Աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին

1-thumb

Մայիսի 2-ին Լիբանանում պաշտոնապես մեկնարկել է «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Լիբանան» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» խորագրով ծրագիրը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ծրագիրը նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ և «Հայկական Կարիտասի» նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Լիբանանի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, «Կարիտաս Լիբանանի» նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատվիրակության  փոխդեսպան Ջուլիա Կոխը։

Իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը գնահատանքով է խոսել «Կարիտաս» կառույցների երկարատև մարդասիրական գործունեության մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրավմամբ և ԵՄ հովանավորությամբ նման ծրագրի իրականացումը։

«Ցավոք սրտի, Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակվող պատերազմների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցվածքը և հայտնվել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմասն չեն մնացել այդ ողբերգական իրադարձություններից։ Ներկայումս նրանք առնչվում են տարբեր խնդիրների ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգված աջակցության՝ իրենց վերագտնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար» – իր ելույթում նշել է դեսպան Մկրտչյանը։

Դեսպանը նաև խորհրդանշական է համարել Հայաստան–Լիբանան–Ավստրիա եռակողմ համագործակցության ձևաչափը՝ անդրադարձ կատարելով երեք ժողովուրդների բազմադարյա առնչություններին։

Մյուս մասնակիցները ևս մեծ գոհունակությամբ են խոսել ծրագրի մասին՝ հաջողություն մաղթելով դրա կազմակերպիչներին։