Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին

%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը: Ծրագրերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում:
Ի թիվս մի շարք ծրագրերի՝ Վեդի համայնքի ղեկավարը ներկայացրել է նաև քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման ծրագիրը և նշել, որ այն գնահատվում է 100 մլն դրամ: Արդեն իսկ մասնավորը կատարել է 25 մլն դրամի ներդրում, կառավարությունից ակնկալվում է 75 մլն դրամի վարկային միջոց: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել վարկային միջոցների ներգրավման հարցում:
Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է շարժական սպանդանոցի հիմնման ծրագիրը, որը գնահատվում է 130 մլն դրամ: Կարեն Կարապետյանը նկատել է, որ նման ծրագիր ներկայացրել է նաև մարզի Վեդի համայնքը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է գնահատել դրանց քանակն ըստ անհրաժեշտության: «Անհրաժեշտ է ծրագրերը գույքագրել: Մենք իրականում գնում ենք սպանդանոցների ինստիտուտի զարգացմանը, այդ իսկ պատճառով ստեղծելու ենք անհրաժեշտ միջավայր, որպեսզի շուկան ապահովենք: Բայց այժմ կարո՞ղ ենք ասել, որ դուք գիտեք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ Արարատի մարզին: Պետք է թողունակությունը, կենդանիների քանակը, շուկան հաշվի առնել»,- ասել է վարչապետը:

Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկ կատարել են և շարժական սպանդանոցն ընդունելու է պատվերներ մարզի բոլոր համայնքներից: Մարզպետի խոսքով, եթե բացի այս ծրագրից ներկայացվի սպանդանոցի հիմնման մեկ այլ ծրագիր, ապա կառաջարկեն ներդրումներն ուղղել այլ ոլորտ, քանի որ շարժական սպանդանոցի ծրագիրն ամբողջությամբ կլուծի խնդիրը: Նշվել է նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ մշակել է սպանդանոցների օպտիմալ տեղաբաշխվածության քարտեզը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է քննարկել նշված ծրագիրը և ներկայացնել առաջարկություն:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների ևս: Մարզպետի խոսքով, Ալավերդին արդյունաբերական քաղաք է և հիմնական աշխատատեղերում այսօր ներգրավված են հիմնականում տղամարդիկ: Ըստ Նալբանդյանի, դեռևս խորհրդային ժամանակներում քաղաքում երեք հերթափոխով գործել է կարի ֆաբրիկա, այսինքն աշխատուժի խնդիր այսօր չի լինի:

Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն առարկայական քննարկել թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: «Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը:
Լոռու մարզի Արջուտ համայնքում տոհմային տնտեսություն հիմնելու ծրագրով էլ առաջարկվել է ներմուծել 30 գլուխ կենդանի և դրանք հատկացնել տեղի բնակիչներին՝ համայնքում անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով: Ծրագիրը գնահատվել է 50 մլն դրամ, հետվերադարձելիության ժամկետը՝ 10 տարի:

Կարեն Կարապետյանը նշել է, որ գործադիրը նպատակահարմար չի համարում այս ծրագիրը և առաջարկել է մասնավորի ներգրավմամբ իրականացնել ֆերմերային տնտեսություն հիմնելու ծրագիր: «Մենք ֆինանսավորում ենք այն ծրագրերը, որտեղ մասնավորը համատեղ ներդրում է կատարում, բացի այդ, ներկայացված ծրագրի սխեմայի մեջ ռիսկայնությունն ու պատասխանատվությունը չի երևում: Այդ իսկ պատճառով, այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն: