Արցախի տնտեսությունը բարձր աճ է ունեցել նաեւ պատերազմական 2016-ին

%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

Հայկական երկրորդ հանրապետությունը, չնայած ռազմական լարվածության մեջ գտնվելուն եւ ապրիլյան պատերազմին, անցյալ տարի շարունակել է հաջողություններ արձանագրել տնտեսական զարգացման մեջ: Արցախի բնակիչները եւ երկրի տնտեսությունը գործում են` պատերազմի մշտական վտանգը նկատի ունենալով:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության վիճակագրական ծառայության կողմից 2016-ի սոցիալ-տնտեսական տվյալների հրապարակումը պատերացում է տալիս երկրի տնտեսական զարգացման ներկա կացության մասին: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016-ին Արցախում աճել է 9,2 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ ԼՂՀ տնտեսությունը սերտորեն շաղկապված է Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ, ապա անցյալ տարի Արցախի տնտեսությանը հաջողվել է Հայաստանի ցածր (0,2 տոկոս) տնտեսական աճի պայմաններում ապահովել բարձր տնտեսական աճ, գրում է araratnews.am-ը:

Երկու երկրների տնտեսությունների ծավալները, իհարկե, զգալիորեն տարբերվում են, եւ շատ հաճախ Հայաստանն իր վրա է վերցնում այն ռիսկերը, որոնք անդրադառնում են նաեւ Արցախի տնտեսության վրա, սակայն, ամեն պարագայում երկնիշին մոտ տնտեսական աճ ապահովելը հեշտ խնդիր չէ: Հատկապես կարեւոր է, որ աճն արձանագրվել է իրական հատվածում՝ արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում: 229,7 մլրդ դրամ կազմող ԼՂՀ համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերությունը տվել է 59 մլրդ դրամի արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ 9,7 տոկոսով ավելի է: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 68,5 մլրդ դրամ` աճելով 7,4 տոկոսով:

Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի բարձր աճով՝ 39,2 տոկոս: Ցավոք, մշակող ճյողում արձանագրվել է անկում՝ 8,5 տոկոսով: Գյուղատնտեսությունում աճը հիմնականում պայմանավորվել է բուսաբուծության համախառն արտադրանքի աճով, որին հակառակ՝ նվազել է անասնագլխաքանակը: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության մեջ ընդգրկված է երկրի բնակչության մեծ մասը, ինչպես նաեւ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար պարենային ինքնաբավության ապահովելու կարեւորությունը, հավելյալ խթանման քայլեր են անհրաժեշտ այս ճյուղի զարգացման համար:

Շինարարությունում անկում է արձանագրվել 9 տոկոսով: 45,7 մլրդ դրամի շինարարության ծավալում մեծ մասը` 30,4 տոկոսը, կատարվել է պետական բյուջեի, մնացածը` կազմակերպությունների, այլ միջոցների, մարդասիրական օգնության եւ արտաբյուջետային միջոցների հաշվին: Այս տարի հավանաբար շինարարության ծավալների որոշակի աճ կարձանագրվի, որում կարեւոր դեր կունենան անցյալ տարվա ապրիլին ավերված Թալիշի եւ մի քանի այլ սահմանային բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքները:

Անկում է արձանագրվել նաեւ առեւտրաշրջանառությունում՝ 12,6 տոկոսով, ինչը պայմանավորված է Հայաստանում եւ հարակից երկրներում վերջին երկու տարիներին արձանագրված պահանջարկի նվազմամբ: Առեւտրաշրջանառության նվազումը եւ գնանկումը մեկը մյուսով փոխպայմանավորված են, եւ, բնականաբար, անցյալ տարի Արցախում արձանագրվել է նաեւ գնանկում՝ 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ՝ 1,4 տոկոսով: Այդուհանդերձ, բնակչության դրամական եկամուտները եւ ծախսերը որոշ չափով աճել են՝ առաջինը՝ 3,6 տոկոսով` կազմելով 161,6 մլրդ դրամ, երկրորդը՝ 3,3 տոկոսով, կազմելով 155,6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3,3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը անցյալ տարի ԼՂՀ-ում կազմել է 152,7 հազար դրամ` աճելով 1,1 տոկոսով:

Հետաքրքրական է, որ պետական հատվածում աշխատավարձն ավելի բարձր է՝ 171,4 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2 տոկոսով, իսկ մասնավորում՝ 135,9 հազար դրամ կամ 2,6 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016-ին փաստացի գներով կազմել է 338 մլն դոլար, որից ապրանքների արտահանումը՝ 81,1 մլն դոլար, ներմուծումը՝ 256,9 մլն դոլար: Տոկոսային առումով արտահանումն ավելի մեծ աճ է արձանագրել՝ 7,4 տոկոսով, ներմուծման 1,7 տոկոս աճի պայմաններում, ինչն էլ որոշակիորեն՝ 7,7 տոկոսով նվազեցրել է բացասական առեւտրային հաշվեկշիռը: Այդուհանդերձ, ներմուծումը դեռևս էապես՝ 175,8 մլն դոլարով գերազանցում է արտահանմանը:

Եվ, վերջապես, ամենալավատեսական վիճակագրական տվյալը Արցախից. անցյալ տարի բնական աճ է արձանագրվել՝ ծնվածների եւ մահացածների տարբերությունը հօգուտ ծնվածների եղել է 1249 մարդ: