«Գյուրջիև» համույթը վերադարձել է եվրոպական շրջագայություններից

1

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Գյուրջիև» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը, համույթը մեծ հաջողություններով Հայաստան է վերադարձել իր կարևոր համերգային շրջագայություններից` ելույթ ունենալով եվրոպական երեք երկրներում`Ավստրիայում, Հունաստանում և Դանիայում: Համույթը ելույթ է ունեցել ավստրիական Կրեմս քաղաքի «Իմագո Դեյ» փառատոնում, Զալզբուրգ քաղաքի «Օդեյոն» սրահում, Հունաստանի ամենահայտի «Պառնաս» համերգասրահում, և Սմիրնիի քաղաքապետարանի սրահում: Դանիայում համերգը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Տրինիդատիս եկեղեցում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը՝ Դանիայում ՀՀ դեսպանատան ու «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցության շնորհիվ: Համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի ու Ցեղասպանության ականատես դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի հիշատակին: Յակոբսոնը այդ եկեղեցում խոստացել էր նվիրվել հայ ժողովրդին  և այդ իսկպատակով էլ Լիբանանում հիմնել էր «Թռչնոց բույն» մանկատունը՝ փրկելով հարյուրավոր հայ որբուկների: «Գյուրջիև» համույթի համերգները շատ մեծ արձագանք են գտել այդ երկրների առաջատար  լրատվամիջոցների կողմից:

Հատկանշական է, որ Հունաստանի պետական ռադիոն 2 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակել է համույթի կենդանի կատարումները: Համույթի գեղարվեստակամ ղեկավար Լևոն Էսկենյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Կոմիտասի և Գյուրջիևի մասին:

Դանիայի ամենահայտնի DR ռադիոն ծավալուն անդրադարձել է Գուրջիև համույթի համերգին, հայկական երաժշտությանը, Հայոց ցեղասպանությանն ու Մարիա Յակոբսոնին: Իսկ Վիեննայի ORF ռադիոկայանը Լևոն Էսկենյանի մասնակցությամբ Կոմիստասին և Գյուրջիևին  նվիրված 2 հաղորդում է պատրաստել, որոնք կհեռարձակվեն մայիս ամսին: Համերգները, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ներկա են եղել տասնյակ քաղաքական գործիչներ, դեսպաններ:

Վերջին 5 տարիների ընթացքում «Գյուրջիեւ» համույթը հանդես է եկել 19 երկրներում, այս համերգային շրջագայությունների շնորհիվ համույթը եվրոպացի երաժշտասերներին ևս մեկ անգամ մոտեցրեց հայկական երաժշտությանն ու բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին:

Գյուրջիև  համույթի համերգային շրջագայություններն իրականացվել  են ՀՀ մշակույթի նախարարությանաջակցությամբ:

Գործում է «Գյուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը:

2 3