Հայոց լեզվին նվիրված սեմինար Պորտուգալիայում

Ապրիլի 5-ին «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախաձեռնությամբ Լիսաբոնի համալսարանի գրերի ֆակուլտետում (Faculdade de Letras de Universidade de Lisboa) կայացել է «Հայոց լեզվի օր» խորագրով սեմինար:

«Մի քանի ամիս առաջ հանդիպել էի Լիսաբոնի համալսարանի գրերի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պաուլո Ալբերտոյի հետ, որին ներկայացրի սեմինարի գաղափարն ու որոշ մանրամասներ: Նա ողջունեց մեր նախաձեռնությունը՝ նշելով, որ իրենց ֆակուլտետում շատ հաճախ են տարբեր երկրների մշակույթին ու լեզվին նվիրված ձեռնարկներ կազմակերպվում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանը:

Սեմինարից առաջ ֆակուլտետի նախասրահում կայացել է Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել է մեր մշակույթը, պատմամշակութային կարևոր հուշարձանները, ինչը բնորոշում և բնութագրում է Հայաստանն ու հայ ժողովրդին:

Սեմինարը կայացել է ֆակուլտետի ամենամեծ դահլիճում, որտեղ ներկա են եղել համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ղեկավար մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Սեմինարն իր ողջույնի խոսքով բացել է ֆակուլտետի փոխտնօրեն, պրոֆեսոր Ժուաու Դիոնիզիոն: Վերջինս իր ելույթում ընդգծել է նման ձեռնարկի կարևորությունը և նշանակությունը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահ Վահե Մխիթարյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է միության աշխատանքները և խոսել ապագա անելիքների մասին:

Սեմինարը վարել է «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» հիմնադիր անդամ Լիա Խաչիկյանը, ով Լիսաբոնում պորտուգալերեն լեզվի ու մշակույթի ուսումնասիրությամբ է զբաղվում:

«Պորտուգալացի ներկաներին բավականաչափ ընդհանրական ու հնարավորինս ամփոփիչ փորձեցի ներկայացնել հայոց լեզուն և մշակույթը: Խոսեցի հայերենի աշխարհագրական տարածման, լեզվի պատմության և զարգացման փուլերի,  գրերի ստեղծման, այբուբենի կազմության և հետագա փոփոխությունների, արևմտահայերենի և արևելահայերենի հիմնական հնչյունաբանական և բառապաշարի տարբերությունների մասին: Անդրադարձ կատարեցի նաև Հայաստանի Հանրապետության և Պատմական Հայաստանի տարածքում առկա բարբառներին, ընդհանուր տեղեկություններ փոխանցեցի լեզվի քերականական կառուցվածքի վերաբերյալ», «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիա Խաչիկյանը:

Սեմինարի ընթացքում պորտուգալացի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել նաև ծանոթանալու հայ ժամանակակից պոեզիայի հետ: Հնչել են Հովհ. Թումանյանի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի և Պ. Սևակի բանաստեղծություններից մի քանիսը:

Սեմինարի ավարտին ելույթ է ունեցել միության հովանու ներքո գործող «Կոնսոնանսիա» լարային նվագախմբի մենակատարներից կազմված կվարտետը՝ Ելենա Ռյաբովա (առաջին ջութակ), Անժելա Հակոբյան (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Դելգադո (ալտ), Լևոն Մուրադյան (թավջութակ): Հնչել են Կոմիտասի ստեղծագործություններն ու ժողովրդական մեղեդիներ:

Խոսելով առաջիկա ծրագերի մասին՝ «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» նախագահը նշեց, որ նախատեսում են առաջիկայում երկու սեմինար իրականացնել՝ «Հայերը՝ որպես գիտության և նորարարության ազգ» և «Հայկական միջնադարյան ճարտարապետություն և եկեղեցաշինություն» խորագրերով:

%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%801%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%802%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%803%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%804%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%805 %d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%806

Scroll Up