Բարի մտահղացումները՝ բարի ավարտով. հայկական մանկական երգերի մրցույթ Նիդերլանդներում

%d5%a5%d6%80%d5%a32

«Հայերն այսօր»– Ի սկզբանե ներքին համոզմունք ունեի, որ օտարության մեջ հայապահպանության  բոլոր ճանապարհներն ու մեթոդները պետք է գործի դնել և անել այն, ինչն օգնում է այդ նպատակին հասնելու համար: Արդեն մեկ տարի առաջացած մտահղացումն անդադար հիշեցնում ու հուշում էր, որ ժամանակն է այն գործի վերածելու ու անցա գործի: Մեր՝ Միացյալ հայերը Հոլանդիայում (ՄՀՀ) միության անդամների հետ հարցը քննարկելուց հետո, հայտարարություն տարածեցինք ֆեյսբուք սոցիալական ցանցում այն մասին, որ Հոլանդիայում ( գուցե նաև Եվրոպայում) առաջին անգամ անցկացվում է Հայկական մանկական երգերի մրցույթ, որին կարող էին մասնակցել 4-14 տարեկան երեխաները: Նպատակը պարզ էր. հայ մանուկների մեջ խթանել սերը հայկական մանկական երգերի նկատմամբ, ճանաչել հայ կոմպոզիտորներին, երաժիշտներին, մանկագիրներին:

Կարճ ժամանակ անց արդեն ունեցանք առաջին գրանցվածները: Ցավոք, այդ ցանկը մեծ չէր, ընդամենը 9 մասնակից, բայց մրցույթին լսելու էինք 18 հայկական մանկական երգեր: Դա արդեն բավական էր ոգևորվելու և գործի անցնելու համար: Մասնակիցները պետք է երգեին 2 հայերեն և 1 օտարալեզու երգ: Դա մի ամբողջ համերգ էր լինելու, մի ամբողջ օր միասին պետք է անցկացնեին 9 երեխաներ՝ իրենց ընտանիքի անդամների, իրենց սատարող թիմի, ներկայացուցիչների հետ… Ես արդեն տեսնում էի այդ օրն ու հրճվանք ապրում:

Մինչ մեր միության անդամները զբաղված էին իրենց վրա վերցրած կազմակերպչական տարբեր աշխատանքների նախապատրաստությամբ, ես կազմեցի ժյուրիի կազմը՝ 4-ը Հոլանդիայից, մեկը՝ Հայաստանից: Վերջինս Երևանի «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոն հասարակական կազմակերպության գեղարվեստական ղեկավար ,մանկավարժ Զառա Սարիբեկյանն էր (նա մրցույթին հետևում էր տեսակապի (skyp) միջոցով):

Վերջապես մոտեցավ մայիսի 14-ը, և բոլորս վայելեցինք մեր ջանքերի արդյունքը: Երեխաները, որոնք եկել էին Հաագայից, Արնհեմից, Ալմելոյից, շատ արագ ընկերացան միմյանց ու Նայմեխենի մասնակիցների հետ: Մինչ նրանց ուղեկցող մեծահասակները փորձում էին ծանոթանալ միմյանց ու նոր միջավայրի հետ, երեխաները խմբված՝ տաք-տաք զրուցում էին: Աննկարագրելի էր այն փաստը, որը մրցույթի ընթացքում նկատեցի. ինչպես էին մասնակիցներն ուղեկցում ու ընդունում  յուրաքանչյուր ելույթ ունեցողի՝ մեկ-մեկ, միմյանց ձեռքի ափն ափին խփելով՝ խրախուսում ու հաջողություն մաղթում: Այդ տեսարանն օրվա ամենակարևորը դարձավ ինձ համար, քան բուն մրցույթը:

Բոլորս սիրեցինք միմյանց, ինը երեխաների 21 երգ լսեցինք ու վայելեցինք օրը: Իսկ թե ինչպես էր անցել երեք ժամը, ոչ ոք չէր նկատել: Բոլոր երեխաները ստացան գեղեցիկ հուշամեդալներ՝ մասնակցության համար, որից հետո նաև՝ մրցանակներ. գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ: Րոպեներ հետո լսվում էին առաջարկություններ մրցույթը շարունակական դարձնելու ու նաև այլ ձևաչափերով անցկացնելու մասին: Ես համոզվեցի, որ մենք հասել ենք մեր նպատակին ու մրցույթը կայացած էր: Ի դեպ, այն ամբողջ 3 ժամ, ուղիղ կապով հեռարձակվում էր «Նիդերլանդական օրագիր» թերթի խմբագիր Աշոտ Կնյազյանի կողմից: Շնորհակալությու’ն, պարոն Կնյազյան:

Իսկ կից ներկայացվող լուսանկարները գալիս են ապացուցելու այդ հագեցած, գեղեցիկ ու երաժշտական օրվա մեծ հաջողության փաստը:

Սվետա Աբրահամյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d6%80%d5%a31%d5%a5%d6%80%d5%a33%d5%a5%d6%80%d5%a34%d5%a5%d6%80%d5%a35 %d5%a5%d6%80%d5%a36 %d5%a5%d6%80%d5%a37 %d5%a5%d6%80%d5%a38 %d5%a5%d6%80%d5%a39 %d5%a5%d6%80%d5%a310