«Գարնան թավիշն է խորհրդանշում մեր սերը».Տիգրան Ներսիսյան

%d5%bd%d5%a5%d6%80

Համաձայնենք, որ ծննդյան տարեդարձերը մեզ միշտ խորհելու առիթ են տալիս: Դրանք կարծես մեր ապրած տարիների արտացոլքը լինեն. հուշերի գիրկն ընկնելով՝ մտածում ենք արած-չարած գործերի, անցած-գնացած օրերի մասին, որոնք այլևս հետ չենք բերի:

Մարտի 31-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կյանքի յուրօրինակ ինքնահաշվետություն ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյան ու Նելլիի Խերանյան զույգը, ովքեր այս տարի նշում են ծննդյան 50 և բեմական գործունեության 30-ամյակը:

Օրեր անց «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Տիգրան Ներսիսյանը ո´չ միայն ամփոփեց հոբելյանական երեկոյից ստացած տպավորությունները, այլև խոսեց ընտանիքին, ստեղծագործական ուղուն առնչվող հարցերի շուրջ:

-Պարո՛ն Ներսիսյան, վաղո՞ւց էիք նախապատրաստվել հոբելյանական երեկոյին: Այդ օրից հիշարժան ի՞նչ դրվագներ կարող եք հիշել:

-Հոբելյանական երեկոն նախատեսված էր ավելի շուտ իրականացնել, սակայն փոքր-ինչ հետաձգվեց. նախ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտին էինք սպասում, հետո՝ «Պեպո»-ի առաջնախաղին: Կարծում եմ՝ հոբելյանական երեկոն ջերմ ու անկեղծ մթնոլորտում անցավ, որի մասին վկայում են առ այսօր մեր ընկերների, հարազատների, թատրոնի աշխատակիցների և հանդիսատեսի կողմից հնչող սրտաբուխ խոսքերը:

Շատ անսպասելի անակնկալներ ունեցանք, ինչպես օրինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի՝ իր բացակայությամբ հանդերձ մեզ ողջունելն էր, մեր աղջիկների պարային ֆլեշ-մոբը: Չնայած գիտեինք, որ նրանք այդպիսի նախաձեռնությամբ էին հանդես գալու, բայց թե ինչ տարբերակով էր լինելու, այդ օրը միայն բացահայտեցինք: Հաճելի անակնկալներն ու դրվագները հաջորդում էին մեկը մյուսին, որոնք ավելի էին բարձրացնում մեր տրամադրությունը:

27

-Եթե հանրագումարի բերենք Ձեր համատեղ կյանքի 50 և բեմական գործունեության 30 տարիները, ապա ինչպիսի՞ պատկեր կլինի:

-Դժվար է ինքնագնահատական տալ: Այս հարցի պատասխանը հանդիսատեսը կիմանա, մեր արվեստի երկրպագուները, որոնց համար էր հոբելյանական երեկոն կազմակերպվել: Այն յուրօրինակ հաշվետվություն էր: Հանդիսատեսը տեսավ մեր անցած ճանապարհը, ծանոթացավ կենսագրական էջերին և նույնիսկ այնպիսի տեղեկություններ իմացավ, որոնք գուցե առաջին անգամ էր լսում:

Այդ օրը բարձրաձայնեցի, որ Շառլ Ազնավուրը և մայրիկս հորեղբոր թոռներ են: Նախկինում այդ մասին միայն նեղ շրջանակներում եմ խոսել:

-Երիտասարդ տարիներից արդեն մեծ համբավ և ճանաչում եք ունեցել. հե՞շտ էր դիմանալ փառքին:

-Իմ պարագայում բացասական ազդեցության տակ երբեք չեմ եղել այն պարզ պատճառով, որովհետև հայրիկիս՝ հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի  կողմից փառամոլության դրսևորում երբեք չեմ տեսել: Նա հեղինակություն է եղել՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն և ծափողջույններին, բայց երբեք բերկրաթմբիր (էյֆորիա) չի ապրել:

Մի դրվագ հիշեցի. մայրիկս տարիներ առաջ եկել էր «Հին աստվածներ» ներկայացման առաջնախաղը դիտելու, որից հետո այլևս չեկավ, որովհետև ես չէի ուզում: Տարիներ անց նա ասաց, որ կարոտել է իմ ներկայացումները դիտելուն և խնդրեց, որ մեկ անգամ ևս գա: Իհարկե, համաձայնեցի… Իսկ չէի ցանկանում, որովհետև հարազատ մարդու մեկ խոսքը, մեկ բացականչությունը կարող է խանգարել դերասանին:

Նույն կերպ հայրս է վարվել. նա մեր գերդաստանին խստիվ արգելել էր, որ բեմում իրեն ծաղիկներ նվիրեին կամ որևէ բացականչություն հնչեցնեին դահլիճից:

– Երբևէ մտածե՞լ եք` հայտնի լինելու համար ի՞նչ «գին» եք վճարել:

-Ոչ թե հայտնի լինելու, այլև՝ իմ սիրած գործով զբաղվելու համար, այո՛, շատ թանկ եմ վճարել: Տարիների վաստակած հաջողությունն ինձ երբեք հենց այնպես չի տրվել:

 Շատ դեպքում մարդկանց կողմից դա չի նկատվում, նրանց թվում է՝ ամեն ինչ սկուտեղի վրա է մեզ մատուցվել, որ մեր կայնքը միայն ծափահարություններով և ծաղիկներով է պարուրված: Սակայն այդ ամենի հետևում տառապանք, անքուն գիշերներ, քրտինք, տաժանակիր օրեր, թիկունքից չկամեցողների հարվածներ են թաքնված, հարվածներ, որոնք ինձ ավելի են ուժ տվել: Ճանապարհիս հանդիպած բոլոր չարակամ, նախանձ մարդկանց՝ ասել եմ, որ ի հեճուկս իրենց պահվածքի՝ նորանոր բարձունքների եմ հասնելու, և հիմա շնորհակալ եմ նրանց:

Այդ ամենին գումարվել է նաև Աստծո կողմից տրված շնորհը, որը լիարժեքորեն ծառայեցրել եմ մարդկանց. եթե այդ տաղանդը ներփակեմ իմ մեջ, այն մեղք գործելուն հավասազոր և ոչ աստվածահաճո կլինի:

Դերասանի գործը թատրոնին և հանդիսատեսին անվերապահորեն նվիրվելն է: Երբ փողոցում անծանոթը մոտենում է քեզ և շնորհակալություն հայտնելով՝ հեռանում, արդեն ամեն ինչ ասված է: Շատ հաճախ չես էլ հասցնում հարցնել, թե այդ շնորհակալությունն ինչի համար էր ասված:

-Գուշակեցիք իմ հաջորդ հարցը: Ուզում էի իմանալ, թե ո՞րն է Ձեր և տիկին Նելլիի՝ ժողովրդի համատարած սիրուն և բարձր գնահատանքին արժանանալու գաղտնիքը:

-Երբեք պետք չէ այդ մասին մտածել, հատկապես՝ աշխատանքի պահին, քանի որ այն քո մասնագիտության մի մասն է կազմում: Դերասանը հասարակության կողմից պետք է սիրված լինի, վայելի նրանց հարգանքը, սակայն դրանով չի պայմանավորված այն վերջնակետը, որին ձգտում ես հասնել: Բեմում, թե էկրանին՝ քո առաքելությունն աշխատելն ու արարելն է, իսկ մնացածն արդեն այդ ամենի հետևանքներն են:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ տիկին Նելլին ասել է, որ Ձեր մատը կծելով է իր սերն արտահայտել: Հետաքրքիր է՝ այդ պահին ին՞չ զգացիք:

– Մատս կծելը Նելլիի կողմից հոգու պոռթկում էր: Այդ քայլն իմ մեջ հույս ներշնչեց, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է: Մենք այդ ժամանակ շատ երիտասարդ էինք, ապրում էինք ուսանողական հախուռն կյանքով՝ վայելելով մեր երիտասարդությունը, որը մինչև այժմ հեքիաթի պես ենք հիշում: Երկուստեք համակրում էինք միմյանց, ես միանգամից եմ նկատել Նելլիին. անհնարին էր նրան չնկատել:

Ձեր սիրո մեջ ո՞ր եղանակն է գերիշխում:

-Կարծում եմ՝ մեր սիրո մեջ հենց մեր ծննդյան՝ մայիս ամսվա եղանակն է գերիշխում (Տիգրան Ներսիսյանը ծնվել է մայիսի 7-ին, Նելլի Խերանյանը`մայիսի 10-ին-հեղ.): Այն գարնանային թավշյա իմ սիրելի եղանակն է, պանծալի հաղթանակների ամիսը: Մեր սերը բնորոշ է հենց գարնան թավիշ կանաչին: Սակայն դա չի նշանակում, որ ցուրտ ձմեռներ, աշնանային փոթորիկներ չեն նկատվում, բայց այդ ամենը ամփոփվում է մայիս ամսվա մեջ:

Առհասարակ, սիրում եմ մայիս ամիսը, որն իր հետ բերկրանք ու հանդարտություն է բերում:

-Միասին անցկացրած ամենաուրախ օրը ո՞րն է եղել:

-Միանգամից մեր փոքր դստեր՝ Մանեի ծննդյան տասնամյակը հիշեցի: Շատ էինք ուզում նրան անմոռանալի ու հիշարժան օր պարգևել: Եվ դա իմ մանկությունից է գալիս. այսօրվա պես պարզ ու հստակ հիշում եմ իմ տասնամյակը, թե ինչ ուրախ մթնոլորտում անցավ: Որոշել էի երեխայիս տարեդարձը ճիշտ իմ հոբելյանի պես նշել: Այդպես էլ եղավ. Մանեն երանության գրկում էր՝ շրջապատված սիրելի մարդկանցով և ընտանիքի անդամներով: Վստահ եմ, որ ամբողջ կյանքի ընթացքում նա այդ օրը լուսավոր հիշողություններով է միայն հիշելու:

-Խոսենք Ձեր աղջիկների մասին:

-Անին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բայց նախընտրեց մանկավարժությունը: Դասավանդելու ձիրքը նրա մոտ ակնառու է: Նելլիի մայրն էլ ուսուցչուհի է եղել, գուցե նրա արժանի հետնորդն է դառնում:

Իսկ Մանեն դեռ փոքր է, մասնագիտական ընտրություն չի կատարել, բայց ակտիվ երեխա է, մեծ ոգևորությամբ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է հաճախում, շատ է ինքնակատարելագործմամբ զբաղվում:

6

-Տանը երեք կանանց հետ հե՞շտ է «գլուխ հանել», նրանց նախասիրություններն ու քմահաճույքները կատարել:

Իհարկե, այդքան էլ հեշտ չէ. նրանք ինձանից իրենց պահանջներն ու սպասելիքներն ունեն, որոնք պետք է արդարացնեմ: Սեր կոչվածը դա է, այն հենց այնպես չի տրվում:

Կարծում եմ, որ եթե դու քո սիրելիներին ուրախություն պարգևելու համար այդ ամենը հաճույքով և պատրաստակամորեն ես կատարում՝ այլընտրանք լինել չի կարող:

Նելլին, օրինակ, հիվանդագին վախ ունի, սարսափում է միջանցիկ քամուց, որը նրա մոտ գնալով խորանում է: Այն արդեն մեր ընտանեկան խնդիրն է դարձել, և ես վաղուց ընտելացել եմ դրան. մեր սիրելիներին ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ նրանք կան:

-Պարո՛ն Ներսիսյան, հաջողվո՞ւմ է թատրոնը տուն չտանել և աշխատանքից հետո միայն ընտանեկան խաղաղության մեջ լինել:      

Փորձում ենք հենց այդպես էլ անել, բայց շատ հաճախ չի ստացվում: Թատրոնը տուն է մտնում, և բանավեճերը, քննարկումները ուղեկցում են մեզ:

Ամեն դեպքում՝ այն դերասաններից եմ, որ երբ ներկայացումից հետո վարագույրը փակվում է, ամեն ինչ ավարտվում է, այլ կերպ ասած՝ կերպարի «տակ» չեմ մնում և ապրում եմ առօրյա իմ կյանքով:

-Կյանքի այս հանգրվանում ի՞նչ երազանքներ ունեք:

Երազանքները պետք է միշտ ուղեկցեն մեզ, կարծում եմ՝ առանց երազանքների մարդ գոյություն չունի: Պարզապես պետք է ընդառաջ գնալով՝ կյանքի կոչել երազանքներդ, որոնք կապված են ընտանիքիդ, ընկերներիդ, հարազատներիդ, երկրիդ ու հայրենակիցներիդ հետ: Ես էլ այդ մարդկանցից մեկն եմ:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի