Ծաղկազարդը Օդեսայում

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12

Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով ու հավատացյալներով։
Այդ օրը Ծաղկազարդ էր, Հայ եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը, Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Դռնբացեքի խորհրդավոր արարողությունից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի, մատուցվեց տոնին պատշաճ Սուրբ և Անմահ պատարագ։ Իր քարոզում պատարագիչ քահանան մեկնեց տոնի հետ կապված պատմական իրադարձությունը, նրա իմաստն ու խորհուրդը՝ «ընդունենք Քրիստոսին մեր օջախներից ներս»։

Քանի որ Ծաղկազարդը Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառի կողմից հռչակված է մանուկների օրհնության օր՝ շարականների երգեցողությունից և տոնի խորհրդին հարազատ ավետարանական ընթերցումներից հետո (ընթերցվեց հատված «Երգ երգոց»-ից) կատարվեց մանուկների օրհնության կարգ. «…Քրիստոս Աստվա՛ծ մեր, պահպանիր և օրհնիր այս մանուկներին, Հայաստան աշխարհս, ժողովուրդս հայոց՝ քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ»։

Հնչեց Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»՝ ի հիշատակ և ի նմանություն արմավենու կամ ձիթենու ծաղկած ճյուղերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու արարողության։

Վառվող մոմերի լույսով ողողված եկեղեցում Տեր Հայրն օրհնեց ուռենու ճկուն, նորաբողբոջ ճյուղերը, և դրանք բաժանվեցին ներկաներին։ Մարդկանց սրտերը բերկրանքով էին լցված, աչքերից ուրախություն էր ճառագում։
Տոնախմբությունը շարունակվեց մշակույթի տան մեծ ու լուսափթիթ հանդիսասրահում, ուր կայացավ գարնանային սքանչելի տոներին՝ Ծաղկազարդին և Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգ։

Ներկա էին համայնքի ղեկավարությունը, հոգևոր դասի ներկայացուցիչները, եկեղեցական վարչության անդամները, պատվավոր հյուրեր՝ այլ համայնքներից, մեր հայրենակիցները։
Տերունական աղոթքից և Տեր Հոր օրհնությունից հետո ողջույնի ջերմ խոսքեր հղեց դահլիճին համայնքի նախագահ պրն. Սամվել Տիգրանյանը և ի սրտե շնորհավորեց «գարնան նման գեղեցիկ հայոց մայրերին»:

«Այսօր բոլորիս տոնն է, քանի որ մայրը չունի տարիք և ազգություն»,- այսպես սկսեց վրացական «Սաքարթվելո» ազգա-մշակութային միության նախագահ Ակակի Յակոբիշվիլին և գեղեցիկ բարեմաղթանքներով շնորհավորեց մայրության ու գեղեցկության տոնը։

Համերգային մասն սկսվեց «Ծաղկազարդ» պարով («Նաիրի» պարախումբ)։ Սիրելի մայրերին ու չքնաղ հայուհիներին հանրահայտ երգերից հյուսված մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցին «Արաքս» վոկալ համույթը, Էրիկ Հարությունյանը և Անի Գասպարյանը։ Հնչեցին՝ «Ես քեզ սիրում եմ, մա՛մա», «Մա՛յր իմ», «Ով սիրու՜ն, սիրու՜ն», «Մարիամ», «Քո հետքը»,«Հայի աչքեր», «Թռչեի՜ մտքով տուն»…
Հաճելի նվեր էր մայրերին Ժաննա Կարուխանյանի ջութակի կոմպոզիցիան։
Այնուհետև հանդիսատեսները զմայլվեցին աննման հայուհիների հեզաճկուն պարերով։  Ծափահարությունների արժանացավ դհոլահար Արսեն Գրիգորյանը։ Ոգևորիչ էր «Շալախո» հայրենասիրական, հերոսական պարեղանակը՝ Սիրանուշ Մինասյանի կատարմամբ։

Տոնակատարության ընթացքում, մայրերին նվիրված՝ «Այնպես հարազատ ես նայում, քնքուշ…», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել», «Դու աշխարհի խիղճն ես, մա՛յր իմ» ներբող-բանաստեղծություններով հանդես եկան հաղորդավարներ՝ Օդեսայի մարզի երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը և նույն կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Վարդանյանը։

Ծաղկազարդը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում՝ Ծառզարդարը, նորաբողբոջ ծառ ու ծաղկի տոն է։ Իսկ երեխաները մեր կյանքի ծաղիկներն են։ Գարնան ու ծաղկի, մայրության ու գեղեցկության այս չքնաղ տոնը զարդարեցին «Արևիկ» մանկապարտեզի սաները։ Նրանք մեծ խանդավառությամբ ելույթ ունեցան.

-Թո՛ղ լինի միշտ արևը,
Թո՛ղ լինի միշտ երկինքը,
Թո՛ղ լինի միշտ մայրիկը,
Եվ թո՛ղ միշտ լինեմ ես…

Երբ փոքրիկները մեծերի հետ խմբովի երգեցին «Նազանի» երգը, դահլիճը կրկին թնդաց ծափահարություններից։

Մեզ համար մոր նման լուսեղեն ու նվիրական անուններ են՝ հայրենիքը, լեզուն, եկեղեցին, մեր գլխավոր քաղաքը, և բոլորին անվանում ենք՝ Մայր։  «Արաքս» համույթի կատարմամբ մայր գետի ալյաց նման գլորվեցին քաղաքամայր Երևանին ձոնված երգեր։ Մեր վարդագույն քաղաքի հանդեպ տածած սիրո ու կարոտի արտահայտությունն էին՝ «Երբ բացվում է առավոտը», «Ջա՜ն, ի՛մ Երևան», «Երևանի գիշերները» հոգեթով երգերը։
Հայրենիքը գեղանի մայրն է աշխարհասփյուռ հայերիս՝ մոր նման բարի ու հոգատար իր զավակների հանդեպ։ Նրա գովքն էր հաջորդ երաժշտական համարը, որում վեր էր հառնում հայրենիքն իր հմայքով ու գեղեցկությամբ՝ իր տաղ ու խաղերով, հայրեններով, իր չքնաղ բնաշխարհով ու քաջ որդիներով։
Տոնահամերգի ավարտին սրահում տարածվեցին «Հայ-հայ» քաջալերող, խանդավառող երգի ախորժալուր հնչյունները.

.. Մենք Արցախն ենք, մենք մեծ Սփյուռքն ենք,
Մենք միասին կոչվում ենք՝ Հայաստա՜ն, Հայաստա՜ն։

Այս հրաշալի տոնահամերգը կազմակերպել էր «Արաքս» համույթի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր, շնորհալի երգչուհի և մայրության բերկրանքին սպասող հայուհի Սիրանուշ Մինասյանը։ Ցանկանք նրան բարի մայրություն և երջանկություն։

Գովեստի խոսքեր հղենք մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանին՝ բազմակողմանի աջակցության, օժանդակության համար։ Նրանց նման հայ կանանց, մայրերի շնորհիվ է, որ ունենք աշխարհով մեկ սփռված մշակութային բարձրակարգ օջախներ ու կրթօջախներ։ Իրենց գործունեությամբ նրանք հավաստում են՝ հայ մայրը հայրենիքում և հայրենիքից դուրս նվիրյալ է հայի ու հայեցի դաստիարակման վեհ գործի։

Ծաղկաբույ՜ր գարուն է, մայրության բերկրանք, սեր ու գեղեցկություն…

Նարինե Մուրադյան
ք․ Օդեսա «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a16%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a17%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a18%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a19%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a110 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a111