Միշտ ուրախությամբ ենք հետևում «Արի տուն» ծրագրի ընթացքին. Սարգիս Բեդոյան

%d5%a2%d5%a5%d5%a4%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2017թ. ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ բարերար Սարգիս Բեդոյանը, որի մեկենասությամբ Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարանների աշակերտները Հայաստան են եկել, ելույթի ընթացքում նշեց, որ արդեն 11 տարի է, երբ նա դեռ «Ս. Մեսրոպ-Արապեան» վարժարանի պատվո ատենապետն էր, իրականացնում են այս ծրագիրը: Տարիներ հետո աշակերտների ծնողներն են խանդավառված միացել՝ գիտակցելով օտարության մեջ ապրող իրենց երեխաների՝ Հայաստան այցելելու կարևորությունը:

«Այս տարիների ընթացքում մեր ցանկությունն է եղել, որ սփյուռքահայ երիտասարդները Հայաստան այցելելով՝ կապվեն իրենց արմատներին, մոտիկից ծանոթանան հայկական ավանդույթներին և Հայրենիքը հոգիներում ունենալով՝ Ֆրանսիա վերադառնան: Միշտ ուրախությամբ ենք հետևում «Արի տան» ընթացքին և համոզված ենք, որ ծրագրի շրջանակներում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում և մյուս վայրերում լինելով՝ ֆրանսաբնակ տղաները հայրենասիրությամբ կտոգորվեն, քանի որ նրանք գուցե ապագայում Հայոց բանակի քաջարի զինվորները դառնան և պաշտպանեն մեր սահմանների անառիկությունը»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ասել է Սարգիս Բեդոյանը:

Այնուհետև բարերարը պատանիներին ու աղջիկներին հիշեցրել է, որ 8-10 միլիոն հայերով՝ ուժեղ, համախմբված ժողովուրդ են, և հորդորել է հպարտանալ այդ ժողովրդի զավակները լինելու համար:

Վերջում Սարգիս Բեդոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ վստահեցնելով, որ հետագայում շարունակելու են ակտիվորեն մասնակցել «Արի տուն»  ծրագրին:

Գևորգ Չիչյան