Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում Հրանուշ Հակոբյանը ծանոթացել է հայկական բացառիկ գորգերի հավաքածուին

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%801

Մայիսի 7-ին աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պատկանող գորգերի բացառիկ հավաքածուն: Նախարար Հրանուշ Հակոբյանը ծանոթացել է հայազգի նշանավոր ընտանիքի հավաքածուին, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական բացառիկ գորգերը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանատնից, նույն օրը նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Մարշալ Յուզեֆ Պիլսուցկու հրապարակ, որտեղ Վարշավայի կայազորի կենտրոնական գրասենյակի պատին փակցված է հուշատախտակ` նվիրված Լեհաստանի Անհայտ Զինվորի մոր խորհրդանիշ դարձած հայազգի Յադվիգա Զառուգևիչովային:

Դեսպան Էդգար Ղազարյանի հետ նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Վարշավայի Զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Յադվիգա Զառուգևիչովայի հիշատակին` ծաղիկներ դնելով հայազգի նշանավոր և խորհրդանշական գործչի հայկական տուֆակերտ խաչքարով գերեզմանին:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80