Պրահայի հայ երիտասարդները Չեխիայի խորհրդարանի մոտ անցկացնում են լուռ ակցիա

65304

Պրահայի հայ երիտասարդների միությունը Չեխիայի խորհրդարանից ոչ հեռու ապրիլի 20-ին անցկացրեց լուռ բողոքի ակցիա:

Այս մասին Արմենպրեսին տեղեկացրեց Չեխիայի «Օրեր» (կայք էջը` orer.eu) եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Լուռ նստացույցի նպատակն է Չեխիայի իշխանությունների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,-ասաց Հակոբ Ասատրյանը` նշելով, որ նամակներ են ուղարկվելու Չեխիայի խորհրդարանի անդամներին:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ վերջին տարիներին Չեխիայում բավական լայն լուսաբանվում է Հայոց ցեղասպանության թեման, քաղաքական գործիչների կողմից այն հաճախ արծարծվում է:

«Կարծում եմ, որ խորհրդարանում արդեն հասունացել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահը, սակայն Չեխիան ներկայում որոշ խնդիրներ ունի Թուրքիայի հետ կապված: Ամեն դեպքում գտնում եմ, որ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը ժամանակի հարց է»,-ասաց նա:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ է նախատեսել` պատարագ, երթ, ծաղիկների խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, դասական համերգ և այլն: