Շվեյցարացիները մեծ շուքով ներկայացրել են հայկական մշակույթը.լուսանկարներ

3

Մայիսի 1-ին Շվեյցարիայի Բազելի հարևանությամբ գտնվող Աեշ գյուղաքաղաքի ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայների անվան դպրոցում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը: 12-րդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է շվեյցարացիներին ծանոթացել այլազգիների մշակույթին, խոհանոցին ու ավանդույթներին: Այս անգամ ընտրվել էր Հայաստանը, որի մշակույթը ներկայացնելու էին հրավիրվել Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը և «Շողեր» երգչախումբը:

«Շատ ջերմ, հայերին բնորոշ անկեղծ հյուրընկալության արժանացանք. ամենուր հայկական շունչն էր թևածում, կարծես՝ փոքրիկ Հայաստանում գտնվեինք, իսկ մեր ազգային խորհրդանիշերը՝ Եռագույն, նուռ և այլն, զարդարում էին դպրոցը, որոնցից աննկարագրելի զգացողություններով էինք համակվում»,Հայերն այսօր»-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Անուշ» պարախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ բերկրանքի ու հպարտության պահերը կրկնապատկվել են՝ տեսնելով, թե ինչպես են դպրոցի աշակերտներն իրենց ծնողների հետ հայկական պարեր պարում և կերակուրներ պատրաստում: Ի դեպ, նրանք ամեն ջանք գործադրել են, որ զգեստները հայկական տարազի մոտիվներով լինեն:

«Անուշ»-ը  ներկայացրել է Սայաթ-Նովայի «Նազանի», «Անուշ», «Մենք ենք, մեր սարերը», «Վեր-վերի», Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված պարային համարներ և այլն: Ավարտին բեմ են բարձրացրել Անմոռուկը՝ բացատրելով խորհուրդն ու նշանակությունը:

«Շողեր» երգչախումբը ժողովրդական, հոգևոր, դասական երգերով է հանդես եկել՝ ելույթն ամփոփելով «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ:

«Միջոցառման վերջում դպրոցի կառավարիչներից Վեռենա Հեսփելթի առաջարկով՝ ներկայացրի հայ ազգի պատմությունը, նաև խոսեցի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման և դրա շուրջ մեր պարախմբի կատարած աշխատանքների մասին՝ ցուցադրելով շարժման հայերեն և անգլերեն պաստառները»,-զրույցն ամփոփեց Անուշ Չախալյանը:

Գևորգ Չիչյան

 74

18 9a

116