Հայկական պարի հաղթական թռիչքը գերմանական մրցույթում

5

Ապրիլի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը  Ֆյուրստենֆելդբրյուկ քաղաքում մասնակցել է Գերմանիայի որակավորում ստացած պարախմբերի մրցույթին, որտեղ վաստակելով 90.3 միավոր՝ առաջին կարգի մրցանակ է ստացել:

Մրցույթի ժողովրդական պարեր բաժնում մենապարով հանդես է եկել պարախմբի պարուհիներից տասնհինգամյա Մելինե Հուբախը, ով հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել   Սայաթ-Նովայի «Նազանի»-ն:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է պարախմբի հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը, թեժ մրցակցության պայմաններում են հաղթանակի հասնել.բոլոր պարախմբերը պրոֆեսիոնալ մակարդակի են եղել և աչքի ընկել բարձր պատրաստվածությամբ:

«Այս հաղթանակը մեծ նվաճում է մեզ համար, ինչի համար շատ ուրախ ենք: Իհարկե, մտածում էինք՝ գուցե և հաղթենք, սակայն մինչև վերջին պահն անսպասելի էր»,-նշեց Անուշ Չախալյանը՝ հավելելով, որ մրցույթի ավարտից հետո այլազգի հանդիսատեսը մոտեցել է իրեն և  հայկական պարերի մասին հիացական խոսքեր ասել:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հետևելով պարախմբի՝ 2017 թվականի գործունեությունը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը նվիրելու որոշմանը, այս անգամ ևս Անուշ Չախալյանը մրցույթի ընթացքում օտարազգիների ուշադրությունը հրավիրել է այս ծրագրի շուրջ՝ դահլիճի նախասրահում շարժման ցուցապաստառները բարձրացնելով և լուսանկարվելով:

  76

98

4