Չինաստանի հայկական համայնքը Չինական հանրահայտ սոցիալական ցանցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

%d5%b4%d5%bd

2017թ․ ապրիլի 24-ին Չինաստանի հայկական համայնքը (ՉինաՀայ) յուրահատուկ տեղեկատվական արշավ սկսեց չինական հանրահայտ Վիչեթ սոցիալական ցանցում (անգլերեն՝ WeChat, չինարեն՝ 微信): Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է chinahay.com կայք-էջից, ՉինաՀայի անդամներն իրենց էջերում տեղադրեցին Համայնքի Գործադիր մարմնի կողմից պատրաստված չինարեն գրությունը, ըստ որի Օսմանյան կայսրության ղեկավարությունը ցեղասպանության իրականացնելով՝ ոչնչացրեց մեկ ու կես միլիոն հայերի։ Միջազգային հանրությունը ձախողեց Հայոց ցեաղսպանությունը կասեցնելու թուրքական ծրագիրը, ինչը հետագայում պատճառ դարձավ, որ ճապոնացիներն իրենց անպատիժ զգան ու Նանջինգում կոտորեն չինացիներին, իսկ Ադոլֆ Հիտլերը՝ հայտարարելով. «Ով է հիշում Հայոց ցեղասպանությունը», կոտորեց հրեաներին։

Գրության ավարտում կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել բոլոր տեսակի ցեղասպանություններն ու կոտորածները, պատժել մեղավորներին։

ՉինաՀայի անդամները տարածեցին նաև Համայնքի ջանքերով չինարեն թարգմանված «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը։ Կարևոր է նշել, որ ՉինաՀայի հետևողական աշխատանքի շնորհիվ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նյութերը տարածվում են նաև բազմաթիվ չինացիների կողմից։ Ինչպես նշեց Չինաստանի Հայկական համայնքի Նախագահ Մհեր Սահակյանը․ «Մենք կարևորում ենք և առաջնային ենք համարում Հայոց ցեղասպանությունը առաջին հերթին ներկայացնել օտարներին»: