«Ես ապրում եմ Լոս Անջելեսում, սակայն իմ սիրտը Հայրենիքում է, և ես Հայրենիքից եմ լիցքավորվում, այն իմ ողնասյունն է». Հովսեփ Նալբանդյան

img_4343

«Հայերն այսօր»-ի խմբագրությունում հյուրընկալված լոսանջելեսաբնակ մեր հայրենակցի՝ գրող, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական-ազգային գործիչ, գրականագետ-մատենագետ Հովսեփ Նալբանդյանի հետ թեև առաջին անգամ չեմ զրուցում, սակայն կրկին ու կրկին հիանում եմ նրա բեղուն, բազմաբովանդակ գործունեությամբ: Այս անգամ Հովսեփ Նալբանդյան հայորդու կերպարն ինձ համար բացահայտվում է տարբեր տեսանկյուններից՝ այն, որ նա մասնակցել և  11 անգամ վիրավորվել է սիրիական առաջին պատերազմի ժամանակ՝ դեռևս իր զինվորական պարտքը 1980-82թթ. կատարելիս՝ որպես Սիրիայի քաղաքացի: Բացահայտում էր նաև ինձ համար այն, որ Հովսեփ Նալբանդյանը 4 օր աշխատել է Հայաստանը ցնցած երկրաշարժի գոտում…

– Պարո՛ն Նալբանդյան, Ձեզ նայելիս՝ որևէ մեկի մտքով չի անցնի, որ Դուք այդքան դժվարին ճանապարհ եք անցել, սակայն մինչ օրս ժրաջան մեղվի պես աշխատում եք և գրքեր հրատարակում. որտեղի՞ց է տրվում այդքան աշխատասիրությունն ու նպատակասլացու­թյունը:

– Դա մարդու բնույթն է, ինչպես նաև՝ ի վերուստ տրված պարգևը… 18 տարում ես հրատարակել եմ 38 գիրք, որոնցից 18-ն իմ գրքերն են՝ 5840 էջով: Դրանք հրատարակել եմ 28200 օրինակով, այդ գրքերից 9200-ը նվիրել եմ անհատների, Հայաստանի, Արցախի բոլոր դպրոցներին, Սփյուռքի 9 երկրներում գործող հայկական դպրոցներին, քոլեջներին, համալսարաններին:

– Եվ… այս ահռելի աշխատանքին զուգահեռ, որքանով տեղյակ եմ, նաև դասավանդում եք:

– Ես ծնվել եմ Հալեպում, 1992-93թթ. եղել եմ Մեսրոպյան վարժարանի տնօրենը, շատ ծրագրեր ունեի: Եղբայրս, ով ապրում է ԱՄՆ-ում, հարցրեց, թե կուզե՞մ արդյոք գնալ Միացյալ Նահանգներ, ես դրական պատասխան տվեցի և օրինական ճանապարհով տեղափոխվեցի ԱՄՆ, որտեղ 4 տարի աշխատել եմ «Մասիս» շաբաթաթերում: Հիմա աշխատում եմ «Մաշտոց» քոլեջում, նաև հայերեն եմ դասավանդում «Բևերլի հիլզ միջազգային լեզվաբանական ինստիտուտ»-ում: Այդ ինստիտուտում 20 լեզու է դասավանդվում, բայց, ցավոք, հայերեն սովորելու ցանկություն ունեցողները շատ չեն: Գները մատչելի են, սակայն, միևնույն է, մերոնք ձգտում են սովորել ուրիշ լեզուներ, օրինակ՝ չինարենի դասարանում սովորողների թիվն ավելի շատ է: Մանկավարժությունից զատ՝ ես ամբողջովին նվիրված եմ գիրք ստեղծելու և հրատարակելու գործին: Ամիսներ հետո 4 ընկերներով լույս կընծայենք «Արդի առձեռն բառարան»-ը՝ դասական հայերենի ուղղագրությամբ. այն մոտավորապես կպարունակի 15-16 հազար բառ:

– Պարո՛ն Նալբանդյան, խոսենք վերջերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած Ձեր երեքհատորյա և Ավետիս Ռազմիկի «Կյանքի կարուսել» (362 էջանոց) գրքերի մասին:

– Երեք գրքերը կոչվում են «Հայկական պատմվածքներ»՝ այբ, բեն, գիմ հատորներով, որոնցում զետեղված են արևելահայ, արևմտահայ, սփյուռքահայ գրողների գործերից (60 հեղինակ, 70 պատմվածք, որոնցից 2-ն իմն են): Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած գրքերի շնորհանդեսին հրավիրել էի քանոնահարուհի Մարիանա Գրիգորյանին, թառահար Միքայել Ոսկանյանին, երգիչ Արսեն Համբարյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի սփյուռքագիտության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրականագետ, թուրքագետ Էլինա Միրզոյանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին և գրադարանի տիրուհի Հասմիկ Կարապետյանին: Շնորհանդեսի երկրորդ բաժնում ելույթ ունեցավ պատմաբան, խմբագիր Գևորգ Յազիչյանը, շնորհակալության խոսք ասաց ազգային գործիչ, հրապարակախոս Ավետիս Ռազմիկը, ով ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը: Ավարտին ելույթ ունեցա ես: Գրքերի շնորհանդեսը մայիսի 10-ին կայացել է նաև Արմավիրի մարզային գրադարանում:

– Իսկ ովքե՞ր են Ձեզ հովանավորում գրքերի հրատարակման գործում:

– Երեք հոգի են հովանավորում… ես, Հովսեփը և Նալբանդյանը. հրատարակության ֆինանսական բոլոր գործերն ինքս եմ կարգավորում, իմ ուժերով և իմ միջոցներով եմ լուծում այդ հարցերը:

– Ի՞նչն է Ձեզ միշտ ուղղորդում դեպի գրականությունն ու գիրքը. Ամերիկայի նման մի երկրում Դուք կարող էիք նաև հաջողակ գործարար լինել:

– Ազգային խենթությունը, պաշտամունքս լեզվի ու գրականության, գրքի հանդեպ, հայրենասիրական զգացումներս: Ես երբեք չուզեցի շեղվել բանասիրությունից: 30 տարի շարունակ բանասիրության ֆակուլտետն ինձ նման մի այնպիսի շրջանավարտ չի տվել, ով այսքան գրքեր է հրատարակել: Երկու տարի առաջ իմ գրական գործունեության 35-ամյակին նվիրված Արծրուն Ալեքսանյանը գիրք հրատարակեց իմ մասին՝ «Հայ մշակույթի նվիրյալը» վերնագրով: Ես ոտքից գլուխ նվիրված եմ հայ մշակույթին:

– Պարո՛ն Նալբանդյան, որտե՞ղ եք կարողանում Ձեզ ավելի լավ դրսևորել՝ արձակո՞ւմ, հրապարակախոսությա՞ն մեջ, թե՞ գիտական հետազոտական աշխատանքներում:

– Բոլոր այդ աշխատանքներում. ասեմ նաև, որ 16-18 տարեկանում գրել եմ մոտ 50-52 բանաստեղծություններ, սակայն բանաստեղծություններիս տետրը կորցրեցի:

– Հարգելի՛ հայրենակից, շնորհավորելով Ձեր գրքերի ծնունդը՝ հիացմունքս ու զարմանքս եմ արտահայտում. Դուք երկար տարիներ շարունակ գրքի ու գրականության հետ եք, ընտանիքի և ընկերների համար ժամանակ ունենո՞ւմ եք:

– Ես շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ: Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահն եմ, գործուն մասնակցություն ունեմ նաև ՀԲԸՄ-ի գործունեության մեջ: Հասարակական-բարեսիրական տարբեր միությունների խորհրդի անդամ եմ և քարտուղար: Մշտապես շփվում եմ բոլորի հետ, իսկ ամենից շատ՝ գրքերի:

– Պարո՛ն Նալբանդյան, ի՞նչ են Ձեզ համար ծննդավայրն ու Հայրենիքը:

– Հալեպից 24 տարի առաջ եմ դուրս եկել, շատ եմ կարոտում իմ ծննդավայրը. այդ բառն ինքնին ասում է ամեն ինչ: Կուզեի վերադառնալ, սակայն, ցավոք, 5000 տարվա պատմություն ունեցող Հալեպի 70 տոկոսն այսօր ավերված է: … Հայրենի՜քը… Հայրենիքն ինձ համար ինքնություն է, հարազատ մի երկիր, ուր սովորել և ավարտել եմ ԵՊՀ-ի բանասիրության բաժինը: Երախտապարտ եմ Լույսի այդ տաճարին, մեծանուն գիտնական-դասախոսներիս: Հայրենիքն իմ ողնասյունն է: Ես բնակվում եմ Լոս Անջելեսում, սակայն հաճախ եմ լինում Հայրենիքում, որովհետև սիրտս այստեղ է, և ես այստեղից եմ լիցքավորվում:

Զրուցեց Կարինե  Ավագյանը