Ապրիլյան քառօրյա ագրեսիայի զոհերի հիշատիկին նվիրված արարողություն Բաթումիում

%d5%a2%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab

Ապրիլի 2-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ագրեսիայի հետևանքով զոհված հայ մարտիկներին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այնուհետև, ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:

Ադրբեջանական ագրեսիան դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես ընդգծեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն ի պատասխան հայ մարտիկներն իրենց կյանքի գնով հետ մղեցին հակառակորդին՝ կանխելով Արցախի ժողովրդի նկատմամբ ոճրագործությունները: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ պատերազմի չորս օրերի ընթացքում ցայտուն կերպով դրսևորվեց հայ ժողովրդի տարբեր հատվածների անկոտրում կամքը՝ վտանգի ժամանակ համախմբվելու և դիմագրավելու այն:

Եղիշե Սարգսյանը նաև ընդգծեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: