Քրիստոսի Սուրբ Հարության տոնն իր բոլոր երանգներով՝ Օդեսայի հայ համայնքում

%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af2

Յարեար ի մեռելոյ, Քրիստո՛ս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցիր
Արարածոց Քոյով յարութեամբդ։
Շարական

Գարնանային այդ գեղեցիկ օրը, քրիստոնյա շատ ազգերի հետ միասին մեր ժողովուրդը բերկրանքով ու ցնծությամբ, մեծ շուքով նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, Հայ եկեղեցու տաղավար տոներից ամենագունեղն ու հրաշալին։

Առավոտ լուսո Օդեսայի ծովափնյա գեղատեսիլ բարձունքի վրա վեր հառնած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու նրան հարող բակը լեփ-լեցուն էր հավատացյալ հայերով։ Մեկտեղվել էին օդեսահայերը եկեղեցու հարկի տակ՝ մտերմիկ միջավայրում Ս. Հարության տոնը նշելու։ Շատերը ձեռքերին ունեին զամբյուղներ՝ լեցուն ներկած ձվերով ու տոնական կուլիչներով, անուշահամ ու կարմիր գինիներով, որոնք օրվա տոնական սեղանի էին։ Ձվերը զարդարված էին զատկական տոնը խորհրդանշող բազմապիսի նախշերով ու պատկերներով։ Ոմանք զամբյուղիկների մեջ կամ սկուտեղների վրա կանաչ ծիլեր էին աճեցրել, որոնց միջից կարծես թաքուն ժպտում էին դեղնավուն ճուտիկները։

Սուրբ տաճարի զանգակատան զանգերի ախորժալուր ղողանջներն ազդարարեցին տոնակատարության սկիզբը։ Եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի, որին իրենց մասնակցությունը բերեցին Արման սարկավագ Հակոբյանը, Էդմոն ուրարակիր Հովսեփյանը և Աստծո տան մյուս սպասավորները։ Ներկա էին օդեսահայ համայնքի ղեկավարությունն ու համայնքային կառույցների ներկայացուցիչները, եկեղեցու խաչքավորը, եկեղեցական խորհրդի ատենապետն ու հոգևոր վարչության անդամները։

Աչքի էր զարնում խորանի նրբաճաշակ և տոնին համահունչ ձևավորումը։ Այն օրվա խորհրդի արտահայտությունն էր, արտացոլանքը և ավելի էր ընդգծում տոնի գեղեցկությունն ու հմայքը։ Ինձ թվում էր՝ բոլորը այն զգացողությունն ունեին, որ խորանից լույս ու օրհնություն է ճառագում։
Կատարվեցին ընթերցումեր չորս ավետարաններից, հնչեց «Զատկական ճառ»-ը և Պատարագիչ քահանան հոգու բերկրանքով ժողովրդին հղեց Սուրբ Հարության կենսանորոգ ու ավետաբեր ողջույնը.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց։
-Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի։

«Հայր մեր»-ից առաջ Տեր Հայրը հանդիսավորությամբ հավատացյալներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառի զատկական պատգամը։ Այնուհետև, շարունակելով մեկնել այս հրաշափառ տոնի ծագումը, խորհուրդն ու նշանակությունը մեր կյանքում՝ նա ասաց. «Քրիստոսի հարությունը համայն մարդկության փրկության խոստումն է։ Հարություն առնելով՝ մեր Փրկիչը մահաբեր գործիքից խաչը վերափոխեց կենաց ծառի։ Հրաշալի է Հարության խորհուրդը։ Այսօր բացված են սուրբ խորանների վարագույրները՝ խորհրդանշելով, որ բաց են հավիտենականության դռները, որ մարդն ու տիեզերքը կրկին նորոգվեցին կյանքի ու հավերժության շնորհով։ Քրիստոսի հարությամբ մարդուն տրվել է առիթ, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմությամբ, երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով… Հավատավո՛ր քույրեր ու եղբայրնե՛ր, այսօր մեր Տիրոջը փառք տալու, Նրան մեր գոհունակությունն արտահայտելու և ուրախանալու օր է.
Փա՜ռք յարութեան Քո, Տէ՛ր,
Ես ոչ դադարեցայց օրհնել զՔեզ
Զամենայն աւուրս
Կենդանութեան իմոյ»։
Հոգևոր երգ ու տաղերի դյութիչ հնչյունները տարածվեցին աղոթատան կամարների ու բարձր գմբեթների ներքո, սփռվեցին շուրջբոլորը։ Հընթացս սրբազան արարողակարգի հնչեցին Հարության օրհնություններ, օրվա սրբասացությունը՝ «Ով է որպէս Տէր»-ը։ Հավարտ Ս. Պատարագի, քահանան սիրով ու բարեմաղթանքներով օրհնեց եկեղեցի բերված զատկական բարիքները։ Այնուհետև եկեղեցու բակում՝ սեղանների շուրջ, մարդիկ ճաշակեցին աստվածային համ ունեցող մատաղը։ Այս գեղեցիկ ավանդույթը մեր ժողովրդի սիրո ու բարերարության արտահայտությունն է․ չէ՞ որ մենք հյուրասեր, աղուհացով ազգ ենք։

Այս օրը իրենց ելույթներով առավել գունազարդ դարձրին «Արևիկ» մանկապարտեզի և Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի սաները։ Հանդիսությունը կայացավ մշակույթի տան գլխավոր մուտքի մոտ։ Քրիստոնեական աշխարհի այս լուսաշող տոնը մեզանից ամեն մեկի համար յուրովի է սպասելի։ Մեծահասակների համար այն հարության մեծագույն խորհրդին հաղորդակցվելու առիթ է, իսկ մանուկները շատ են սիրում տոնի առիթով ներկված ձվերն ու քաղցրահամ թխվածքաբլիթները։

Փոքրիկ արևիկների ելույթը ցույց տվեց՝ որքան ցանկալի է Զատիկը նրանց համար․ իրենց անչափ երջանիկ էին զգում։ Սուրբ Զատիկը պուտիկավոր բզեզի նման գալիս է գարնանը և նրա նման անվանվում է նաև Կարմիր զատիկ։ Այս հրաշք մանկանց շուրթերից հնչեցին տոնին ձոնված ոտանավորներ ու քառյակներ, բարեմաղթանքներ.

– Բարո՜վ եկար, ա՛յ Զատիկ,
Գարնան սիրունիկ խատուտիկ…

-Մեծ ու մանուկ, արար աշխարհ,
Զատկի բերած հրաշքից
Արմանք-զարմանք են կտրում…

Որքան բնական էր նրանց շարժուձևը, երբ այս փոքրիկ երգիչ-երգչուհիները օրոր-շորորով, ոճով մանկական՝ կատարեցին կոմիտասյան «Հոյ, իմ Նազանի յարը»։ Մաշտոցականները ևս հանդես եկան երգերով («Զատիկ»,« Չամչով փլավ»), շարականների երգեցողությամբ («Սուրբ Աստված…», Քրիստոս հարյավ ի մեռելոց»), ասմունքով («Հողմը փչեց հարավեն»,«Բարի հրեշտակ»).

Կարմի՛ր Զատիկ, կյանքի՛ Զատիկ,
Տեր Հիսուսի Հարությա՛ն օր,
Թող շողշողա՛ բազմապատիկ
Մեր մեջ լույսը քո ջերմացնող…

Բեմականացված դրվագների միջոցով նրանք ներկայացրին տոների թագ ու պսակ Ս. Զատիկը, նրա հետ կապված ժողովրդական սովորույթները, զատկական խոհանոցի տեսականին ու խորհուրդը։

Բեմականացվեց «Ակլատիզ» շաբաթազրույցը, որի հերոսի յոթ փետուրները խորհրդանշում են Մեծ Պահոց յոթ շաբաթները, և նա հաճախակի հանդես է եկել ծիսական տիկնիկի՝ ծերունու տեսքով։ Այսինքն՝ նա Պաս պապն է, որին հաղթում է Ուտիս տատը՝ Զատիկը։

Ահա ուրախ երաժշտության ներքո եկավ Ուտիս տատը՝ ծաղկավոր զգեստով և գոգնոցով, ձեռքին` կարմրաներկ հավկիթներով լի կողովը… Երեխաներն ուրախ բացականչություններով սկսեցին ձուկոտրոցի խաղալ։
Այնուհետև Ուտիս տատը սիրով պատասխանեց նրանց հարցերին. «Ձուն Հարության տոնի խորհրդանիշն է։ Ձվի կարմիրը Քրիստոսի արյան գույնն է։ Տոնակատարության մեջ ուրույն տեղ է գրավում խոհանոցը. Զատկին եփում են չամչով փլավ, ձկնեղեն, գարնան զարթոնքը խորհրդանշող կանաչիներից աղցաններ: Սրբագործված հացն ու գինին Տիրոջ փրկագործ մարմինն ու արյունն են…»:

Հնչեց Հարության հրաշափառ ավետիսը, և բոլորը՝ ելույթ ունեցողները, հանդիսատեսները միասին ուրախ ձայնեցին․

-ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ:

Հանդիսության ավարտին հնչեց Արա Գևորգյանի հաղթական «Արցախ»-ը՝ դհոլահար Արսեն Գրիգորյանի կատարմամբ։
Բարեգործական բնույթ էր կրում եկեղեցուն հարող տարածքում կազմակերպված թեմատիկ ցուցահանդես-վաճառքը, ուր ներկայացված էին համայնքի շնորհաշատ հայուհիների ձեռքի աշխատանքները։ Մինչ երեկո ցնծության մեջ էր եկեղեցու բակը։ Հարության ավետիսը շուրթերին՝ ծանոթ-անծանոթ, հարազատ ու բարեկամ շնորհավորում էին միմյանց, ուրախ զրույցի բռնվում։

Նրանք հրաժեշտ տվեցին իրարու՝ լցված Հարության վեհ հավատքով. «Կա հրաշքը, և անունն է Հարություն…»
Այդ հավատքով է, որ մարդը կարողանում է հաղթահարել կյանքի փորձություններն ու դժվարությունները և լավատեսորեն նայել ապագային…

Նարինե Մուրադյան
ք․ Օդեսա «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af2%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af3%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af4 %d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af5 %d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af6 %d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af7 %d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af8