Օդեսայում հարգեցին Ապրիլյան քառօրյայում զոհվածների անթառամ հիշատակը

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1

Օ՜, գարնան ամիս, ապրելու՜ ապրիլ,
Դու, որ բերում ես ծաղիկներ ու կյանք,
Ինչու՞ դու դարձար մահվան տարելից…
Սիլվա Կապուտիկյան

Ցավոք, Ամենայն Հայոց բանաստեղծուհու այս տողերը մեր օրերում նոր հնչեղություն, նոր թարմություն ստացան…
Ապրիլի 2-ին Օդեսայի Գագարինյան բարձունքի վրա վեր հառնած հայկական եկեղեցում, Գալստյան Կիրակին նվիրված Սուրբ պատարագի ավարտից հետո, ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի կատարվեց հոգեհանգստյան արարողություն ՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա մարտերում զոհված հայորդյաց։
Խոսելով մեր ժողովրդի քաջագործ որդիների անձնազոհության մասին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ զրկվել են կյանքի քաղցրությունը վայելելու, իսկ նրանց ծնողները, հարազատները՝ հանգիստ ապրելու բերկրանքից, քահանան նաև միասնականության ու գթասրտության կոչ արեց, քանզի միայն հայ մարդը կզգա հայի ցավն ու մորմոքը.
«Շնորհիվ նրանց սխրագործության թշնամին չկարողացավ իրագործել իր չարագործ պլանները և արժանի հակահարված ստացավ… Ամենակարող Աստված թո՛ղ լուսավորի զոհվածների հոգիները, իսկ մենք պարտավոր ենք աղոթել նրանց հոգիների հանգստության համար և սատարել նրանց ընտանիքներին ։
Սիրելի՛ հայրենակիցներ, հավատավո՛ր հայորդիներ, աղոթք բարձրացնենք առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը և խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։ Թո՛ղ խաղաղության Աստվածը լինի զորավիգ աշխարհի բոլո՛ր ժողովուրդներին»։
Ապրիլյան զոհերի հիշատակի օրը շարունակվեց մշակույթի տան մեծ սրահում։
Տերունական աղոթքից հետո ներկաները հոտնկայս՝ մեկ րոպե լռությամբ  հարգեցին մարտերում զոհվածների սուրբ հիշատակը։ Խոնարհումի ու երախտիքի սիրալիր խոսքերով հանդես եկան համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը և կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը։
Այնուհետև ռազմահայրենասիրական երգի հնչյունների ներքո բեմ բարձրացան Սուրբ Մաշտոցի անունը կրող դպրոցի սաները՝ փոքրիկ մաշտոցականները։ Դպրոցում անցկացվել էր «Նամակ զինվորին» խորագրով մրցույթ, և լավագույն աշխատանքները վարժ ու գեղեցիկ հայերենով ընթերցվեցին հեղինակների կողմից։ Նամակներում արտացոլված էր երեխաների սերն ու համակրանքը սահմանում կանգնած զինվորի հանդեպ. «Թո՛ղ Աստված պահի ու պահպանի հայ զինվորներին, ովքեր գիշերուզօր աչալուրջ պաշտպանում են մեզ ու մեր հայրենիքի սահմանները»։
Դահլիճում խայտացին «Փոքրիկ զինվորիկ» երգի խրոխտ հնչյունները.

Ունենք պարզ երկինք՝ արևոտ ու ջինջ,
Թող օրը գալիք բերի մեզ բարիք։
Զինվորիկ ենք մենք պատրաստ ու խիզախ,
Քաջ ենք, քաջ ենք ու անվախ։

Օդեսահայ երիտասարդների «ԱՐՄԻՐ» միությունը, հանձինս նախագահ Ազգանուշ Վարդանյանի՝ կազմակերպել էր «Նվիրյալները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Կինոդիտումից հետո քննարկվեց, որ հեղինակներին հաջողվել էր վերծանել ճշմարտությունը. կան գենային հատկանիշներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են արյան ավիշներով՝ հող ու ջրի կանչով։
Միջոցառման յուրօրինակ ամփոփումը եղավ հայոց պատմության ուսուցիչ Ալեքսանդր Մկրտչյանի խոսքը․ «Հպարտությամբ ասեմ՝ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, թե ինչքան ուժեղ ենք մենք, երբ համախմբված ենք։ Ապրիլը մեզ հիշեցրեց միասնականության խորհուրդը, որ լինենք միահամուռ ու ամուր»։

Ինքս հավելեմ՝ հանուն հայրենյաց ընկան մեր ժողովրդի հերոս զավակները՝ դառնալով սերունդներին հայրենասիրության անշեջ ու վառ օրինակ։ Նրանց անունները հա՜ր կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ, նրանց հիշատակը՝ բարի։ Նրանց անմահ ոգիները հարատևելու են հերոսներ ծնող մայր ժողովրդի հետ, քանզի քաջին մա՛ հ չկա։
Հավերժ փա՜ռք հայոց քաջերին։

Նարինե Մուրադյան

ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11