«Այսօր մեր հասարակությունը վստահում է հայ արտադրողին». Մարիանա Քաբաբյան

%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1

Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոն այցելողները չեն կարողանում անտարբեր անցնել   4-րդ հարկի սրահների մոտով, ուր ցուցադրվում   և վաճառվում են արվեստի գործեր՝ նկարներ, կիրառական զարդարվեստի  տեսականի, ազգային   ոճով կարված տարազներ, ինչպես նաև՝ մերօրյա հագուստեղեն, շալեր, հյուսկեն աշխատանքներ, փայտագործական ժողովրդական արվեստի նմուշներ, բժշկական կոսմետիկ միջոցներ, մոմեր, օճառների տեսականի, կոշկեղեն, հուշանվերներ…Տեղական արտադրողների բարձրորակ աշխատանքներն, ի ուրախություն մեզ, այսօր իրենց   ուրույն տեղն   են գրավում ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին շուկայում:   Այս և նման այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց   մեր զրույցը «Armenian brands»- «Հայկական ապրանքանիշեր»   նախագծի ղեկավար Մարիանա Քաբաբյանի հետ:

 -Մարիանա՛, ասացեք, խնդրեմ, թե ում մտահղացումն է այս նախագիծը:

-Գաղափարը «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ինն է, իսկ ես այդ կազմակերպության   աշխատակիցն եմ, ինձ ուղղակի կցել են այս նախագծին, որպեսզի զբաղվեմ կազմակերպչական աշխատանքներով: Թեև մասնագիտությամբ բանասեր եմ, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, սակայն հաճելիորեն աշխատակցում եմ այս հայտնի կազմակերպությանը:

-Դժվա՞ր էր լծվել այս պատասխանատու և   լայնամասշտաբ աշխատանքին:

-Ահռելի աշխատանք է արվել. հարկավոր էր մեկտեղել բոլոր հայ արտադրողներին ու ներկայացնել մեկ հարկի տակ. ցավոք, այդ գաղափարը չկարողացանք իրականացնել, բոլորին չկարողացանք այստեղ ներկայացնել: Մեզ միացան այն արտադրողներն, ովքեր հավատացին մեզ, հավատացին գաղափարի իրականացմանը և ցանկացան համագործակցել մեզ հետ:   Սա մշտական գործող խանութ-սրահ է, առևտրային հարթակ, ուր իրենց աշխատանքներն են ներկայացրել մոտ 60 հայ արտադրողներ: Ի սկզբանե փորձել ենք կապ հաստատել հագուստ ձևավորողների հետ, հագուստի սրահն ենք բացել, որից հետո շատ արտադրողներ իրե՛նք եկան և մեզ հետ   համագործակցելու ցանկություն հայտնեցին: Փա՛ռք Աստծո, այսօր մեր հասարակությունը վստահում է հայ արտադրողին և գնումներ են կատարում այստեղից: Կանանց տոնի միամսյակի շրջանակներում իրականացրեցինք մեզ համար մի աննախադեպ նախագիծ՝ առաջին անգամ   կազմակերպելով ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացրեցինք   երկու հայ նկարչուհիների՝ Աննա Հարությունյանի և Հասմիկ Ավետիսյանի կտավները: Աննա Հարությունյանի հետ որոշել ենք երկարատև համագործակցել և պարբերաբար ներկայացնել հայ տարբեր նկարիչների աշխատանքները, որպեսզի մարդիկ կարողանան այստեղից նաև արվեստի   գործեր՝ նկարներ ձեռք բերել: Մեր սրահում արդեն ունենք նկարիչների համար մշտապես գործող   հատվածներ, սակայն այս ցուցահանդես-վաճառքով էլ ներգրավում ենք նոր դեմքերի, նոր արվեստագետների: Սա արված էր միամսյակի շրջանակներում, որի բացումը տեղի ունեցավ   նորաձևության ցուցահանդեսի հետ համատեղ, և մենք ազդարարեցինք այդ ցուցահանդեսի բացումը, որն ավարտվեց ապրիլի 7-ին: Հագուստի և կտավների   հատվածը մնում է և մշտապես գործելու է:

-Մարիանա՛,  հայկական տարազներով և ազգային ոճի արդուզարդով միայն   օտարեկրացինե՞րն  են   հետաքրքրվում:

– Մեծ ուրախությամբ պետք է փաստեմ, որ ազգայինը հետաքրքրում է ոչ միայն դրսից եկածներին. տեղացիներն էլ  սիրով գնում են դրանք և համարձակորեն կրում առօրյայում: Մեր դիզայներներն էլ հայկական ազգային տարրերն օգտագործում են իրենց ներկայացրած հավաքածուներում: «Տերյան» մշակութային կենտրոնը, որը ազգայինի պահպանման և վերածննդի ջատագովն է, այստեղ պարբերաբար կազմակերպում ու ներկայացնում է նորաձևության ցուցադրություններ՝ ներկայացնելով հայկական տարազներ: Այս կենտրոնում գործում է նաև լուսանկարահանման լաբորատորիա–անկյուն, ուր մարդիկ կարող են գալ, հագնել ազգային տարազ ու լուսանկարվել: Մենք ծրագրել ենք համագործակցել նաև զբոսաշրջային կազմակերպությունների հետ. մեզնով հետաքրքրված են և՛ դրսից եկողները, և՛ հայաստանաբնակները, այսինքն՝ մեր կազմակերպությունն ընդլայնվում է, մեծանում է մեզնով հետաքրքրվողների աշխարհագրական տարածքը: Հուսանք, որ մրցակցային դաշտում հայ արտադրողները   մոտ ապագայում կգրավեն առաջնային տեղեր և հայկական ապրանքանիշերը կլինեն ամենափնտրվողները:

Մարիանա  Քաբաբյանի հետ իմ զրույցը շարունակում է սիրիահայ, ապագա լրագրող Լյուսի-Վանան, ում հետաքրքրում էին ցուցահանդես-վաճառքի առիթով եղած արձագանքները, «Տաշիր» առևտրի կենտրոնում թուրքական ապրանքի առկայության դեպքում հայ արտադրողի ապրանքանիշի հաջողության գրավականը, այդ երկու տարբեր երկրների ապրանքանիշերի մեկտեղումը մեկ հարկի տակ, իսկ Մարիանան պատմում է բազմաթիվ դրական արձագանքների մասին և հայկական ապրանքանիշի մրցունակության՝ տարեցտարի հզորացող ներուժի մասին: 

Կարինե Ավագյան

%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a11%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a11%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a12%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a13