Քուվեյթահայ բանաստեղծուհու «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

unnamed-3

Ապրիլի 29-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա քուվեյթահայ բանաստեղծուհի Սիլվա Պորտոյանի «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսը:

Սիլվա Պորտոյանը անվանի մանկաբույժ է: Բանաստեղծություններ նա սկսել է գրել 7 տարեկանից, սակայն բժշկական ուսումնարան ընդունվելուց հետո դադարել է պոեզիայով զբաղվել: Նա երբեք չէր կարծում, որ 60 տարեկանից հետո կվերսկսի ստեղծագործել: Պոեզիայի աշխարհ տիկին Պորտոյանը վերադարձավ իր հարսի` Լիլիթի հորդորով: 2007թ.-ից նա բանաստեղծությունների 18 գիրք հրատարակեց (որոնցից 16-ը` անգլերենով) եւ արժանացավ Քարնեգի Պոեզիայի մրցանակի «Երդմնակալության օր» ստեղծագործության համար: Նրա բանաստեղծություններից շատերը հայ ազգի Ցեղասպանության տառապանքի ոգեշնչումն են, դրանք տոգորված են Դիարբաքիրից (Տիգրանակերտ) իր տատիկի` Զարուհու պատմություններով. տատիկը կորցրել էր ամուսնուն, տունը և հարազատներին:

Տիկին Պորտոյանի մոտ Կոմիտասի մասին ստեղծագործելու ցանկություն առաջացավ, երբ իմացավ, որ բազմաթիվ քանդակագործներ եւ նկարիչներ կերտել են վարդապետի կերպարը: Նրա մեծ ցանկությունն էր հայ արվեստագետներին միջազգային հարթակում առավել ճանաչված դարձնել, քանի որ նրանցից շատերի մասին քչերը գիտեն Հայաստանից դուրս: Նա փորձեց բոլորին նվիրել մեկական բանաստեղծություն, սակայն իր համար բացահայտեց, որ Կոմիտասի կերպարին անդրադարձ կատարած արվեստագետների թիվը ավելի մեծ է, քան սկզբում պատկերացնում էր: Այդպիսով, տիկին Պորտոյանը հասկացավ, որ հնարավոր չէր այդ մի գրքում ընդգրկել բոլորին, ուստի անհրաժեշտություն կա ևս մեկ գիրք հրատարակել ապագայում:

«Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսին իրենց կատարումներով հանդես կգան նաեւ երգչուհի Լուսինե Ազարյանը և «Փարոս» կամերային երգչախումբը: