Հայրենադարձները մասնակցեցին «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի ծառատունկին

18052384_120332000313692652_1230047695_o

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր) ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի հետ համատեղ  Հաղարծնի վանքի շրջակայքում գարնանային ծառատունկ է իրականացրել՝ տնկելով 330 ծառ ու թուփ:

Ծառատունկին ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի տնօրեն Ջորջ Բարսեղյանը, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը, փոխտնօրեն Արթուր Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ, հիմնադրամի կամավորներ, վանքի հոգևոր այրեր, ինչպես նաև՝ Հայաստանում հաստատված սիրիահայ և լիբանանահայ հայրենադարձներ:

Նշենք, որ ծառատունկին միացել է վանքային համալիրում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունել է ծառատունկի մասնակիցներին, օրհնել ձեռնարկը, ապա մեկ ծառ տնկել:

«Էյ Թի Փի»-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների 501(c)(3) կատեգորիայի բարեգործական կազմակերպություն է՝ իր խորհրդատվական, հոգաբարձուների խորհրդով և գրանցված է որպես`  Ամերիկայի հայկական համագումարի նախագիծ, որն իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր` Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում:

1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5 միլիոն ծառ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:

«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:

Հիմնադրամի կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն, որովհետև մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:

Հիմնադրամի նպատակն է օգնել հայ ժողովրդին՝ ծառերի օգտագործման միջոցով բարելավել բնակչության կենսամակարդակը, ինչպես նաև՝ պահպանել շրջակա միջավայրը:

 Լուսանկարները՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի

18073619_120332000318932078_1431182179_n18042894_120332000336887942_1151324569_o

18043002_120332000305016400_1844347287_o18090823_120332000356821964_650448583_o