ԱՄՆ Սոլվանգ քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի

66022

«Մարիա Յակոբսենի ընկերները» հանձնաժողովը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սոլվանգ քաղաքում մայիսի 17-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն կիրականացնեն:

Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Massis Post-ը:

Արարողությանը կնախորդի եկեղեցական պատարագը, ինչից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ կտեղադրեն Հայոց ցեղասպանության 1,5 մլն նահատակների, ինչպես նաև դանիացի հումանիստ, միսիոներ Մարիա Յակոբսենի հիշատակին, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին:

«Մենք ոգեկոչում ենք Մարիա Յակոբսենի հիշատակը Մայրերի օրը: Նա իր նախկին որբ երեխաների շրջանում հայտնի է որպես սիրված «մամա»,- նշել է հանձնաժողովի նախագահ Գարբիս Տեր-Եղիայանը:

Մարիա Յակոբսենի կիսանդրիի մոտ կայանալիք արարողության ավարտին կհայտարարվեն Յակոբսենի մասին հայտարարված ուսանողական էսսեների մրցույթի արդյունքները: