Արևմտահայերենի պահպանումը Հայաստանում հաստատված սիրիահայի աչքերով. տեսանյութ

%d5%ac%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1

Սիրիայի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենահին ու ավանդական համայնքներից մեկն է, որտեղ հայերը բնակվել են վաղնջական ժամանակներից: Սիրիահայ համայնքը մեծապես համալրվեց 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով, որոնք չնայած սկզբնական ժամանակների դժվարություններին՝ կարողացան հարմարվել նոր երկրին, ժամանակի ընթացքում սկսեցին ինքնակազմակերպվել որպես համայնք, որը ձգտում էր ամեն կերպ պահպանել ազգային ինքնությունը:

2012 թվականի Սիրիական պատերազմը շատ բան փոխեց համայնքի կյանքում: Հայերը աստիճանաբար սկսեցին գաղթել տարբեր երկրներ: Նրանցից շատերը նախընտրեցին ապաստան գտնել Մայր հայրենիքում: Հայաստանում, չնայած հարազատ միջավայրին, սիրիահայերը ունեցան ինտեգրման խնդիր և որոշ դժվարություններ:

Շատերի համար ամենատեսանելին արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունն է, ինչն էլ պատճառ է դարձել 4 տարի առաջ Հայաստանում հաստատված Լյուսի Վանա Կարապետյանի համար խնդրին նայել սեփական աչքերով՝ փոքրիկ տեսանյութի միջոցով: «Ես Սիրիայի հայկական համայնքի անդամ եմ, ով այսօր ապրում է Հայաստանում, և նույնպես անցել է այն դժվարությունների միջով, որին բախվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը: Քանի որ ապագա լրագրող եմ, «Կռունկ» խորագրը կրող տեսանյութի միջոցով փորձել եմ այս խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լյուսի Վանա Կարապետյանը: Վերջինս նշեց, որ տեսանյութը անվանել է «Կռունկ», որովհետև կռունկը դարձել է  հայրենասիրության և հայրենիքի կարոտի խորհրդանիշ։

«Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրե´լ, պաշտե´լ, գգվե´լ հարազատ մոր հարազատ լեզուն: Միայն այսպիսի սերը կբացի մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրբությունը և քաղցրությունը»,-ասաց Լյուսի Վանա Կարապետյանն ու հավելեց. «Կցանկանայի Հայաստանում, հայաստանյան եթերում լսել արևմտահայերեն խոսք»:

Լուսանկարը՝ Սահակ Մուրադյանի