«Հայրենիքի հետ կապը մեզ զորավոր է դարձնում».Րաֆֆի Մենեշյան

img_2882

Ապրիլի 20-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահում  կայացած  ժողովրդական երգերի երիտասարդ կատարող Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսին  ներկա գտնվող ՀՀ սփյուռքի նախարարար Հրանուշ Հակոբյանը «Նուբար Պողոս»  մեդալով է պարգևատրել «Pomegranate music»-ի հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր Րաֆֆի Մենեշյանին, ում հովանավորությամբ, ինչպես նաև՝ երգիչ Վիգեն Հովսեփյանի ջանքերո՛վ է թողարկվել այդ ձայնասկավառակը: Այս երկու հայորդիները հայ երգի պահպանության  գործում իրենց բաժին ներդրումն ունեն. ոչ տարածված հայկական ժողովրդական երգերի ձայնագրման աշխատանքերը, սկսելով դեռևս 2015-ին, նրանք 2017-ին արվեստասեր հայ հասարակության դատին հանձնեցին տարիների իրենց տքնաջան աշխատանքը՝ ժողովրդական երգերի մի փունջ:  Այս մասին «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում առավել մանրամասն պատմեց  Րաֆֆի Մենեշյանը:

-Պարո՛ն Մենեշյան, շնորհավորում եմ Ձեզ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրվելու առիթով, մաղթում հաջողություններով ուղեկցվող այսօրինակ հայապահպան շարունակական գործունեություն.Դուք, կարելի է ասել,  հայկական ժողովրդական շատ երգեր՝ ինչ-որ իմաստով, փրկել եք մոռացության մշուշից…

-Այո՛, այդ երգերը մեծ տարածում չունեն, շատերը նույնիսկ կատարված չեն Հայաստանում, սակայն այնքա՜ն արժեքավոր և գեղեցիկ երգեր են:

-Ասացեք,  խնդրեմ, որտեղի՞ց եք հավաքել,  պեղել այդ երգերը:

-Վիգեն Հովսեփյանի այս ձայնասկավառակի համար մենք երկուսով բավականին աշխատեցինք. դրանում ընդգրկված են երգեր, որոնք, իսկապես, կարող էին մոռացվել,  անգամ՝ կորչել: Ես նկատել եմ, որ տարիներ շարունակ կատարվում են որոշակի թվով՝ մոտ 20-30  ժողովրդական նույն երգերը, սակայն  ջարդից փրկված մեր նախնիները, սփռվելով աշխարհի տարբեր երկրներում, իրենց հոգում, իրենց շուրթերին պահեցին ու պահպանեցին Երկրի, իրենց ծննդավայրի, իրենց հողուջրի երգերը: Մի սերունդ պահեց, փոխանցեց հաջորդ սերնդին, երրորդին, սակայն, ի վերջո, ահագնացող ձուլման հորձանոտում մի օր կարող  են մոռացվել այդ երգերը…Նոր սերունդներն  անգամ չգիտեն, որ դրանք հայկական երգեր են: Ես այնքա՜ն էի նեղվում, երբ սոցիալական կայքում տեսնում էի, որ դրանք ներկայացվում էին որպես թուրքական երգեր: Թուրքիայում երգում են մեր երգերը և ասում են, որ դրանք իրենց ազգայինն են, ուստի հարկավոր էր դրանք հավաքել, հնչեցնել, ասել, որ դրանք մե՛րն են, մեր հայկականը: Սա շարունակական աշխատանք է:

 -Քանի՞ երգ է ընդգրկված ձայնասկավառակում և ինչի՞ մասին են դրանք:

-12 երգ է ներառված. այդ երգերից միայն մեկը հայկական չէ, որը ստեղծել, գործիքավորել է Իսպանիայում ապրող Վիգենի ընկերներից մեկը: Ձայնասկավառակում ընդգրկված են հայկական հրաշալի երգեր, որոնցից մեկն ինձ ամենից շատ է հետաքրքրում, վերնագիրը «Թալ-Թալա»  կամ «Դալ-Դալա» է: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մշեցի մի հայ մարդ այս երգը փրկել է մոռացության մշուշից՝ այն իր հոգում, իր շուրթերին տանելով Հալեպ: Կարծեմ՝ 10 տարի առաջ մի ալեվի թուրք կատարեց այս երգը, սակայն ես ու Վիգենը մտածեցինք, որ այս երգը  պետք է անպայման հա՛յը երգի: Մենք որոշեցինք, որ մեր հավաքած երգերը պետք է աշխարհով մեկ հնչեն՝ գործիքավորված հայկական ազգային նվագարաններով, նաև՝ թավջութակով, դաշնամուրով:

-Րաֆֆի՛, ասացեք,  խնդրեմ, թե ու՞ր են հասել այս երգերը, որտե՞ղ է դրանք հնչեցրել երիտասարդ երգիչը:

-Նախ՝ ուզում եմ խոսել Վիգենի մասին. մինչև մեր համագործակցությունը նրա երգացանկում եղել են հայկական հրաշալի երգեր, որոնք իր գեղեցիկ, թավշյա, հնչեղ, քաղցր ու շա՜տ հայկական  ձայնով  կատարում է Վիգենը: Ձայնասկավառակում տեղ գտած երգերի կեսն ինքը գիտեր, մյուս մասը Վիգենը փնտրեց, պեղեց և պատրաստեց՝ հնչեցնելու, ձայնագրելու:

-Վիգենին որտեղի՞ց «պեղեցիք»,  ե՞րբ սկսվեց  ձեր համագործակցությունը:

-16 տարի է, ինչ ես տարբեր երգչախմբերի («Հովեր», «Բամբիռ» և այլ), երգերի ձայնագրման պրոդյուսերական աշխատանքով եմ զբաղվում: Վիգենի մասին լսել էի. գիտեի, որ իսպանական ու հայկական երգեր է կատարում: Երկու տարի առաջ երևանյան ակումբներից մեկում լսեցի Վիգենի երգը. երբ նա հայկական երգ կատարեց, բոլորն ասես խենթացան: 7 անգամ գնացի Վիգենի համերգներին ու համոզվեցի, որ այս տղան տաղանդավոր է, խոստումնալից ու հասկացա, որ նա մի նոր, ուրիշ որակի երգիչ է, որ նրան Սփյուռքում ու Հայաստանում, ավելին՝ ամբողջ աշխարհում, պետք է ավելի ճանաչելի դարձնել: Նա ի վերուստ տրված շնորհ ունի, նաև շատ խելացի է, մեծ սիրտ ունի…Այդպես սկսվեց մեր համագործակցությունը, և ստեղծեցինք «Pomegranate music»-ը:

-Րաֆֆի՛, Դուք մասնագիտությամբ երաժի՞շտ եք…

-Ոչ՛, սակայն շատ եմ սիրում երաժշտություն, կարողանում եմ ուդ, ջութակ նվագել. ես միշտ ասում եմ, որ եթե մարդը վատ երաժիշտ է, նա լավ պրյոդուսեր է…

-Ձեր արմատների մասին կպատմե՞ք:

-Ապրում եմ Սան Ֆրանցիսկոյում, տարվա մի մասը Երևանում եմ, մյուս մասը՝ Սան Ֆրանցիսկոյում: Իմ պապը ծնվել է Մեղրիում, մեր գյուղը Շվանիձորն է, բարեկամներ ունեմ Ագարակում: Շատ եմ սիրում Մեղրին, մի քանի անգամ գնացել եմ պապիկիս ծննդավայրը: Պապիկիս պապիկը Արևմտյան Հայաստանի մի փոքրիկ գյուղից է: Իմ զարմիկներն այստեղ են ապրում՝ Երևանում և Մեղրիում: Շատ եմ սիրում Հայաստանը և կարծում եմ, որ Հայրենիքի հետ կապը մեզ զորավոր է դարձնում:

 Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

dsc_0882

????????????????????????????????????