Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում

img_2134

Մայիսի 14-ին Պրահայում ավարտվեց Դերասանական բարձրագույն դպրոցի 6-րդ Միջազգային թատերական ՊԻԴԻՖԵՍՏ ուսանողական փառատոնը, որին մասնակցում  էր  նաեւ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։

Ներկայացման ռեժիսորն էր Սամսոն Մովսեսյանը, նկարիչը՝ Կարինե Բաբայանը, գլխավոր դերերում հանդես եկան՝ Մուրադ Նադիրյանը, Դուստրիկ Խաչատրյանը, Մարգարիտա(Ինգա) Զահալյանը։  Ներկայացման տեխնիկական կողմն ապահովեցին Հայկ Իսրայելյանը, Հայկ Հակոբյանը, Ներսես Զոհրաբյանը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, իրենց համար գնահատելի էր, որ ներկայացման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ շատ զգացված են հայ համայնքի ներկայությունից, եւ հայ ու օտար երեխաների ջերմ ընդունելությունից։

Նրա ասելով, քանի որ խոսքը քիչ էր, հիմնականում օգտագործված էին տեսա-լսողական եւ ստվերային էֆեկտներ, հնարավոր եղավ նման դրական ընկալում ապահովել։  Ավելին, կազմակերպիչներն այնքան են հավանել ներկայացումը, որ Հայկ Իսրայելյանը չեխ ուսանողների համար վարպետության դաս է տվել տեսաձայնային էֆեկտների վերաբերյալ, եւ իբրեւ մնջախաղի վարպետ, նաեւ մի էտյուդ է ներկայացրել փակման արարողության ժամանակ։

«Մատնաչափիկ» ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման առաջնախաղը եղել է 2016 թվականի սեպտեմբերին Երեւանում։ Բեմադրությունն արդեն արժանացել է Հայաստանի ,,Արտավազդ,, թատերական մրացանկի՝ «Տարվա լավագույն մանկական ներկայացում» եւ «Լավագույն բեմադրական աշխատանք» անվանակարգերում։  Պրահայի մրցանակը թվով երրորդն է։

Ներկայացումը երիտասարդ ռեժիսորի 20-րդ բեմադրությունն է,  որը համարվում է թատրոնի ամենապահանջված ներկայացումներից մեկը։ Այս ներկայացման տոմսերը անմիջապես վաճառվում են։ Ներկայացման հաջողության գաղտնիքը Սամսոն Մովսեսյանը բացատրում է այն հանգամանքով, որ օգտավործվել են տիկնիկային արվեստի գրեթե բոլոր հնարավոր տեսակները՝ անիմացիա, գունային եւ ստվերային ձեւավորում, ձայնային եւ դերասանական խաղ։ «Մեր թատրոնի պատմության մեջ նման ներկայացում դեռեւս չէր եղել, սա առաջինն է, որտեղ խառնված են ստվերային թատրոնի բոլոր տեսակները«,- ասաց նա։

«Հետաքրքիր էր, որ Պրահայի հայ փոքրիկներն արձագնքում էին ճիշտ այնպես, ինչպես Երեւանի մեր հանդիսատեսը»- ասաց բեմադրիչը։ Այժմ նա  պատրաստում  է նոր՝ «Վինի Փու արջուկը» ներկայացումը։

Դերասան Մուրադ Նադիրյանը, ով ինը տարի առաջ Պրահայում նույնպես խաղացել է Երեւանի տիկնիկային թատրոնի մեկ այլ՝ Գոգոլի «Շինել»-ի մոտիվներով «Ակ-Ակ» ներկայացման մեջ, նշեց, որ տարբերությունը երկու բեմադրությունների միջեւ մեծ է, քանի որ նախորդը մեծահասկաների համար էր, իսկ այս տարվանը՝ երեխաների համար։ Նրա ասելով, այս անգամ թե հյուրընկալող թատրոնը, թե Պրահան իրենց ընդունել են մի այլ  կոլորիտով։

Հիշեցնենք, որ  Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ «ԱԿ-Ակ»-ը նույնպես 2008ին արժանացել էր Տիկնիկային թատրոնների փառատոնի դիպլոմին՝ Դրամատիկ գործի լավագույն մեկնաբանության համար։

Վերջում, ինչպես նշեց պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, թատրոնի ներկա ճամփորդությունը ֆինանսավորել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ ապագայում իրենց դեռեւս սպասվում են նոր հյուրախաղեր Ռուսաստանի Օմսկում, Կանադայում, Ֆրանսիայում, Չեռնոգորիայում եւ այլ երկրներում։

Հայկական թատերախմբի հաղթանակի կապակցությամբ  Հայաստանի դեսպանությունը եւ հայ համայնքի ,,Ապրիլ 24,, կոմիտեն դեսպանությունում կազմակերպել էին ընդունելություն՝ նվիրված հայ դերասաններին։ Նրանց ողջունեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, «Ապրիլ 24» կոմիտեի անդամները։

Իրապես,  կեցցեն մեր տիկնիկային թատրոնի նվիրյալները։ Ներկայացումից հետո չեխ դերասաններն ու փառատոնի կազմակերպիչներն ուղղակի հիացած էին նրանց բեմադրությամբ։ Պատահական չէ, որ ե՜ւ հանդիսատեսը, ե՜ւ ժյուրին քվեարկել էին նրանց օգտին։

Հ.Ա. , ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի