ԱՄՆ Ազգային հետախուզությունը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում լարվածության պահպանման մասին

april-1

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոթսը մայիսի 11-ին հրապարակել է ԱՄՆ Հետախուզության (Intelligence Community) 2017 թվականի զեկույցը, որում կա հատված՝ 2016 թվականի ապրիլին Արցախում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asbarez-ը:

Հայտարարության Հայաստանի ու Ադրբեջանի մասին հատվածում մասնավորապես նշվում է, որ կողմերի միջև հարաբերություններում լարվածությունն ավելացել է 2016 թվականի ապրիլին: «Փոխզիջման գնալու կամքի բացակայությունը և ներքին ճնշման աճը խոսում են այն մասին, որ բռնության լայնածավալ աճի ներուժը 2017 թվականին պահպանվելու է»,- ասվում է հետախուզական ծառայության զեկույցում:

Առանձին հատված անդրադառնում է նաև Ադրբեջանին. «Ադրբեջանում առկա տնտեսական բարդությունները կարող են մարտահրավեր նետել ռեժիմին և ավելացնել այլախոհների նկատմամբ բռնաճնշումները՝ միտված իշխանության պահպանմանը, մինչ երկիրը փորձում է հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի միջև»: