Շնորհակալ եմ, իմ անծանոթ հարազատ. Հայ զինվորին գրում են Նինոծմինդայի հանրային դպրոցի աշակերտները

%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%bf%d5%a16

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտների նամակները՝ ուղղված Հայոց բանակի զինվորներին: 

***

Նամակ Հայոց բանակի զինվորին

Ողջո´ւյն, իմ անծանոթ եղբայր,

Մենք իրար չգիտենք, բայց ես շատ բան գիտեմ քո մասին: Գիտեմ, որ անդուլ հսկում ես հայրենիքի սահմանները և պատրաստ ես կրծքով պաշտպանել նրա ամեն մի թիզ հողը: Գիտեմ, որ քաջ ես, գիտակցում ես, որ պաշտպանն ես Հայաստանի խաղաղ երկնքի, քո ընտանիքի, բոլոր օջախների անդորրը: Տեղյակ եմ, որ տիրապետում ես ժամանակակից զենքին, մարտունակ ես և գրագետ, խիզախ ու նվիրված ու չես երկնչի թշնամու դեմ: Դու դա բազմիցս ես ապացուցել և ապացուցեցիր վերջին անգամ ևս, երբ ոսոխը, խախտելով իր իսկ խնդրած հրադադարը՝ հարձակվեց մեզ վրա…

Հարձակվեց՝ կրկին տիրելու մեր պատմական Արցախ աշխարհին, ոչնչացնելու նրա հերոսական, աշխատասեր ժողովրդին: Ի~նչ կլիներ, եթե դու երերայիր մի պահ, երկնչեիր նրա առաջ, թողնեիր դիրքերդ…

Երևի քանդված Թալիշը կբազմապատկվեր, որ ավերակների վերածվեց ուխտադրուժ հարձակումով՝ անսպասելի և դաժանաբար:

Սիրելի զինվոր, կուրծքդ՝ նավթադոլարներով ձեռք բերված հզոր զենքին, չխնայելով ամենաթանկը՝ սեփական կյանքդ, դու արժանի հակահարված տվիր Թալեաթի ու Էնվերի թոռներին, ապացուցեցիր քո գերակայությունը՝ շարժելով ողջ աշխարհի հիացմունքն ու զարմանքը…

Հեշտ չէ նռնակով տանկ ոչնչացնելը և ինքնամոռաց հայրենասիրությամբ մարտի նետվելը, իմանալով, որ վտանգի տակ է սեփական կյանքդ: Ախր դու ինձանից մեծ ես ընդամենը մի քանի տարով: Դեռ նոր ես ճաշակելու կյանքի հաճույքները, ուսում ստանալու, մասնագիտության տիրապետելու, երջանկացնելու քո ծնողներին, սիրած աղջկան…

Իմ հարազատ,

Ինչքան եմ ցավում ընկերներիդ կորստյան համար: Ինչքան աղոթում՝ նրանց հոգու հանգստության, մայրերին ու քույրերին մխիթարություն ցանկանում, ամուր կամք՝ հայրիկներին, որոնք պատրաստ են շարունակելու իրենց հերոս որդիների սկսած հայրենանվեր գործը:

Բայց դու կանգուն ես: Կանգուն ես՝ Վարդան Մամիկոնյանի սրբացած հերոսների պես, Եռաբլուրում անթեղված Արցախյան հերոսամարտի նահատակների նման, բոլոր այն հայերի, որոնք իրենց կյանքի և ո’չ մի օրը առանց ազատ և անկախ Հայաստանի և Արցախի չեն պատկերացնում:

Ես ևս: Թեև ապրում եմ Վրաստանում, սակայն պատրաստ եմ չափահաս դառնալուն պես գալ և զինվորագրվել  Հայոց բանակին, դառնալ նրա անբաժանելի մասնիկը, հարկ եղած դեպքում՝ կյանքով և արյամբ արժանի զավակ լինել իմ ժողովրդին, կռվել՝ անսասան ու անառիկ պահելու մեր Հողն ու Հայրենիքը, մեր մայրերին ու մանուկներին, բոլոր-բոլոր հայերին, որտեղ էլ որ նրանք ապրեն:

Բարին ընդ քեզ, խաղաղություն մեր հողին, շուտափույթ հանդիպում հերոսական Հայոց բանակի շարքերում…

Եղբայրդ՝ Արման:

Արման Նռանյան

Նինոծմինդայի թիվ 3 հանրային

Դպրոցի  VIII դասարանի աշակերտ,

Նինոծմինդա, Խոջաբեկ թաղամաս

*** 

Հայ հերոս զինվորին

Դու մեր պարծանք, ազգի զինվոր,

Պաշտպան հողի հայրենական,

Մոր կաթի պես սուրբ, անարատ,

Դու պահեցիր հողը հայկյան:

Կրծքով ելար ոսոխի դեմ,

Պատնեշ դարձար մի անխորտակ,

Քո տաք սրտով պատանեկան

Անտեսեցիր վախ ու սարսափ:

Սուրբ Վարդանի ոգով օծված,

Հայի որդի’, կռվի ելար,

Ափսոս, հեղվեց արյունը տաք՝

Ընկերներիդ՝ քաջ հարյուրյակ:

Անեղծ պահած մեր հողն Արցախ,

Հիմա տունդ ես վերաշինում,

Որպես հերոս՝ Ազգի պարծանք,

Մեր սրտերն ես փառավորում:

Վիոլետա  Ղարագուլյան

Նինոծմինդայի  թիվ 1 հանրային

դպրոցի  XII դասարան,

գյուղ Մեծ  Խանչալի

***

Նամակ Հայ  Զինվորին 

Ողջույն, հայոց բանակի զինվո’ր:

Հիմա ինձ համար մեծ պատիվ է, որ ես կարող եմ իմ սրտի խոսքերն ուղղել քեզ և իմ  խորին շնորհակալությունը հայտնել:

Թեև ուշացած, բայց նախ ուզում եմ շնորհավորել քո Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող այս տարին լինի միայն առողջության և խաղաղության տարի:

Մենք հպարտ ենք, որ քո նման խելացի, անվախ, քաջ, առյուծասիրտ զինվոր ունենք, ով պատրաստ է իր կյանքը նվիրել հայրենիքին և պաշտպանել մի ամբողջ ազգ:

Դու թողնելով քո ընտանիքը, սիրելիներին , օր ու գիշեր կանգնած սահմանին՝ քո հայրենի հողն ես պաշտպանում: Ես շատ հպարտ եմ, որ քո նման եղբայր ունեմ, քեռի, հորեղբայր և հայրենակից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ծնողներին, ովքեր հայեցի են դաստիարակել քեզ և միայն հայրենասիրական ոգի են ներշնչել:

Ուզում եմ, որ դու քեզ լավ նայես, միշտ տոկուն լինես և երբեք չերկնչես թշնամու դիմաց: Միշտ պայքարես և հասնես ավելիին, թող ժպիտը քո դեմքից անպակաս լինի: Միշտ ժպտա և իմացի, որ քո ժպիտը շատ բան կարող է փոխել:

Երբ դու ուրախ ես, խաղաղ և առողջ – ուրախ ենք և մենք: Իմ ցանկությունն է, որ խաղաղությամբ ծառայես և անվնաս հասնես քո ընտանիքին:

Աստված քեզ պահապան լինի , սիրելի զինվոր, միշտ հպարտ եղիր, անվախ և առողջ:

Եվ իմացիր, որ քեզնով հպարտանում է մի ամբողջ ազգ:

Քո քույր  Լարիսա :

Լարիսա Նանայան

Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց,

Նինոծմինդա, Մաշտոցի, 6

***

Բարի’ լույս, զինվո’ր

Օրդ բարի  թող սկսվի, որովհետև դու ապահովել ես իմ խաղաղ գիշերը: Շնորհակալ եմ, իմ անծանոթ հարազատ…

Հիմա ես դպրոց եմ շտապում ու որոշել եմ, երբ մեծանամ, ինչ էլ որ դառնամ՝ միևնույն է. ազնիվ ու իմ գործին անսահման նվիրված մարդ կլինեմ, ինչպես դու:

Նամակս հատկապես քեզ է ուղղված՝ հայրենիքի սահմաններն հսկող քաջարի’ զինվոր: Ես ամեն օր լուրերով լսում եմ քո մասին ու հպարտանում քեզանով: Հասկանում եմ՝ դժվար է: Գիշեր է, ցուրտ, իսկ գործը՝ պատասխանատու: Փորձում եմ ինձ պատկերացնել քո փոխարեն: Կկարողանայի լինել այդպիսին՝ աչալուրջ, քաջ ու հերոսական, ինչպիսին դու էիր ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպիսին հիմա ես և շարունակում ես այսօր էլ պաշտպանել հայրենիքի սահմանները:

Դու անպարտ ես, հարազատ, անծանո’թ եղբայր, որովհետև ունես պարտք, գիտես, որ գնացել ես պաշտպանելու քո տունը, ընտանիքի պատիվն ու խաղաղությունը, քո հայրենիքի խաղաղ քունը:

Ես քո փոքրիկ քույրն եմ, ապրում եմ Վրաստանի  հայաշատ քաղաքներից մեկում ու սիրում, հավատում եմ քեզ, քո ուժին…

Կարինե Կարագուլյան

Նինոծմինդայի թիվ 1 հանրային

դպրոցի  VI դասարան

գյուղ  Մեծ Խանչալի

***

Նամակ անծանոթ հայ զինվորին

Բարի օր քեզ, հայոց բանակի իմ սիրելի զինվոր: Գիտես, ինչքան եմ մտածել, մինչև որոշել եմ քեզ նամակ գրել:

Ես ապրում եմ Վրաստանում, Նինոծմինդա քաղաքում: Սովորում եմ թիվ 2 հանրային դպրոցում:

Ամեն երեկո, երբ հայրիկիս հետ հեռուստացույց եմ նայում՝ առաջինը մտածում եմ, թե թշնամիները հո նորից դավադրաբար հայ զինվոր չեն վիրավորել:

Ես գիտեմ, որ դու շատ քաջ ես և անվախ, գիշեր ու զօր պաշտպանում ես մեր Հայաստանի սահմանները: Անցյալ տարի, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա, քո ընկերները հերոսաբար զոհվեցին, բայց թույլ չտվեցին ազերիներին խլել մեր հողը: Երբ մեր Սուրբ Սարգիս եկեղեցում դրամահավաք կազմակերպվեց, ես և հայրիկս գնացինք և ցուցակագրվեցինք: Մեր օգնությունը ուղարկվեց Գյումրի քաղաքի զոհված զինվորների ընտանիքներին:

Ես քեզ շատ-շատ եմ սիրում, ուզում էի ամանորին նվեր ուղարկել, բայց չգիտեի՝ ում հետ: Տատիկիս էլ խնդրել էի, որ տաք գուլպաներ գործի, որ ձմռանը չմրսես: Մենք ընկերներով որոշել ենք լավ սովորել, անպայման ծառայել Հայոց բանակում և հաղթել անարգ թշնամուն: Հայրիկս ասում է. «Սուրբ  է մեր հողը, այն պետք է հետ վերցնել ոսոխի ճանկերից և դրա համար չպիտի խնայել սեփական կյանքը… Ինչպես դու չես  խնայում, իմ ավագ եղբայր»:

Դու իմ փարոսն ես, ընկերներով միշտ խոսում ենք քո մասին: Քո քաջությունն է պաշտպանում հայոց հողը, նրա խաղաղ կյանքը: Իմացիր, որ քեզանով հպարտանում են ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի հայ մանուկները: Դու իսկական հերոս ես: Խաղաղ ծառայություն քեզ և բարի վերադարձ քո հայրիկի և մայրիկի մոտ:

Քո անծանոթ փոքրիկ եղբայր՝ Գարիկ

Գարիկ Մխիթարյան

Նինոծմինդայի թիվ 2 հանրային

 դպրոցի  III դասարանի աշակերտ,

Նինոծմինդա, Ազատություն , 19