«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմի առաջնախաղ «Նարեկացի» միությունում

film

Ապրիլի 14-ին,  ժամը՝ 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում տեղի կունենա Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:

«Ֆիլմի ստեղծման ամենամեծ շարժառիթը քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն է Արցախի հակամարտության լուծման հարցում: Այո, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խումբ, որը, սակայն, կարծես կոչված է անհասցե հայտարարություններ անելու, որոնք ավելի շատ նման են լռության: Ինչպես ֆիլմում եմ նշել, հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ, իմ կարծիքով, մենք շատ անելիքներ ունենք: Ադրբեջանական հակահայ քարոզչությունը ամբողջ աշխարհում հասել է գագաթնակետին. գրքեր, ֆիլմեր, ելույթներ, հնարավոր ամեն տարբերակ օգտագործում են հակահայ քարոզչության համար: Այս ֆիլմը, կարծում եմ, պատասխան է ադրբեջանական քարոզչությանը: Ֆիլմում տեղ գտած փաստերը ջրի երես են հանում ադրբեջանական քարոզչության կեղծիքները: Աշխարհը քիչ տեղեկատվություն ունի այս հակամարտության մասին, ֆիլմով փորձել եմ հնարավորինս փակել այդ բացը: Եթե մեկ նախադասությամբ խոսեմ ֆիլմի նշանակության մասին՝ այն է՝ ցույց տալ ադրբեջանական քարոզչության դատարկամտությունը և ամենակարևորը՝ ինչո՞ւ է Արցախը ձգտում անկախ ապրել»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը:

Ֆիլմը ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև պատմական ակնարկ է տրվում Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին, որպեսզի աշխարհն ավելի ճիշտ տեղեկացված լինի:

«Ֆիլմի համար ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ունեցել, օգնել են ընկերներս և ծանոթներս. մեկը անվճար աշխատել է, մյուսը՝ ինչ-ինչ հարցերում հնարավորինս մատչելի գներով օժանդակել,-նշեց Արսեն Հակոբյանը և հավելեց,- Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, և ամեն հայ պետք է հնարավորինս նեցուկ լինի Արցախին: Այս ֆիլմ էլ մեր թիմի աջակցությունն է, որով նաև մենք միանում են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը»: