների վրա, վիրավորում է Վաշինգտոնի և մեր իրավունքները՝ որպես ամերիկացիներ: Ես խստորեն դատապարտում եմ այս գործողությունները և քննարկել եմ ոստիկանության պետ Փիթեր Նյուշամի հետ մեր պատասխանը: Ոստիկանության վարչությունը կշարունակի հետաքննել միջադեպը և կաշխատի դաշնային գործընկերների հետ՝ ապահովելու արդարությունը»,-Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասվում է Վաշինգտոնի քաղաքապետի պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վաշինգտոնի ոստիկանության վարչության ղեկավար Փիթեր Նյուշամը՝ ընդգծելով, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածը հակասում են այն իրավունքներին ու սկզբունքներին, հանուն որոնց պաշտպանության իրենք աշխատում են ամեն օր: Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել:

Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, թե իրենք «անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները»: «Բռնությունը երբեք չի կարող ճիշտ պատասխան լինել ազատ խոսքին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իչրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: