Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում Արցախի օմբուդսմենի այցն ԱՄՆ

885605

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը տասնօրյա շրջագայություն է իրականացրել Միացյալ Նահանգներում, որի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ իրագործված պատերազմական հանցագործությունները:

Հայ դատի ԱՄՆ արևելյան ափի հանձնախմբի կողմից կազմակերպված շրջագայության ժամանակ Մելիքյանը եղել է Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում` շուրջ 40 հանդիպում անցկացնելով տարբեր պաշտոնյաների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ:

«Կարևոր է Արցախի ուղերձը փոխանցել աշխարհի գլխավոր քաղաքների միջոցով»,- նշել է օմբուդսմենը: Նա հարցազրույց է տվել Foreign Policy պարբերականին, ինչպես նաև քննարկումներ անցկացրել The Washington Post-ի լրագրողների հետ: Վաշինգտոնում նա հանդիպել է նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվ Թրոթի, Ջեքի Սփայերի, Դևիդ Վալադոյի և Ջիմ ՄըքԳովերնի հետ:

Ամփոփելով այցի արդյունքները` հանձնախմբի հաղորդակցության բաժնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մենք ուրախ էինք Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ապահովելու Մելիքյանի շփումը կարևոր պաշտոնյաների ու խմբերի հետ: Այսօր, երբ տարածաշրջանը հայտնվել է ավտոկրատական և պոպուլիստական միտումների մեջ, Արցախը դարձել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների փարոս: Մենք հպարտ ենք այն առաջընթացով, որն Արցախը գրանցել է քառորդ դար առաջ անկախություն ձեռք բերելուց հետո` արևմտյան արժեքների և ավանդույթների պահպանման գործում»: