Արցախցի մանկավարժները տպավորված են Բեյրութ կատարած այցելությունից

%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad

«Հայերն այսօր»-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը միացել է նաև Բեյրութի «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանը՝ գործնական մասնակցություն բերելով ծրագրին: Վարժարանը որոշել էր Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հարկի տակ գործող, հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետների՝ դիտարկության շաբաթ  անցնելու Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքում, փորձառություններ փոխանակելու և վերարժևորման հատուկ դասընթացներին հետևելու:

Ապրիլի 4-ին վերոնշյալ դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանը, ուսուցչուհիներ Լուսինե Սաիյանն ու Ռուզաննա Ավետիսյանը Բեյրութ մեկնեցին՝ «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանում մասնակցելու ներառական կրթության դասընթացին: Մինչև մեկնելը ուսուցչակազմին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ բարի ճանապարհ մաղթելով և հորդորելով ամուր կապվել Սփյուռքի գործընկերների հետ, նրանց փոխանցած գիտելիքները, փորձը ներդնել Հայաստանում և Արցախում:

Հայաստան վերադառնալուց հետո նույնպես ՀՀ սփյուռքի նախարարը ընդունել է տնօրենին և ուսուցչուհիներին, որից հետո նրանք «Հայերն այսօր»-ի հետ զրույցում կիսվել են աշխատանքային այցելության մանրամասներով:

«Վառ տպավորություններով ենք վերադարձել, Լիբանանում հայրենասիրության մի մեծ դարբնոց տեսանք: Հիացած ենք համայնքի համախմբվածությունից, մեր հայրենակիցների՝ ազգօգուտ հզոր աշխատանքներ կատարելուց, որ կարողանում են օտար ափերում շուրջբոլորը հայկական միջավայր ստեղծել: Համերաշխ մթնոլորտում բոլորը մեկ գաղափարի են ծառայում՝ պահպանել հայի ինքնությունն ու ազգային դիմագիծը»,-ասաց Մելսիդա Քարդումյանը՝ հավելելով, որ աշխատանքային հագեցած օրեր են ունեցել, հանդիպել են համայնքային ներկայացուցիչներին, այցելել են ավանդական երեք կուսակցությունների գրասենյակներ, հայկական թերթերի խմբագրություններ, հարցազրույցներ են տվել «Ռադիո Վան», «Ռադիո Սևան» ռադիոկայաններին:

Ուսուցչուհիները ներառական կրթության վերաբերյալ դասընթացը արդյունավետ ու օգտակար են համարում. անընդհատ բազմակողմանի քննարկումների, գործնական սեմինարների են մասնակցել, այս առնչությամբ նաև գիտաժողով է կազմակերպվել: Նրանք այն կարծիքին են, որ ձեռքբերված գիտելիքները, մասնագիտական հմտություններն ու իրենց տրամադրած կարևոր նյութերը հետագայում ներառական կրթության աշխատանքները լիարժեքորեն կատարելու համար ամուր հիմք կհանդիսանան:

Գևորգ Չիչյան