Կաննի 70-րդ կինոփառատոնը մեկնարկում է. Առաջին անգամ կբարձրացվի ՀՀ դրոշը

cannes_poster-thumb

Մայիսի 17-ին Ֆրանսիայի Լազուրե ափին մեկնարկել է Կաննի 70-րդ կինոփառատոնը: Հիմնական ցուցադրության ցանկում ընդգրկված է 18 ֆիլմ, այդ թվում՝ Սերգեյ Լոզնիցայի «Հեզը», Անդրեյ Զվյագինցևի «Չսերը», Յորգոս Լանտիմոսի, Միխաել Հանեկեի, Թոդ Հեյնսի և այլոց նոր ֆիլմերը: Ծրագրում ընդգրկված են ֆիլմեր 29 երկրից:

Փառատոնը կբացի Առնո Դեպլեշենի «Իսմաելի ուրվականները» ֆիլմը Մարիոն Կոտիյարի, Շառլոտտա Գենսբուրի, Լուի Գարելի մասնակցությամբ: Բացման և փակման արարողությունները կվարի Մոնիկա Բելուչին:

Մրցույթի ժյուրին գլխավորում է Պեդրո Ալմոդովարը: Նրա հետ մրցույթի մասնակիցներին կգնահատեն գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, ամերիկացի դերասաններ Ջեսիկա Չեսթեյնը և Ուիլ Սմիթը, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի Անյես Ժաուին, հարավկորեական Փակ Չհան Ուկը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:

Հայաստանը՝ Կաննում

2017-ին Հայաստանն առաջին անգամ է ներկայանում որպես փառատոնի կինոշուկայի առանձին մասնակից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Կաննում հայկական պատվիրակության անդամ, ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

«Առաջին անգամ Կաննում կբարձրանա Հայաստանի դրոշը: Մենք վերջապես մեր առանձին տաղավարը կունենանք Լազուրե ափին: Վրաստանը, Ուկրաինան, ՌԴ-ն, Ադրբեջանը վաղուց արդեն ներկայացված էին», -ասել է Գալստյանը:

Նա պատմել է, որ Հայաստանը Կաննի կինոշուկայում ներկայանում է երիտասարդ հայ ռեժիսորների 3 նախագծով, որոնք ընտրվել են մրցութային կարգով: Մրցույթը հայտարարել էր ՀՀ մշակույթի նախարարությունը:

Առաջին նախագիծը, որը Հայաստանը կներկայացնի Կաննի փառատոնի ներդրողներին, Սերգեյ Ուստյանի «Փոխանակում» ֆիլմն է: Երկրորդը՝ Իննա Սահակյանի անիմացիոն խաղարկային «Ավրորայի արշալույսը» ֆիլմն է, իսկ երրորդը Արթուր Սուքիասյանի Գյումրիի մասին «Վիրավոր քաղաքը» փաստագրական ֆիլմի նախագիծն է:

Ըստ ռեժիսորների, նրանք շատ են ոգևորված իրենց մասնակցությամբ: «Սպասելիքները Կաննից մեկն են՝ որ դա օգնի մեզ որքան հնարավոր է շուտ սկսել նկարահանումները», -ասել է Սերգեյ Ուստյանը:

«Չէ որ Կաննը լոկ փառատոն չէ, այստեղ են պայմանագրեր կնքվում, կապեր հաստատվում: Առաջին անգամ Հայաստանն ունի շուկային մասնակցելու իր ռազմավարությունը: Դա չի նշանակում, որ Կաննից վերդառնալուց անմիջապես հետո, մեզ առաջարկներով կհետապնդեն, սակայն, մենք կաշխատենք: Մեր ուղևորության նպատակներից մեկն է ներկայացնել մեր հնարավորություններն ու պայմանավորվել, որ տարբեր երկրների կինոընկերություններ կինո նկարահանեն մեզ մոտ: Հայաստանում կան դրա համար բոլոր պայմանները և դա նաև էժան կլինի»,-ասել է Գալստյանը:

2016-ին Հայաստանը Կաննում ներկայացրել է Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» կարճամետրաժ ֆիլմը, որը Eurochannel ընկերությունն ընտրեց միջազգային ցուցադրության համար: Հետագայում «Բրավիստը» նաև Օսկարի առաջադրվեց:

Հայաստանը նաև մասնակցում է արտամրցութային Short film corner ծրագրին՝ հայտագրված է 3 ֆիլմ. «Հրանտ Նազարյանց», «Գիշերային պատմություն» և «Մասնիկ» ֆիլմերը:

Գրիգոր Հարությունյանի «Հրանտ Նազարյանց» ֆիլմը հայ պոետ Հրանտ Նազարյանցի մասին է, որը 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից տեղափոխվում է իտալական Բարի և դառնում է Իտալիայի ազգային բանաստեղծ: 1920-ին նա օգնել է ավելի քան 200 հայ փախստականի հասնել Բարի և հիմնավորվել այնտեղ, հիմնել է Նոր Արաքս գյուղը, որտեղ բացել է նաև գորգագործական կոմբինատ:

Էլեոնորա Աբովյանի «Գիշերային պատմությունը» 2-րոպեանոց անիմացիոն մուլտֆիլմ է տարօրինակություններով ընտանեկան զույգի՝ տեր և տիկին Բոկլիի մասին, որը ռուսալեզու է, սակայն ներկայացնում է Հայաստանը:

Նարեկ Սարգսյանի «Մասնիկ» փաստագրական ֆիլմը ևս հայտագրված է Հայաստանից: Ֆիլմի գործողությունը ծավալվում է փոքր հայկական գյուղում: Ռեժիսորը գյուղի բնակիչների հետ զրույցների միջոցով անդրադառնում է սոցիալական և ազգայինն խնդիրներին, մարդկանց հուսահատ վիճակին և շարունակական արտագաղթին:

Հայաստանի պատվիրակությունը Կաննի կինոփառատոնում ֆինանսավորվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Փառատոնը կանցնի մայիսի 17-ի28-ը: