Հայրենադարձ գինեգործի երազանքն իրականություն դարձրին թոռները

maxresdefault

Մայիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքին մասնակցում էր ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի «Ոսկենի» գինեգործական ընկերությունը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում գործարանի գինեգործ Արեգ Խոջոյանը նշեց, որ  «Ոսկենի» գինեգործական ընկերության ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի: Իրենց արտադրած գինիների շշի վրա գործարանի տնօրեն Սուսաննա Դավոյանի մեծ պապիկի՝ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարն է, ով տարիներ առաջ ցանկություն է ունեցել Հայաստանում խաղողի այգիներ ունենալ, զարգացնել հայկական գինեգործությունը, հայկական գինին հայտնի դարձնել ամբողջ աշխարհով։ Վերջինս 1920-ական թվականներին, 20 տարի Բոստոնում ապրելուց հետո, վաճառել է ունեցվածքը և վերադարձել Հայաստան: Արմավիրի շրջանում հիմնել է խաղողի այգիներ, բայց չի հասցրել գինի պատրաստել: 1936 թվականին նրան աքսորել են և ամեն ինչ ձեռքից վերցրել:

2008 թվականին Սմբատ Մաթևոսյանի թոռներն ու ծոռներն իմանալով այգիներ ունենալու մասին՝ ՌԴ-ից եկել են Հայաստան, վերագնել են այգիներն ու ընկերություն հիմնել՝ այդպիսով կատարելով իրենց պապիկի երազանքը:

Գինեգործը ասաց նաև, որ սպիտակ գինին պատրաստվում է խաղողի երկու՝ Ոսկեհատ, Գառան Դմակ, իսկ կարմիր գինին՝ Արենի և Խնդողնի տեսակներից: Գինիները արտահանում են ՌԴ, Եվրոպա, այժմ բանակցություներ են վարում ԱՄՆ-ի շուկա դուրս գալու համար:

Գևորգ Չիչյան

7 77