«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում դաս-միջոցառում՝նվիրված Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին

11

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, մայիսի 4-ին,Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում տեղ գտած հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր:

10-ից 11-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին մեծ հայի կյանքն ու գործունեությունը, ապա անդրադառձան նրա կատարած ազգօգուտ մեծածավալ աշխատանքներին, մարդկային բարձր հատկանիշներին: Աշակերտները հնչեցրեցին նաև Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի մասին նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները:

Միջոցառման ավարտին Էլեոնորա Թումանյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հատկանշելով այն փաստը, որ մատաղ սերունդն այսկերպ հնարավորություն է ունենում ծանոթանալու ինչպես հայ անվանի դեմքերին, այնպես էլ ՝ կրթվելու իբրև բանիմաց հայորդիներ:

Սիրվարդ Համբարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ ասելով, որ «Մեր մեծերը» Հայաստան-Սփյուռք գործակցությանն ուղղված նախարարության կարևոր նախաձեռնություններից մեկն է: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետը հավելեց նաև, որ այս ծրագիրը մեր երիտասարդությանը հայրենասիրական զգացումով է տոգորում:

Հիրավի, Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի Կրեմլինա Իսրայելյանի կազմակերպած միջոցառումը վերածվեց հայրենասիրական յուրօրինակ դասի:

1341

15161742