Սիրիահայ ընկերները Երևանում կոշիկի խանութ են բացելու

%d5%af%d5%b8%d5%b7%d5%af%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae

«Հայերն այսօր»ը ներկայացնում է սիրիահայ Պետրոս Գևորգյանի մասին անդրադարձը, ով մայիսի 5-ին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքին:

Պետրոսն ընկերոջ՝ Վարդան Գևորգյանի հետ մեկուկես տարի առաջ է ստեղծել «K.K shoes» ընկերությունը, և հիմա կոշիկի արտադրությամբ են զբաղվում՝ հաճախորդներին առաջարկելով բնական կաշվից կարված կանանց և տղամարդկանց համար նախատեսված կոշիկներ: Սիրիայում նույնպես այս աշխատանքն են կատարել: Պետրոսի վստահեցմամբ՝ ինչպես Սիրիայում են միայն բարձր որակի կոշիկներ կարել, այնպես էլ՝ Հայաստանում են շարունակում նույն սկզբունքով առաջնորդվել: Մեր զրուցակիցը նկատել է, որ Հայաստանում այս ոլորտում մրցակցությունը շատ է, ուստի իրենք մրցակցության մեջ որակյալ արտադրանքով են փորձում առաջինը լինել:

«Չենք դժգոհում, վստահ ենք՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ է լինելու, առաջիկայում նպատակ ունենք Երևանում կոշիկի մասնագիտացված խանութ բացել: Հաճախորդներն էլ աստիճանաբար սկսում են մեզ ճանաչել, ինչին մեծապես նպաստել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող այս ցուցահանդես-վաճառքներին պարբերաբար մասնակցելը»,-իր խոսքը եզրափակեց Պետրոս Գևորգյանը:

Գևորգ Չիչյան