Ես երջանիկ աստղի տակ եմ ծնվել.Գոհար Հարությունյան

%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%801

Ապրիլի 7-ը Հայ Առաքելական Ս.Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մեր աստվածային, սրբասուրբ մայրերին նվիրված օրն է՝ Մայրության և գեղեցկությանը տոնը:

Այս առիթով «Հայերն այսօր»-ը զրուցել է «Միսս  Հայաստան1998», «Միսս ԱՊՀ1999», «Միսիս գլոբ2009» տիտղոսակիր գեղեցկուհի, երեք զավակների մայր Գոհար Հարությունյանի հետ, ով իր նուրբ ու քնքուշ կերպարով, ընտանիքի հանդեպ անսահման նվիրումով մեկ անգամ ևս ընդգծում է հայ կնոջ՝ հանուն զավակների և ամուսնու ինքնազոհության բացառիկ կարողությամբ օժտված լինելը:

-Գոհա՛ր, արդեն 10 տարի է, որ ամուսնացած եք, խաղաղ ընտանիք ունեք, սիրված կին եք: Ինչպե՞ս է հաջողվել պահպանել ընտանեկան խաղաղությունը:

-Ճիշտ եք նկատել. այս տարի հունիս ամսին լրանում է մեր համատեղ կյանքի տաս տարին: Տարիների հեռվից նայելով՝ ընտանեկան կյանքում, իհարկե, դժվարություններ եղել են, որոնք առանց բարդացնելու հաղթահարել եմ: Ընդհանուր առմամբ՝ զգացմունքային հրաշալի տարիներ եմ ունեցել: Փորձել եմ կյանքս, ըստ կարևորության, կատարյալին հասցնել. չնայած երեք երեխա մեծացնելով՝ ընտանիքում գրեթե անհնարին է կատարելության հասնել: Զուգահեռաբար չեմ մոռացել նաև կյանքի բարիքները վայելել:

Երջանիկ պահեր շատ եմ ապրել. ի վերջո, մայրության բերկրանքն եմ վայելել, որը յուրաքանչյուր կնոջ պարտավորեցնում է և հպարտության զգացում պարգևում:

-Նկատելի է, որ ընտանիքը գերադասել եք կարիերայից: Օրը հագեցած է միայն ընտանեկան եռուզեռով, թե՞, այնուամենայնիվ, այլ զբաղվածություն էլ ունեք. չէ՞ որ աշխարհում ընդունված է՝ տվյալ երկրի տիտղոսակիր գեղեցկուհիները հասարակական գործունեությամբ զբաղվեն:

Դեռևս մինչև ամուսնանալն եմ զբաղվել հասարակական գործունեությամբ: ԱՄՆ-ում հինգ տարի ապրելով՝ տարբեր կազմակերպություններում ակտիվորեն աշխատել եմ: Հետագայում նաև մեր ընտանեկան բիզնեսի աշխատանքներում եմ ներգրավված եղել և հնարավորինս ամուսնուս օգնել:

Ամուսնանալուց հետո Մոսկվայից Հայաստան տեղափոխվելով՝ ինձ տարբեր հասարակական աշխատանքներ առաջարկեցին, ներառյալ՝ ընտրական քարոզարշավներին մասնակցելը, որին չհամաձայնեցի : Կարծում եմ՝ մեր կարգավիճակում գտնվող կանայք այդ դաշտից պետք է ձեռնպահ մնան: Ժամանակի ընթացքում դադարեցի հասարակական գործունեությամբ զբաղվել՝ գերադասելով ժամանակն ամբողջությամբ ընտանիքին նվիրել:

-Հե՞շտ է արդյոք գեղեկցկուհու տիտղոս կրել, միշտ և ամենուր խնամված տեսքով ներկայանալ: Այս առօրյայով ապրելը չի՞ ձանձրացնում Ձեզ:

-Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելու տարիներին շատ ավելի ազատ էի, քանի որ ընտելացել էի այնտեղի կենցաղավարությանը: Իհարկե, միշտ ուշադրության կենտրոնում լինելը որոշակի լարվածություն առաջացնում է:

Առհասարակ, հետևում եմ հասարակական կարծիքին. եթե մրցույթում հաղթելով՝ դառնում ես քո երկրի թիվ մեկ գեղեցկուհին, ճանաչում ես ձեռք բերում՝ պարտավոր ես մարդկանց վայելուչ ներկայանալ և կնոջն անհարիր պահվածք թույլ չտալ:

Մեր տարիների գեղեցկուհու տիտղոսը նվաճած կանանց մինչև հիմա այդպիսին են դիտարկում, տարբեր միջոցառումների և նախագծերի մասնակցելու են հրավիրում, և մենք ուզած, թե չուզած՝ պետք է կարողանանք մեզ վստահված տիտղոսը պահել:

Մարդիկ ինձ նաև առանց դիմահարդարման են ճանաչում և ջերմ խոսքեր ասում, որոնք, իհարկե, ականջս շոյում են: Խորհուրդ կտամ կանանց՝ իրենց բնական տեսքից չհեռանան, ես միշտ փորձում եմ մայրական կերպարի մեջ լինել. կնոջ իրական գեղեցկությունը հենց դա է: Կինը մեկ ժպիտով էլ կարող է ծածկել բոլոր թերությունները:

-Իսկ ու՞մ եք գեղեցիկ կին համարում:

Ինձ համար ինքնաբավ և սիրված կինն է գեղեցիկ: Իմ ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ինձ շրջապատող մարդիկ ինքնագնահատականս բարձրացրին: Ես երկար տարիներ շատ բարդույթավորված եմ եղել և զարմացել, թե ինչու են ինձ մրցույթներին հաղթող ճանաչել՝ իբրև գեղեցկուհի: Եվ դա իր նախապատմությունն ունի. դպրոցական տարիներին բարձրահասակ լինելու պատճառով մեր դասարանի տղաներն ինձ գեղեցիկ աղջիկ չէին համարում և երբեք ուշադրության չէին արժանացնում: Իրական գեղեցկությունս չեմ կարողացել ճիշտ գնահատել: Իսկ մրցույթներին, որոնց հետաքրքրությունից դրդված մասնակցեցի, ինքնավստահ չեմ եղել. մյուս աղջիկների համարձակ պահվածքը տեսնելով՝ ակամայից ընկճվում էի, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ բնականոն հունի մեջ ընկավ:

-Ունե՞ք կնոջ մի կերպար, որ Ձեզ վրա մեծ ազդեցություն է թողնում:

-Բարի կանանցով եմ հրապուրվում, որոնք իրենց ժամանակն ու ջանքերը ներդնում են մարդկանց օգնելու համար: Շրջապատում այդպիսի բարեսիրտ կանանց շատ գիտեմ, որոնցից մեկն էլ «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն է: Նրա ծավալած գործունեությունը մեծ գովասանքի է արժանի:

-Դուք ճանաչված կին եք, գեղեցկուհու տիտղոսակիր, ով միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է եղել և սիրո խոստավանություններ լսելու պակաս չի ունեցել: Ինչպե՞ս հասկացաք, որ Ձեր ապագա ամուսինն այդ «սկզբունքով» չի առաջնորդվել, այլ պարզապես ընտրել է մի կնոջ, որի հետ ցանկանկացել է իր կյանքը կապել:

-Ինձ համակրող տղամարդկանց կողմից այդ հանգամանքը միշտ զգացել եմ: Ամուսինս՝ Մնացականը, գիտեր, որ գեղեցկուհու տիտղոսակիր էի: Կարծում եմ՝ ոչ բոլոր տղամարդիկ կխիզախեին ամուսնանալ  հանրային կնոջ և հատկապես՝ գեղեցկուհու հետ. հայ տղամարդիկ ավելի շատ ստվերի տակ գտնվող կանանց են նախընտրում:

Մնացականն ուժեղ տղամարդ է, նա այդ պահին համարեց, որ արժանի եմ իր կողքին գտնվելու: Հենց այդ համարձակությամբ գրավվեցի: Նա հստակորեն և պատրաստակամ գնաց այդ քայլին՝ ինձ հավասարը հավասարին վերաբերվելով: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ամուսնությունս հաջողված է, քանի որ հասուն տարիքում ենք այդ որոշումը կայացրել: Անգամ տաս տարի անց համոզված ենք, որ ընտրության հարցում չենք սխալվել:

big__4960585_ts1472194685%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80

-Ինչպե՞ս է գտել Մնացականն իր գեղեցկուհուն:

Ապագա ամուսինս ռուսաստանաբնակ հայ գործարար էր, ով աշխատանքի բերումով պարբերաբար Հայաստան էր գալիս: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության ականատեսներից են եղել, որոնց հիշատակը վառ պահելու համար ընկերներին երդվել էր՝ միայն հայ աղջկա հետ ամուսնանալ:

Հայաստանում տարբեր աղջիկների հետ են փորձել ծանոթացնել, հետո մի լուսանկար են ցույց տվել, որում ես ու մեկ այլ աղջիկ ենք պատկերված եղել: Վերջինիս հետ են ցանկացել Մնացականին ծանոթացնել, որովհետև մտածել են, որ ես այնքան «անհասանելի» եմ, որ  դժվար՝ որևէ բան ստացվի (ծիծաղում է-հեղ.):

Բայց նա համառորեն ինձ ընտրեց, և մեր ընդհանուր ընկերոջ միջոցով միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթացանք: Մեր ընտանիքը երբեք չի պառակտվել: Ճիշտ է, ամուսնուս բիզնեսը Մոսկվայում է, բայց գործերն այնպես է կարգավորել, որպեսզի միշտ միասին լինենք, Հայաստանից հազվադեպ է բացակայում: Նա միշտ օգնել է ինձ և ամուր հենարան եղել:

Իդեալական հայր է, երեխաները շատ կապված են նրա հետ: Այս տարի առաջին անգամ իրենց հայրիկի և հորաքրոջ հետ գարնանային արձակուրդին Դուբայ՝ հանգստի մեկնեցին: Ես հանգամանքների բերումով չկարողացա միանալ նրանց:

Իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ պատրաստ ենք չորրորդ, հինգերորդ երեխան ունենալ: Այս որոշումը, բնավ, մեր ընտանիքը գովերգելն ու մարդկանց ուշադրության կենտրոնում լինելը չէ. փորձում եմ սեփական օրինակով Հայաստանում բազմածնությունը խթանել: Եթե ուզում ենք Հայաստանում առկա մարտահրավերները լուծել, ապա նախևառաջ ազգաբնակչության աճի մասին պետք է մտածենք: Ես կարող էի այլևայլ խնդիրների հետևանքով  այլևս  չշարունակել երեխա ունենալ, բայց հոգուս պարտքը համարեցի առաջ գնալ և մեր ընտանիքի գաղափարախոսությունը կատարել:

-Կանանց նվիրված մեկամսյակը Ձեր տանն ինչպե՞ս է անցնում:

Ինձ համար այդ օրերին ամենից շատ ուրախացնում է երեխաներիս տոնական հանդեսներին ներկա լինելը, որտեղ սրտի թրթիռով ունկնդրում եմ նրանց բանաստեղծություններն ու երգերը: Առհասարակ, հատուկ տոների չեմ սպասում, որ օրս հետաքրքիր անցնի:

Հիշում եմ, որ ես ու քույրս ամեն ջանք գործադրում էինք, որ մայրիկի օրը տոնի վերածենք: Նրա համար նվերներ և ծաղիկներ էինք գնում, գունագեղ բացիկներ պատրաստում՝ այդպիսով ժպիտներ պարգևելով մեր սիրելի մայրիկին:

– Եվ վերջին հարցս. Գոհա՛ր, Ձեզ համար այսպիսի ճակատագիր կանխազգու՞մ էիք:

Երբեք չէի մտածում, որ կյանքս նման հունով կընթանա և շռնդալից փոփոխություններ կունենամ՝ թե՛ գործնական, թե՛ անձնական առումներով: Կարծես «Մոխրոտիկը» հայտնի հեքիաթի պատմությունն ինձ հետ կրկնվեց. չէի հասցնում մի բանի մասին երազել, հաջորդ օրն արդեն երազանքս իրականություն էր դառնում: Այդ պահին չէի հասկանում, թե ինչ էր ինձ հետ կատարվում, բայց հիմա անցած տարիներին հետհայացք գցելով ՝ հասկանում եմ, որ, իրոք, երջանիկ աստղի տակ եմ ծնվել:

Իմ կյանքում եղել են պահեր, որ գուցե հեշտությամբ գայթակղվեի և զարտուղի ճանապարհով գնայի: Լինելով 17 տարեկան՝ ես գիտակցված, բարոյապես ճիշտ քայլերի եմ գնացել: Երբեք սխալ քայլեր ինձ թույլ չեմ տվել և միշտ ուժ ու հավատ եմ գտել՝ դիմակայելու փորձություններին:

Վստահ եմ, որ այդ պահերին հայրիկս է երկնքից ուղեկցել և խոսել ինձ հետ (տաս տարեկան է եղել, երբ հայրը մահացել է-հեղ.): Իմ բոլոր հաջողություններն ու հաղթանակները ես միայն ազնիվ ճանապարհով եմ ձեռք բերել:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի