«Ես ինձ շատ հարուստ եմ զգում…»

Մոտ երկու տարի առաջ պոլսահայ երգչուհի Սիպիլի (Սիպիլ Փեքթորոսօղլու) հայերեն «Նամակ» երգի տեսահոլովակը մեծ աղմուկ բարձրացրեց. առաջին անգամ Թուրքիայի հեռուստաընկերություններով հնչեց հայկական երգ: Իսկ արդեն 2011 թվականի օգոստոսի 13-ին պոլսահայ երգչուհու գեղեցիկ կատարումն առաջին անգամ վայելելու հնարավորություն ունեցավ նաև հայաստանյան հանդիսատեսը։

Այդ ամենին հաջորդեցին համերգներ աշխարհի տարբեր երկրներում: Սակայն Պոլսի հանդիսատեսը անհամբեր սպասոմ էր, թե երբ է վերջապես իր սիրելի երգչուհին ելույթ ոնենալու նաև իր հարազատ քաղաքում։ Այդ համերգին առանձնակի հուզումով էր սպասում նաև Սիպիլը, ով մեր առաջին հանդիպման ժամանակ խոստովանեց (հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ), որ  ցանկանում է, որ Պոլսում իր առաջին համերգը լավ, գեղեցիկ լինի։
Եվ ահա վերջապես հունվարի 21-ին Ստամբուլի «TIM Show Center» համերգասրահում տեղի ունեցավ Սիպիլի և Անդրեի համատեղ համերգը: Այն անցել է շատ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։Համերգից հետո «Հայերն այսօրի» թղթակից Լուսինե Աբրահամյանի հետ իր տպավորություններն է կիսել երգչուհին, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

– Սիրել´ի  Սիպիլ, մոտ տարի ու կես առաջ մեր զրույցի ընթացքում ասացիր, որ ցանկանում ես՝  Պոլսում կայանալիք առաջին համերգդ լավ, գեղեցիկ լինի. ինչպես ասում են, թող ուշ լինի, բայց  նուշ լինի: Համերգի արձագանքներից կարող ենք դատել, որ այդպես էլ եղել է։ Մի փոքր կպատմե՞ս քո տպավորությունների, զգացողությունների մասին։

– Սիրելի´ Լուսինե ջան, հիմա կը խորհիմ, որ կյանքիս մեջ ոչ մեկ պահի մասին աճապարեցի։ Ալբոմ ունենալը կյանքիս ամենամեծ երազն էր, բայց սպասեցի։ Ես դեռ շատ փոքր տարիքից սիրում էի երգել։ Գնացած համերգներից արտասվալից աչքերով էի վերադառնում տուն։ Հաճախ էլ երազում, պատկերացնում էի, որ բեմում գտնվող երգչուհին ես եմ, և որ նրան ուղղված ծափահարությունները, բրավոներն ինձ էին հասցեագրված։ Այդ տարիներին ջանացի երաժշտության հանդեպ սերս հագեցնել երգչախմբում. ուրախ էի, որ երգում էի, բայց նորից ինչ-որ բանի պակաս էի զգում, չէի գոհանում։ Ի վերջո Աստծո՝ սիրտս դրած ու ականջիս փսփսացող ձայնը ինձ ալբոմ ունենալու որոշման մղեց։

Ալբոմից հետո բազմաթիվ երկրներից համերգների առաջարկներ ստացա։ Երգեցի տարբեր բեմերում, սակայն Պոլսի համերգի համար սպասեցի։ Այդքան արձագանքներից հետո մտածում, ցանկանում էի իմ հայրենակիցներին ներկայանալ շատ տարբեր, խոսք ասող ծրագրով։ Եվ այդ երազանքս նույնպես իրականացավ։

– Մեր առաջին զրույցի ընթացքում նաև ասացիր, որ շատ կցանկանայիր հայ երգիչների հետ զուգերգ կատարել, հատկապես՝ Անդրեի հետ: Այսօր այդ երազանքը ևս իրականություն է դարձել։ Նախ՝ Անդրեի հետ մասնակցեցիր Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Մենք ու մենք» ծրագրին, իսկ այսօր համերգ ունեցար Պոլսի ամենամեծ համերգասրահներից մեկում։ Կարծում եմ՝ Անդրեի հետ համագործակցությունը իսկական բարեկամության է վերածվել։ Ի՞նքդ ես ցանկացել, որ Պոլսում կայացած համերգին նաև նա մասնակցի։

– Կյանքն ինձ շատ գեղեցիկ անակնկալներ մատուցեց։ Անդրեն իմ ամենասիրած երաժիշտներից մեկն է։ Նա շատ լավ ու համեստ անձնավորություն լինելով՝ հետևել էր իմ քայլերին, գործունեությանը և ինձ հետ ծանոթանալու ցանկություն էր հայտնել։  Մեկ տարի առաջ ծանոթացանք և շատ շուտ մտերմացանք։ Ծանոթության հենց սկզբից երազում էինք զուգերգ ունենալ։ Մի քանի ամիս հետո «Մենք ու մենք» ծրագրին մասնակցելու առաջարկ ստացանք, որտեղ Անդրեի հետ 8 զուգերգ կատարեցինք։ Երկուսիս ելույթներին հանդիսատեսն անհամբերությամբ էր սպասում։  Կարծում եմ՝ մեր մեջ ծագած մտերմությունն ու անկեղծությունը կարողացանք փոխանցել երաժշտասերներին։

Մեկ տարի առաջ սկսվել էր իրագործվել Ֆերիքյոյի եկեղեցու տոնակատարությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կազմակերպիչներն ինձ համերգի առաջարկ արեցին, ես էլ ցանկություն հայտնեցի, որ համերգին մասնակցի նաև Անդրեն։ Նրանք սիրով ընդունեցին առաջարկս և իսկապես հսկայական աշխատանք կատարեցին գեղեցիկ համերգ կազմակերպելու համար. ոչ մի պահ չզլացան։

– Համերգը բարեգործական էր և նվիրված էր Ս. Վարդանանց Եկեղեցու 150, Մերամեթճեան վարժարանի 100 և Սանուց միութեան 50-ամյակներին։ Կցանկանայի՝ այս մասին ևս մի փոքր պատմեիր։

– 2012 թվականը հոբելյանական էր Ֆերիքյո թաղի համար։ Լրանում էր եկեղեցու 150, Վարժարանի 100, Դպրաց դաս երգչախմբի 80 և Սանուց միության 50-ամյակները։ Այդ պատճառով կազմակերպիչները ցանկանում էին այնպիսի միջոցառում իրականացնել, որպեսզի արժանավայել կերպով նշանավորվեն հոբելյանները։ Եվ իսկապե´ս շատ մեծ արձագանք գտավ այս նախաձեռնությունը։ Շատերն իրենց հիացմունքը և գնահատականը հայտնեցին՝ ասելով, որ հսկայական աշխատանք էր կատարվել, և ամեն ինչ շատ լավ էր կազմակեպվել։

– Վերադառնանք Պոլսի համերգին: Ինչպե՞ս էր կատարվել երգերի ընտրությունը։ Ի՞նչ երգեր հնչեցին համերգի ժամանակ, հատկապես ո՞ր երգը կամ երգերը ավելի ջերմ ընդունվեցին հանդիսատեսի կողմից։ Եվ արդյո՞ք երգի պրեմիերա տեղի ունեցավ։ 

– Համերգի հայտագիրը 23 երգից էր բաղկացած՝ 9 զուգերգ և 7-ական մեներգեր։ Համերգի ընթացքում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի խոսքերով և Մաժակ Թոշիկյանի երաժշտությամբ գրված «Քո հայրենիք» երգի պրեմիերան, որն առաջին անգամ հնչեց հունվարի 21-ին «TIM Show Center» համերգասրահում։

Երգերը Անդրեի հետ մասին ենք ընտրել։ Երեկոյի ընթացքում հնչեցին «Կիլիկիան», «Ադանայի ողբը», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Հայաստանիս», «Գետաշեն»,   «Էրեբունի-Երևան», «Ազգ փառապանծ», «Նամակ», «Հորովել», «Time To Say Goodbye» և այլ երգեր։ Բոլոր կատարումները շատ ջերմ ընդունելություն գտան հանդիսատեսի կողմից։

– Սիպի´լ ջան, իսկ ի՞նչ հետաքրքիր դեպք կարող ես հիշել համերգից։

– Հիշելու այնքան բան կա, որ չգիտեմ՝ որը պատմեմ։ Համերգի ընթացքում շատ մեծ ներդաշնակություն կար Անդրեի և իմ միջև. և´ հուզվեցինք, և´ զվարճացանք։ Համերգասրահում գտնվում էին նաև դպրոցականներ, որոնց «Սիբիլ-Անդրե» ջերմ վանկարկումները և սրահը իրենց բացականչություններով թնդացնելը մեծ հաճույք պատճառեց մեզ։

– Հնարավո՞ր է, որ նույն համերգային ծրագրով հանդես գաք նաև Հայաստանում։ 

– Շատ կը փափագինք, և եթե առաջարկներ լինեն, ապա՝ մեծ սիրով։

– Տեղյակ եմ, որ համերգի ղեկավար-դիրիժորը Մաժակ Թոշիկյանն էր։ Ուրախալի է, որ Մաժակ Թոշիկյանի հետ համագործակցությունը շարունակվում է. առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր կան ։

– Համերգի ղեկավարը և երգերի գործիքավորողը Մաժակ Թոշիկյանն էր։ Նրա հետ մոտ ապագայում սկսելու ենք երկրորդ ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքները։

– Սիրելի´ Սիպիլ , յուրաքանչյուր լավ աշխատանք աջակիցների կարիք ունի, մարդկանց, ովքեր հավատում են քեզ և օգնության ձեռք մեկնում։ Ովքե՞ր են համերգի ժամանակ աջակցել քեզ, քո կողքին եղել։ 

– Լոսինե´ ջան, երբ ես այս ճանապարհով սկսեցի ընթանալ, Աստծուն աղոթեցի, որ դիմացս շատ լավ մարդիկ հանդիպեն՝ ինձ լավ աչքերով նայող, աջակցող, բարի կամեցող մարդիկ։ Իսկապես, այդպես էլ եղավ։ Այս իմաստով ես ինձ շատ հարուստ եմ զգում։ Ուրախ եմ ու երջանիկ, որ իմ հաջողությունների, երջանկության համար աղոթող մարդիկ կան։ Իսկ ես էլ նրանցից ստացած ուժով պետք է շատ աշխատեմ։ Տիրոջ օգնությամբ՝ հայ համայնքի և հայկական մշակույթի անունը բարձր պահելու համար ջանք չպետք է խնայեմ։ Իսկ այս համերգի հովանավորը Կարագյոզյան վարժարանի խնամակալության խորհրդի ատենապետ պարոն Տիգրան Գուլմեզգիլն էր։ Նրա շնորհիվ մենք ապրեցինք անմոռաց գիշեր մը…

– Սիպի´լ ջան, «Նամակ» երգը քեզ համար մի գեղեցիկ ճանապարհ հարթեց… Համերգներ ունեցար տարբեր երկրներում, նաև քո հարազատ Պոլսում։ Այս ընթացքում ի՞նչ նոր բան է կատարվել քո կյանքում։

– Կյանքն ինձ համար էլ ավելի պայծառ, հաճելի և ավելի լույսով լցվեց։ Չկա երազ, որ չիրականանա։ Ինձ մոտիկից ճանաչող ընկերներս ասում են. «Դու մեզ համար շատ լավ օրինակ դարձար, քո հավատի շնորհիվ ունեցած հաջողությոններդ մեր զավակներին պետք է պատմենք, և դու էլ պատմություն պետք է անցնես»։

– Զրույցի վերջում ի՞նչ կցանկանաս մաղթել քո հանդիսատեսին, այն մարդկանց, որոնց հուզում է քո երգը, ովքեր անհամբեր սպասում են քո համերգներին։ 

– Սրտանց շնորհակալություն կցանկանամ հայտնել ջերմ մաղթանքների, վերաբերմունքի և իմ հանդեպ ունեցած սիրո համար։ Յուրաքանչյուր գովասանք, յուրաքանչյուր նամակ, յուրաքանչյուր մաղթանք իմ սիրտը կը ջերմացնե։ Ցանկանում եմ, որ բոլորը ողջ լինեն և լավ մնան։ Աստծո օրհնությունը թող բոլորի վրա լինի։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև իմ ջերմ բարևները փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին։

Հարցազրույցը՝ Լուսինե Աբրահամյանի

Scroll Up