«Հայաստանն իմ ամբողջ աշխարհն է». Պարույր Աղբաշյան

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80

Հայոց պատմության, գրականության, առհասարակ՝ մշակույթի ու արվեստի ցանկացած ճյուղի մասին հրատարկվող գրքերը մեր հարստությունն են` այն ակունքները, որոնք գալիք սերունդներին ի պահ են տալիս անանց արժեքներ: Այդօրինակ արժեքավոր գրքերից մեկի՝ «Երևանի պետական համալսարան (95- ամյակ. երախտավոր դասախոսներ (դիմաքանդակային հպումներ)» հեղինակի՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության մասնաճյուղի շրջանավարտ, Բեյրութում լույս տեսնող մի շարք թերթերի երկարամյա աշխատող, խմբագիր, հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, ազգային-հասարակական գործիչ, Լիբանանի մամլո սենտիքայի, Արաբ ընկերակցության, «Կարպիս Լ.Նազարյան» հրատարակչականի, Հայաստանի հայերենի եզրաբանության խորհրդի անդամ, Հայկազյան համալսարանի դասախոս Պարույր Աղբաշյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած իմ զրույցն ավելի շատ ծավալվեց համալսարանական տարիներից ունեցած հիշողությունների ու տպավորությունների շուրջ, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Աղբաշյան, վերջերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ձեր գրքի շնորհանդեսը, որը, կարծեմ, 2016-ին է հրատարակվել. ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

-Այս գրքի հրատարակությունը երկար տարիների փափագս է եղել: Պատճա՞ռը… շատ հստակ է. Երևանի պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի հայոց լեզվի ու գրականության բաժինը կյանքիս անկյունադարձային ամրակուռ հանգրվանն է դարձել, և այդ ամենն իմաստավորող, կենսավորող ու դրսևորող ընտրահույլը եղան իմ դասախոսները՝ ամենահեղինակավորից մինչև համեստագույնը, բազմավաստակից՝ վաստակավորը. նրանք իմ մեջ արմատավորեցին ու զարգացրին բանասիրության աշխարհի անսպառ ավանդություններն ու հարստությունները: Դիմաքանդակային փունջ է արված՝ դիտված ու գնահատաված իմ տեսակետով, դիտարկումով ու դատումովս: Ի նկատի ունենալով, որ լրանում էր նաև Պետական համալսարանի 95-ամյակը, նաև՝ հայոց լեզվի ու գրականության բաժանմունքի, ամփոփ ակնարկով ներկայացրել եմ նրանց անցած ուղին՝ մի շարք վավերագրական հիշեցումներով, ինչպես նաև՝ սփյուռքահայ ուսանողների Հայաստանում ուսանելու հնարավորությամբ:

-Պարո՛ն Աղբաշյան, Դուք, փաստորեն, համալսարանական եք եղել, սովորել եք համալսարանում, որն այն ժամանակ միակն էր. եկաք Բեյրութից, կրթություն ստացաք, հետո՞…

-Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Բեյրութ, աշխատանք չկար, որովհետև վաստակավորներն էին դեռևս ասպարեզում: Բեյրութ վերադառնալուց մի քանի ամիս հետո աշխատանքի անցա ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակում՝ որպես սովորական քարտուղար, հետո դարձա դիվանապետ, այնուհետև՝ կրթական հանձնախմբի վարիչ-քարտուղար: Ակամայից շեղվեցի բանասիրությունից, սակայն Հայկական բարեգործականն ուներ «Երվանդ Հյուսիսյան» հայագիտական հիմնարկ, որի տնօրենը նշանավոր բանաստեղծ, մանկավարժ, գրականագետ Վահե Վահյանն էր. ես էլ այնտեղ սկսեցի մասանկիորեն դասավանդել գրաբար, մանկավարժության պատմություն, այսինքն՝ մոտեցա իմ մասնագիտությանը, հետո առիթ եղավ, որ Հայկազյան համալսարանում էլ այս նյութերը դասավանդեմ: 1990-ին, երբ նախանշաններ կային, որ Հայաստանը դեպի անկախություն կգնա, Խորհրդային Միությունը կփլուզվի, Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական «Զարթոնք» օրաթերթն էր գործում, որի աշխատանքները կազմակերպում էր Հակոբ Ավետիքյանը. նա ստիպված եղավ ժամանակավորապես այստեղ գալ, Լիբանանում պատերազմ էր, Ավետիքյանի հետ պայմնավորվեցինք, որ ես կփոխարինեմ իրեն: Պատահեց այնպես, որ ինքն այստեղ մնաց, ես էլ «Զարթոնք»-ում մնացի և մինչև 2007-ը պատասխանատու խմբագիրն էի, իսկ մինչ այդ, 17 տարի շարունակ, «Խոսնակ» ամսաթերթի խմբագիրն եմ եղել, «Շիրակ» գրական ամսագրի խմբագրական անդամ…շատ թերթերում եմ աշխատել: 2007-ին սահմանափակեցի աշխատանքներս և սկսեցի ՀԲԸՄ-ի «Դարուհի Հովակիմյան» վարժարանում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասավանդել: Չհասցրեցի ատենախոսություն պաշտպանել, որովհետև լրագրությունը, օրաթերթը կլանում է ամբողջ ժամանակը:

-Խոսենք Ձեր հրատարակած գրքերի և դրանցում ներկայացված թեմաների մասին:

-2007-ից մինչ այժմ տարբեր թեմաներով 12 գիրք եմ հրատարակել՝«Ներխուժած Լիբանանի աննկուն կամքը», «Արևմտահայ գրողների լեզվամտածողությունն ու բառապաշարային շերտավորումները», «Ապրված հրապարակագրություն՝ հետադարձ հայացքով» (3 հատորով), «Պատառիկներ՝ մեծերից», «Մամլո ընտրանի գրություններ», «Հրապարակախոսական- բանախոսական-գրախոսական ընտրանի էջեր», «Հրապարակագրական բերքահավաք», «Ռամկավար ազատական կուսակցության ազգային գաղափարաբանական հավատամքը», «Հակոբ Պարոնյանի լեզվաբառապաշարային առանձնահատկությունները» և այս վերջին գիրքս…

– Պարո՛ն Աղբաշյան, համոզված եմ, որ Դուք դեռ գրքեր ունեք գրելու, հրատարակելու. ասացեք, խնդրեմ, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ գիրքը:

-Այո՛, պետք է շարունակեմ. անելիքներ դեռ շատ կան, սրանցից բացի՝ հրապարակախոսական նյութերի մի գիրք էլ եմ հրատարակել, այժմ հավաքում եմ հորս՝ խմբագիր, գրող Հովհաննես Աղբաշյանի բոլոր նյութերը՝ զետեղելու մի գրքում: Հայրս հայրենասեր մարդ էր, նաև լավ արաբագետ էր, այդ լեզուն սովորել էր բանտում եղած ժամանակ: Հայրս երգիծական շնորհ էլ ուներ և իր նյութերի տակ ստորագրում էր՝ «Խիկար»: 1970-ին Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն տպագրեց արաբերենով. արաբ ընթերցողները զարմացած էին, չգիտեին, որ այդպիսի քաղաքական երգիծաբան ունենք: Հաջորդ գիրքս ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի հորեղբոր ՝ Հրաչյա Սեդրակյանի մասին է, ով ազգային մեծ գործիչ է. նրա արխիվը ժողովեցի՝ ելույթները, նամակները, գրվածքները, բանախոսությունները: Նա եղել է նաև Ներգաղթի կոմիտեի պատասխանատու, Լիբանանի երեսփոխանական թեկնածու:

-Հայ գրողներից՝ արևելահայ, արևմտահայ, ո՞վ է ամենից շատ հարստացրել Ձեր ներաշխարհը:

-Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, արևմտահայ գրողներից՝ Դուրյանը, Դանել Վարուժանը, Մեծարենցը, Սիամանթոն, օտարագիր գրողներից շատ տպավորված եմ Վիլյամ Սարոյանի գործերով, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությամբ, որի բեմադրության մեջ հրաշալի դերակատարում ուներ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

-Սփյուռքի նախարարության բարեկամն եք, անշո՛ւշտ, ուստի կխնդրեմ Ձեր տեսանկյունից բնութագրեք նախարարության ծրագրերը, աշխատանքները:

-Առաջ, երբ գալիս էի Հայաստան, այցելում էի Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, որը Խորհրդային շրջանում մեծ դեր էր կատարում, այն ասես կամուրջ էր Հայաստանի և Սփյուռքի միջև, այսօր այդ դերը կատարում է Սփյուռքի նախարարությունը. մեծ ներուժ ունի տիկին Հակոբյանը, դիտողություններն ընդունում է բարեկամաբար, լայնախոհ մտածելակերպ ունի:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը, Հայրենիքը:

-Ինձ շատ հաճախ ասում են՝ գնա Հայաստա՛ն ապրիր, որ այդքան հայրենասեր ես, իսկ ես պատասխանում եմ՝ Հայաստանն իմ մեջ է: Հայ մարդն, ուր էլ ապրի, մի փոքրիկ Հայաստան է ստեղծում: Լիբանանում հայերը շատ վաղուց են հաստատվել, հոգևոր մեծ արժեքներ ստեղծել, լիբանանահայ գաղութն այդ տեսանկյունից հարուստ է: Հայաստանն իմ ամբողջ աշխարհն է:

-Շնորհակալությու՛ն, հայրենակից, բարի՛ երկունք Ձեր հաջորդ բոլոր ձեռնարկումներին:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի