«Երգահան եմ, սակայն ինձ միշտ համարել եմ դերասանուհի, անչափ կարոտում եմ թատրոնը». Ժաննա Բլբուլյան

img_0767

Հայկական սփյուռքը բազմիցս հիացրել ու զարմացրել է աշխարհին կյանքի բոլոր ոլորտներում հայի տարողունակ, տիեզերածավալ տաղանդի դրսևորումներով. հայն ապրում ու արարում է ամենուր՝ երբեք չկտրվելով իր արմատներից, և հե՛նց այդ արմատների զորությունն է, որ աշխարհաճանաչ է դարձնում հային:

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված մեր հայրենակցուհիներ, երաժիշտ-երգահաններ մայր և դուստր Ժաննա Բլբուլյանն ու Նարա Նոյանը, ովքեր տարիներ ի վեր ապրում և ստեղծագործում են  արտերկրում, Հայրենիքում են՝ Նարա Նոյանի համերգային ծրագրով: Սկզբում «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի ճանաչված երգահան Ժաննա Բլբուլյանի հետ, ով ժամանակին եղել է նաև հայաստանյան թատերական աշխարհի լավագույն ներկայացուցիչներից մեկը, դերասանուհի, ով կարոտով է հիշում իր անցած ճանապարհն ու խաղաղած դերերը;

-Գուցե սկսենք հենց այդտեղից, տիկի՛ն Ժաննա…

-Այո՛, այդպես է. ես տարիներ շարունակ՝ գրեթե 20 տարի, աշխատել եմ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում, առաջատար դերեր եմ խաղացել, դրանից առաջ աշխատել եմ Դրամատիկական թատրոնում: Հետագայում, երբ հանգամանքների բերումով 3-րդ անգամ եղա ֆրանսիայում, այլևս չվերադարձա որովհետև թոռնիկս ծնվեց: Արդեն 25 տարի է՝ այնտեղ եմ ապրում: Բնականաբար, ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում բեմ բարձրանալու և դերեր կատարելու համար մարդը պետք է մայրենի լեզվի պես, առանց որևէ օտար շեշտադրման՝ տիրապետի այդ լեզվին: Իհարկե՛, ես շատ լավ եմ տիրապետում ֆրանսերենին, նույնիսկ ծանոթներս ասում են, որ ոչ մի խնդիր չունեմ այդ առումով, սակայն ես իմ ներքին ձայնին եմ ապավինում և գտնում եմ, որ բեմից հնչող օտարալեզու խոսքը, խաղը պետք է անթերի լինի, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, այն ինքնին արդեն լեզու է՝ հասկանալի բոլորին:

-Տիկի´ն Ժաննա, իսկ ինչպե՞ս և ե՞րբ անցում կատարեցիք երաժշտության աշխարհ:

-Քանի որ բեմը չկար, թատրոնը չկար, իսկ դերասանին բեմ է անհրաժեշտ, ուստի ես մտերմացա իմ դաշնամուրի հետ. ես մասնագիտությամբ նաև արհեստավարժ երաժիշտ եմ. ու այդպես՝ մեկը մյուսի ետևից ծնվեցին մեղեդիներ: Մի անգամ, երբ Երևանում էի, հայտնի բանաստեղծ ու լրագրող եղբորս՝ Լևոն Բլբուլյանին ցույց տվեցի մեղեդիներիցս մեկը, շատ հավանեց ու հարցրեց, թե արդյոք էլի ունե՞մ, ես ասացի, որ շատ է դրանց թիվը…և սկսվեց մեր համագործակցությունը՝ բառերի ու մեղեդիների: Հաջորդ առավոտյան արդեն ծնվեց մեր համատեղ երգը՝ «Վերադարձի գարուն» վերնագրով: Շարունակվեց այդ համագործակցությունը, որի արդյունքում բազմաթիվ գեղեցիկ գործեր ծնվեցին. 200-ից ավելի երգեր ունեմ, որոնց մեծ մասը հիմնականում Լևոնի հետ ենք գրել: Մոտավորապես երկու տարի առաջ մեր երգերի ժողովածուն հրատարակեցինք, որտեղ զետեղված է մեր համատեղ ստեղծագործությունների ընտրանին՝ 40 երգ: Ֆրանսիայում ես աշխատել եմ շատ տարբեր բանաստեղծների՝ հիմնականում ֆրանսիացիների հետ:

– Այնուամենայնիվ, անգամ աշխատելով ֆրանսիացի բանաստեղծների հետ, Ձեր մեղեդիներում, անշուշտ, կհասկացվի հայկական շունչը. օտարեկրացիները ըմբռնու՞մ են դա, սիրու՞մ են…

-Շա՜տ, նրանք շատ են սիրում մեր հայկական երաժշտության նրբերանգները. եթե չսիրեին, չէին շարունակի համագործակցել ինձ հետ: Ես հրաշալի առիթներ եմ ունեցել ՝ աշխատելու նշանավոր երաժիշտների, երգիչների հետ, որն իմ կյանքում կարևոր դեր է խաղացել: Հայտնի «Լամբադա»-ի կատարող լեգենդար երգչուհի Լոալվա Բրազը, ում պատմել էին իմ մասին, Փարիզ էր եկել՝ հատուկ ծանոթանալու և համագործակցելու ինձ հետ: Մեկ ամիս Փարիզում իմ տանն իջևանեց, շատ մտերմացանք, միասին սկսեցինք երգեր գրել, նա շատ սիրեց իմ մեղեդիները: 2004 թվականին նա Երևան եկավ՝ մասնակցելու իմ հեղինակային համերգին, և ինքն էլ երեք երգ կատարեց:

-Լևոնը խանդով չի՞ վերաբերում, երբ մեղեդիներ եք գրում նաև ուրիշ բանաստեղծների բառերի հիման վրա:

-Այդ հարցը մի անգամ էլ են տվել, Լևոնը պատասխանել է, որ ինքն էլ ուրիշ երաժիշտների հետ է համագործակցում և բնավ խանդով չի վերաբերում, երբ ես էլ ուրիշ գրողների հետ եմ համագործակցում, այսինքն՝ «դավաճանություն» չի համարում:

%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a11

-Հայ դասական գրողներից ու՞մ գործերին եք անդրադարձել:

-Շատ մեղեդային գրողներ ունենք, սակայն հերթը նրանց չի հասել, քանի որ ես ունեմ Լևոն Բլբուլյան. մտադրություն ունեմ անդրադառնալ մեր դասականների՝ իմ նախընտրած ստեղծագործություններին:

-Դուք ժամանակավորապես թողել եք Ձեր տունը՝ Հայրենիքը. երբևէ կվերադառնա՞ք Հայաստան, թե՞ Դուք այնքան եք կայացել ու կառչել այդ հողից, որ դժվար կլինի Ձեր վերադարձը:

-Ես մտածում եմ այդ մասին, վերջին ժամանակներում՝ ավելի շատ, որովհետև ոչ մի տեղ աշխարհում դու քեզ այնքան լիարժեք չես զգում, ինչպես՝ տանը:

-Տիկի՛ն Ժաննա, Դուք հիմա Հայաստանում եք. արդյոք Ձեր սիրելի թատրոնը, բեմերը չե՞ն կանչում Ձեզ:

-Հենց այսօր պետք է թատրոն այցելեմ, հանդիպեմ իմ գործընկերներին, ներկայացում նայեմ. անչափ կարոտում եմ թատրոնը: Ճիշտ է, ես բազմաթիվ մեղեդիների հեղինակ եմ, երգահան և այժմ երաժշտարվեստի աշխարհում եմ, սակայն ինձ միշտ համարել եմ դերասանուհի, էությամբ արտիստ եմ:

-Չե՞ք զղջում, որ Ձեր դստերը ևս ուղղորդեցիք արվեստի աշխարհ:

-Թե՛ իմ աղջիկը, թե՛ տղաս էությամբ արտիստ են. տղաս էլ հրաշալի երգեր է գրում, տեքստեր, նաև գործիքավորումներ է անում, նա մեզնից ավելի շնորհալի է: Ինչ վերաբերում է Նարային, նա ի ծնե դերասանուհի է. երբ նա ֆրունզե Դովլաթյանի մոտ նկարահանվեց «Կարոտ» ֆիլմում, Դովլաթյանը հիացած էր նրա անթերի, սահուն խաղով: Նարան և՛ երաժիշտ է, երգչուհի, և՛ դերասանուհի, ստեղծագործող անհատ, սակայն նա այժմ առավել կենտրոնացած է երգարվեստի վրա: Նարան բեմում ինքնամոռաց է դառնում, նա այնպես է վերամարմնավորվում, կերպարանափոխվում, որ զարմանքից քարանում ու հիանում ես. նա լիարժեք ու կայացած երաժիշտ է, և ես երբեք չեմ զղջում. Աստվա՛ծ է նրան ուղղորդել:

-Ինչու՞ Նարա Նոյան, Նոյի հետ կապ ունի՞, կեղծանու՞ն է…

-Ո՜չ. Նարայի հայրական ազգանունը Մնոյան է, սակայն բեմական աշխարհում, առավել ևս՝ օտար երկրում դա չեն կարողանում ճիշտ արտաբերել, ուստի Մ-ն հանեցինք, և մնաց Նոյանը:

-Առաջիկայում ի՞նչ նոր ծրագիր ունեք:

-Սեպտեմբերին Հայաստանում պատրաստվում եմ կազմակերպել մենահամերգս՝ ինքս կատարելով իմ ստեղծագործությունները, իմ մեղեդիները, իմ բառերի հիման վրա գրված երգերս: Նպատակ ունեմ հետագայում մի զուգերգ պատրաստել Լևոնի հետ և միասին կատարել այն:

-Ո՞րն է Ձեր հոգու երգը, որն ամբողջապես ու խորությամբ արտահայտում է Ձեր ներքնաշխարհի բոլոր ապրումները:

-Շառլ Ազնավուրի «Բոհեմ»-ը, իսկ եթե երգչուհի լինեի, կկատարեի Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները: 

Զրուցեց Կարինե Ավագյանը

%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a12