ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին

47

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: Վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Այս մասին հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:

Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան: Նախատեսվում է ընթացիկ տարում արտահանել շուրջ 22 մլն վարդ: 2017 թվականին ընկերությունում ծրագրում են ջերմոցային տնտեսությունը 20 հեկտարի հիման վրա ընդլայնել ևս 15 հեկտարով՝ ներդնելով շուրջ 30 մլն դոլար: Աշխատանքներ են տարվում արտադրանքն արևելյան շուկաներ՝ ԱՄԷ, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանելու ուղղությամբ: Ընկերությունում ներկայում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագրի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով: Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունն ընդլայնելու ծրագրերն ու կարևորել արտահանման ծավալների ավելացումը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գառնիի արվեստի դպրոց՝ ծանոթացել գործունեությանը: Գառնիի և հարակից այլ համայնքների երեխաներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝ նկարչության, խեցեգործության, դիզայնի, քանդակագործության բաժիններում: Դպրոցում գործում են նաև շախմատի և համակարգչային դասընթացների խմբակներ:

12909_am_4