Նիդերլանդներում կանցկացվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության

66062

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հրավերով Նիդերլանդներում են գտնվում սիրիահայության հոգևոր առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը և համայնքի ղեկավարներից ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը։

ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում, որպեսզի օրենսդրի ներկայացուցիչներն անմիջական կապի միջոցով ծանոթանան սիրիահայության խնդիրներին։

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների, ինչպես նաև Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետի ուղեկցությամբ Սիրիայից ժամանած հյուրերին ընդունեցին Նիդերլանդներում այս պահին կոալիցիոն կառավարություն ձևավորող կուսակցությունների ներկայացուցիչները։ Պաշտոնական ընդունելության նիստը վարում էր պարոն Հան Թեն Բրուկը ազատական VVD կուսակցությունից, Փիթր Օմտզիխտը և Ռայմոնդ Կնոպսը ներկա էին Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից, իսկ Կանաչների կուսակցությունը ներկայացնում էր Բրամ վան Օյիկը։

«Հանդիպումն անցավ չափազանց ջերմ մթնոլորտում։ Շահան սրբազանը և պարոն Յուզբաշյանը հանգամանալից տեղեկություններ տվեցին և տեսաժապավեն ցուցադրեցին պատերազմի ժամանակ սիրիահայության կորուստների մասին։ Մոտավորապես մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին հարցեր, որոնց հյուրերն ամբողջական պատասխաններ տվեցին։ Պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբին՝ այս այցելությունը կազմակերպելու համար։ Նրանք շատ կարևորեցին այս անմիջական կապը, որի շնորհիվ իրենք ամբողջական տեղեկություններ ստացան»,-ասաց Մասիս Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հաղորդակցության վերաբերյալ, որպեսզի ջանքեր գործադրվեն, որ սիրիահայությանը հնարավոր բոլոր միջոցներով օգնություն ցուցաբերվի։ Պատգամավորները խոստացան նաև հաջորդ օրերին առանձին հանդիպումների ժամանակ էլ ավելի ծանոթանալ հանգամանքներին։

Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ սիրիահայության ներկայացուցիչների օրակարգը խիստ հագեցած է։ Երեկ խորհրդարանից հետո նրանք հանդիպեցին Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նրանք հանդիպելու են Նիդերլանդներում գործող քրիստոնյա տարբեր եկեղեցիների պատվիրակների հետ։ Մայիսի 6-ին այցելելու են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության բանակումին, որն անցկացվելու է Ռոտերդամի մատույցներում։ Հանդիպումներ են կազմակերպված Մաաստրիխտ և Առնհեմ քաղաքների հայկական համայնքների հետ, և այցելության վերջին հանգրվանը կլինի Ալմելո քաղաքում՝ մայիսի 7-ին, որտեղ կմատուցվի սուրբ պատարագ և կկատարվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության։