Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf1

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն:
Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել ԱՏԳ ձևավորման քայլերի, պետություն-մասնավոր համագործակցության բանաձևի, կազմակերպման առաջին փուլի և ծրագրի իրականացման ռիսկերի կառավարման վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը և կառավարության առաջիկա նիստին ներկայացնել Սյունիքում ԱՏԳ ստեղծելու որոշման նախագիծ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համապատասխան որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը և կազմակերպչին, իսկ արդեն սույն թվականի աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել: