«Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետք է գրվեն հատուկ դասագրքեր». Մելսիդա Քարդումյան, արցախցի մանկավարժ

img_0440

Մեր օրերում ներառական կրթության առումով բավականին դրական տեղաշարժեր են արձանագրվում և, այնուամենայնիվ, այսօրինակ կրթության դասավանդման ոլորտում դեռևս լուրջ խնդիրներ կան. այս և նման այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում ծավալվեց իմ զրույցը Արցախի Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան ներառական կրթությամբ համալրված թիվ 2 հիմնական դպրոցի դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանի և ուսուցչուհիներ Ռուզան Ավետիսյանի, Լուսինե Սաիյանի հետ, ովքեր, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում պատրաստվում էին մեկնել Բեյրութ՝ Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարանում մասնակցելու  ներառական ուսուցման դասընթացի:

Մելսիդա Քարդումյան-Ես դպրոցի տնօրենն եմ, դասավանդում եմ կենսաբանություն: Աշխատելով ներառական կրթությամբ համալրված դպրոցում՝ ունեմ իմ մանկավարժական դիտարկումներն այդօրինակ կրթության առնչությամբ: Մեր դպրոցը 2011 թվականից իրականացնում է ներառական կրթության ուսուցումը, ուր մեր նվիրյալ մանկավարժները սիրով ու համբերատարությամբ աշխատում են նման կրթության կարիք ունեցող երեխաների հետ: Մենք ներառական կրթություն իրականացնող ընդամենը երեք ուսուցչուհի ունենք դպրոցում՝ աշխարհագրության ուսուցչուհի, սոցիոլոգ Ռուզան Ավետիսյանը, հատուկ մանկավարժ Լուսինե Սաիյանը և հոգեբանը, ով հանգամանքների բերումով մեզ հետ չի եկել Երևան: Աշխատանքն, անշուշտ, դյուրին չէ հենց միայն հոգեբանական առումով, սակայն մենք կարողանում ենք հաշտ ու համերշախ, մեկս մյուսին օգնելով, աջակցելով՝աշխատել:    Ես անջրպետ չեմ դնում իմ և ուսուցչուհիներիս միջև. մենք մի ընտանիք ենք և ունենք առողջ ու անառողջ երեխաներ, որոնց խնամք ու հոգատարություն, գիտելիքներ են անհրաժեշտ. բնականաբար, վերջիններին ավելի շատ ուշադրություն և առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում՝ դրսևորելով նրբանկատություն: Համագործակցում ենք Ստեփանակերտի մեր նախարարության բժշկահոգեբանական կենտրոնի հետ: Մենք նյութականի կարիք այնքան էլ չունենք. մեզ համար առաջնային են շենքային պայմանները, ուր այդ երեխաների հետ սովորական դասաժամերից դուրս պարապելու համար չունենք գեղեցիկ, հետաքրքիր, հատուկ դասասենյակներ, խաղահրապարակ. իմ ներառական կրթության դասասենյակը ես տեղավորել եմ 6քմ. տարածք ունեցող բուժկետում: Սննդի հարցում դեռևս խնդիրներ չունենք: Ասում են՝ ներառական կրթություն ստացող երեխաների համար 30 րոպեով քննության ժամանակը երկարացվում է, սակայն եթե այդ երեխայի գիտակցությանը դա չի հասնելու, որքան ուզում ես, ժամանակը երկարացրու, դա նույն թեստն է: Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետք է մշակվեն ու գրվեն հատուկ դասագրքեր, հատուկ ծրագրեր պետք է լինեն: Խնդիրը ներառական կրթության դասագրքերի, ծրագրերի բացակայությունն է. իհարկե, մեր ուսուցչուհիներն ունեն անհատական ուսումնական ծրագրեր, որոնց հիման վրա էլ կազմում ենք մեր ծրագրերը, սակայն ցանկալի է, որ նման կրթություն ապահովող դպրոցներում լինեն հատուկ կազմված դասագրքեր: Մեր դպրոցում 1-ինից մինչև 9-րդ դասարաններում սովորում են 17 այդպիսի երեխաներ: Մեր ամբողջ դպրոցի ուսուցչական կազմի համախմբվածությունն օգնում է՝ շոշափելի արդյունքների հասնելու: Կարծում եմ՝ այս ուղևորությունը Բեյրութի Սուրբ Խաչ-Հարպոյան վարժարան և մեր մասնակցությունը դասընթացին, անպայման կնպաստի մասնագիտական հմտություններ ձեռք բերելուն: Մենք կսովորենք, կխորհրդակցենք, փորձի փոխանակում կանենք. ափսոս, որ ժամանակը շատ կարճ է:

Ռուզաննա Ավետիսյան, ներառական կրթության աշխարհագրության և սոցմանկավարժության ուսուցչուհի

Դուք հարցնում եք, թե որն է այդ երեխաների համար առաջնայինը՝ մանկավարժի էությու՞նը թե՞ դասավանդվող առարկան: Անկեղծորեն ասեմ՝ առաջինը, որից հետո՝ մասնագիտական հմտությունը, կարողությունները: Յուրաքանչյուր աշակերտ կարողանում է դրսևորվել իր ուժերի ներածին չափով, և մենք պարտավոր ենք դա դիտարկել ըմբռնումով, անհատական մոտեցում ցուցաբերել:

Լուսինե Սաիյան, ներառական կրթության հատուկ մանկավարժ

-Ես հատուկ մանկավարժ եմ, ով աշխատում է միայն ներառական կրթության ուսուցման մեջ ընդգրկված երեխաների հետ: Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ. ցավոք, իմ ուսանելու տարիներին ներառական կրթության մասնագետներ չէին պատրաստում. հիմա էլ նույնն է: Հմտություն ձեռք եմ բերել վերապատրաստման դասընթացների ընթացքում: Այսօր այդպիսի մասնագիտական ֆակուլտետների կարիքը շատ է զգացվում: Ներառական ուսուցում ստացող երեխաները շատ տարբեր են իրենց մտավոր ունակություններով. 5-րդ դասարանում սովորող երեխաներից մեկը կարող է ունենալ 1-ին դասարանցու կարողություններ, մյուսն՝ ավելի բարձր կամ էլ ՝ իր տարիքին բնորոշ, երեխաներ կան, ովքեր անգամ մկրատն ինքնուրույն չեն կարող բռնել ու գործածել: Հատուկ մանկավարժի, սոցիոլոգ-մանկավարժի, հոգեբանի առկայությունն ու մասնագիտական հմտությունները, մարդկային լավագույն որակներն անչափ կարևոր են այս գործում:

Ավարտելով զրույցս նվիրյալ արցախուհիների, մանկավարժների հետ՝  ցանկանում եմ հուսալ, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում մեր հայրենակիցներից մեկը ձեռք կմեկնի Մարտակերտի Վլադիմիր Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցին՝ ներառական կրթություն ստացող երեխաների համար ստեղծելով հատուկ դասասենյակներ, խաղահրապարակ, իսկ մոտ ապագայում կլուծվի նաև ծրագրերի և դասագրքերի խնդիրը:

Կարինե Ավագյան

img_0458