Արցախի ապագա կարգավիճակը որոշվելու է իր ժողովրդի կողմից. Կարեն Միրզոյան

karen-mirzoyan

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել CNN Greece հեռուստաալիքին։

Անդրադառնալով արցախյան հակամարտությանը Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում քայլեր էր ձեռնարկում շփման գծում լարվածությունը հետևողականորեն սրելու ուղղությամբ, որի գագաթնակետը եղավ նախորդ տարվա ապրիլին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, ինչի հետևանքով զոհվեցին ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիներ: Նրա խոսքով` ապրիլյան ագրեսիան ավելի հրատապ է դարձրել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման վերաբերյալ առաջարկների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

«Չնայած վերոնշյալ առաջարկների շուրջ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ․ հուլիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է իրագործել դրանք և շարունակում ապակայունացնել իրավիճակը շփման գծում»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:
Կարեն Միրզոյանի դիտարկմամբ` հակամարտության կարգավորման առումով Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Նրա կարծիքով` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այդ երեք երկրները հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ և համադրում բոլոր ջանքերը, չնայած այլ միջազգային խնդիրների շուրջ նրանց ունեցած տարաձայնությունների: Նախարարն, անդրադառնալով ԵՄ ներգրավվածության վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ Արցախը, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, ստիպված է եղել կերտել ժողովրդավարական պետականություն՝ առանց որևէ արտաքին աջակցության, այդ թվում եվրոպական կառույցների կողմից։ Այս առումով Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է տարածաշրջանում ԵՄ ներկայացվածությունը և նշել, որ Արցախը պատրաստ է համագործակցել՝ երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե էներգետիկ ոլորտում ունեցած դերակատարության շնորհիվ Ադրբեջանի քաղաքական ազդեցության հավանական աճը ինչպե՞ս կարող է ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Կարեն Միրզոյանն ասել է, որ նավթը և գազը շատ կարևոր են ոչ միայն տնտեսության, այլ նաև անվտանգության համար, սակայն վաղ թե ուշ դրանք սպառվում են։ «Եթե դիտարկենք կարճաժամկետ շահերի տեսանկյունից, էներգակիրների առկայությունը շատ կարևոր գործոն է, սակայն երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարությունն ու կայունությունն ավելի կարևոր են, քան նավթն ու գազը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար:

Միրզոյանի խոսքով` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը և վճռական միջոցներ չեն ձեռնարկվում նրան զսպելու ուղղությամբ, Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ առկա է, ինչը սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար։

«Արցախի ապագա կարգավիճակը որոշվելու է իր ժողովրդի կողմից. ներկայումս Արցախի Հանրապետությունն անկախ երկիր է՝ սեփական սահմանադրությամբ ու պետական ինստիտուտներով»,-Արցախպրեսի հաղորդմամբ՝ հավելել է նախարարը։