«Արի տուն ծրագիրը տարիների ընթացքում կենսունակ դարձավ». Սերժ Սրապիոնյան

%d5%bd%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ներկայացնելով նախարարության 2017 թվականի ծրագրերի իրագործման գործընթացը՝ մասնավորապես անդրադարձավ «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին և ասաց, որ ապրիլ ամսին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից Հայաստան ժամանած 66 պատանիների և աղջիկների հետ իրականացրել են «Արի տուն»-2017-ը, իսկ ծրագրի հիմնական մեկնարկը տրվելու  է հունիսի 18-ին՝ 8 փուլով:

«Այս ծրագիրը շատ կենսունակ դարձավ և տարեցտարի մեծացրեց ոչ միայն աշխարհագրական սահմանները, այլև՝ մասնակիցների թվաքանակը: Սփյուռքահայ երիտասարդների այցելությունը Հայաստան, որը նախևառաջ ունի հայրենաճանաչողական բնույթ, իր դրական հետևանքներն է թողնում. ծրագրին մասնակցելուց հետո սփյուռքահայ երիտասարդները ցանկանում են Հայաստան վերադառնալ: Հարկ է  նշել, որ արիտունցիների ստվար զանգված արդեն հաստատվել է Հայաստանում »,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ «Արի տուն»-ն իր նպատակին իսկապես ծառայում է՝ խթանելով Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հավելենք, որ անցած տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ:

2017 թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

Ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների մշակումն ու կազմակերպումը, պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ծրագրի արդյունավետության բարձրացման համար: