«Ես այնքա՜ն վստահ եմ, որ Հայաստանն անպայման պետք է ծաղկի». Պետրոս Գյուրունլյան

%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6

Աշխարհի հնագույն քաղաքակրթության բնօրրաններից մեկում՝ Էգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերով ողողված ափերի մոտ գտնվող Հունաստանում, հայերը հաստատվել են դեռևս 5-ից 6-րդ դարերում, հիմնել են քաղաքներ ու եկեղեցիներ, դպրոցներ ու մշակութային օջախներ, պարբերականներ, գործարաններ, նշանավոր ընկերություններ, բացել զանազան արտադրություններ: Մերօրյա հայ արտադրողներից այս օրերին ՀՀ Սփյուռքի նախարարությունում Աթենքից հյուրընկալված գործարար Պետրոս Գյուրունլյանի հետ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ունեցած զրույցի ընթացքում, այս էլ՝ որերորդ անգամ, առիթ եմ ունենում հիանալու հայի՝ դարերի խորքից եկող, ավելին՝ ի վերուստ տրված անքննելի բացառիկ տաղանդով, աշխատասիրությամբ, մտքի թռիչքներով:

-Բարո՛վ եք եկել, պարո՛ն Գյուրունլյան. տեղեկացված եմ, որ Դուք գործարար-արտադրող եք, ասացեք, խնդրեմ, ի՞նչ արտադրության մասին է խոսքը:

-Իմ նախնիների թողած գործն եմ շարունակում, այսինքն՝ մսամթերքի արտադրություն ունենք, երկու տղաներիս հետ եմ աշխատում: Այդ արտադրությունը հիմնադրվել է պապիս կողմից՝ դեռևս 1922 թվականին: Արտադրությունն անվանել ենք հորս անունով՝ «Միրան» :

-Որտեղի՞ց են Ձեր արմատները:

-Մորս արմատները Ադանայից են, հորս արմատները՝ Կապադովկիայից են, Կեսարիայից, ծնողներս Հունաստանում են ծնվել, մենք՝ ևս: Հունաստանում հայերը միշտ մեծ թիվ են կազմել և իրենց շնորհքով աչքի ընկել բոլոր ոլորտներում:

 -Ե՞րբ եք առաջին անգամ եղել Հայաստանում և ի՞նչ փոփոխություններ եք տեսնում հիմա:

-1992-93 թվերին եմ եղել Հայաստանում, երբ ջուր, լույս չկար: Հիմա հսկայական տարբերություն եմ տեսնում, կարծես մի այլ աշխարհում եմ հայտնվել: Երևանը ոչ մի բանով պակաս չէ շատ մեծ ու հռչակ ունեցող քաղաքներից. Աթենքի՛ց էլ ,Լոնդոնի՛ց էլ պակաս բան չունի, և ունի այնպիսի առավելություններ, որ չունեն այլ քաղաքներ՝ ապահովություն և մարդկային ջերմություն, հյուրասիրություն: Աշխարհով մեկ սփռված և Հայաստանում ապրող բոլոր հայերը պետք է սիրեն ու աշխատեն Հայրենիքի համար: Ես այնքա՜ն վստահ եմ, որ Հայաստանը պետք է անպայման ծաղկի:

-Պարո՛ն Գյուրունլյան, Ձեր արտադրանքը միայն հայկական ավանդական տեսականի՞ է՝ բաստուրմա, սուջուխ, քյուֆթա և այլ կիսաֆաբրիկատներ…

– Արտադրում ենք և՛ հայկական ավանդական տեսականի, և՛ եվրոպական, և այդ ամենը առաքում ենք Հունաստանի տարածքում գործող մեր ընկերությանը պատկանող խանութներին:

-Հունաստանից դուրս առաքում չունե՞ք…

-Ունե՛նք. մեր արտադրանքը ուղարկում ենք նաև ֆրանսիա, Շվեդիա, Ավստրիա…

-Նպատակ ունե՞ք արդյոք Հայաստանի հետ ևս համագործակցել:

-Մտածում ենք այդ ուղղությամբ, սակայն կան փոքր-ինչ դժվարություններ, որոնք, կկարողանանք հաղթահարել: Արդեն կապերը կան:

-ՀՀ սփյուռքի նախարարության հետ վաղու՞ց եք բարեկամացել:

-Նախարարի հետ վաղուց եմ ծանոթացել. առաջին անգամ Հայաստանում եմ հանդիպել, հետո՝ Աթենքում: Ապրիլի 12-ին իմ այցը նախարարություն համընկավ նախարարի ծննդյան տոնին, և ես հաճելի առիթ ունեցա շնորհավորելու նրան՝ մաղթելով, որ միշտ հրաշալի նախաձեռնությունների հեղինակ լինի և շարունակի այդ կարևոր աշխատանքը՝ ի շահ Հայրենիքի, Սփյուռքի:

-Պարո՛ն Գյուրունլյան, ՀՀ սփյուռքի նախարարությունն ամիսներ առաջ սկսել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը. լսե՞լ եք այդ մասին, միացե՞լ եք այդ շարժմանը:

-Վաղուց և շատ անգամ ենք օժանդակել Արցախին. մենք բժշկական զանազան սարքավորումներ ենք նվիրել Ստեփանակերտի հիվանդանոցին, հաճախ եմ եղել Արցախում՝ սկսած արցախյան գոյամարտի առաջին պատերազմի տարիներից: Շա՜տ եմ սիրում այդ չքնաղ բնաշխարհը: Ասեմ նաև, որ իմ ընտանիքը նվիրատվություն է արել. արդեն 14 տարի է, ինչ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն անհատույց տվել եմ իմ բնակարանը, որը ներկայումս էլ այնտեղ է գործում:

-Շնորհակալությու՛ն, հարգելի՛ հայրենակից. հուսանք, որ մսամթերքի Ձեր տոհմական արտադրանքը  մոտ ապագայում  կգրավի նաև հայաստանյան շուկան: 

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի