Կորդոբայում կայանալու է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համերգարշավը

sss

Մայիսի 6-ին  Կորդոբա  քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայանալու է ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնած համերգարշավը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներով հանդես են գալու «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը, արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Արմեն Կուզիկյանը և Կորդոբայում գործող «Արարատ» հայկական պարախումբը:

Հավելենք, որ  համերգաշարի մեկնարկը տրվելու է մայիսի 4-ին՝ Բուենոս Այրեսում:

Նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, կկազմակերպվեն Արգենտինայի մի շարք քաղաքներում, նաև՝ Բրազիլիայում: Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն  ամփոփվելու են Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

Համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը: