Արգենտինահայ լրագրողը ճանաչողական այցով Արցախում է

65626

Արգենտինայի «Clarin» թերթի լրագրող, ազգությամբ հայ Կլաուս Հազարյանն այս օրերին ճանաչողական այցով Արցախում է:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կլաուս Հազարյանն ասել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և Արցախ:

«Ես հայերեն չեմ խոսում, բայց ես ամբողջովին հայ եմ: Արգենտինայում ապրող հայտնի հայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կազմակերպմամբ՝ իրականացվել է իմ և 84-ամյա մայրիկիս այցը հայրենիք: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ եմ խոնարհել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ,- ասել է Կ. Հազարյանը և նշել,- այցիս ամենակարևոր նպատակներից է տեսնել Հայաստանն ու Արցախը, հարցազրույցներ վերցնել տեղի հանրությունից»:

Արգենտինահայ լրագրողի խոսքով՝ իր նախաձեռնությամբ ստեղծել է soyarmenio.com.ar (Ես հայ եմ) կայքը, որտեղ իսպաներեն և անգլերեն անդրադառնում է միայն Արցախի, Հայաստանի և Հայոց ցեղասպանության հարցերին: Խոսելով Արգենտինայի հայ համայնքի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ այն միշտ ակտիվ ձևով փորձում է արգենտինացիներին ծանոթացնել արցախյան խնդրին: «Այս տարի պետական մակարդակով հայկական համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնց նպատակն է արգենտինացիներին ծանոթացնել արցախյան խնդրին»,- ավելացրել է Կ. Հազարյանը: