ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Հայկական համայնքը Ղազախստանում ձևավորվել և ստվարացել է XIX դ. 2-րդ կե­սին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: Հա­­մայն­­քը ստվարացել է նաև խորհրդային իշխանության հաստատումից հետո, երբ Ղա­­զախ­ստանում ծավալված արդյունաբերական բուռն շինարարության հետևանքով տարբեր հանրապետություններից, այդ թվում նաև Հայաստանից բանվորական ուժի, շի­նա­րար-ճարտարապետների և այլ մասնագետների ներհոսք եղավ դեպի Կարագանդա, Կոս­տանայ, Պավլոդար, Ալմաթի:

Ղազախստանում ապրում է բավական խոշոր հայկական համայնք, պաշտոնական տվյալներով հայերի թիվը 25.000 է, իսկ ոչ պաշտոնականով՝ 100.000:

Հայերը հիմնականում զբաղվում են շինարարությամբ, մի ստվար զանգված էլ ընդ­գրկված է արդյունաբերության, առողջապահության, կրթության, պետական կառա­վար­ման ոլորտներում: Կան անվանի գիտնականներ, արվեստագետներ, տնտեսագետներ: Ղազախստանի 11 խոշոր քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտ­րոն­ներ:

2006 թվականից Ղազախստանում լույս էր տեսնում «Նաիրի» հայկական ազգային թերթը: Այժմ Ղազախստանում գործում է ռուսերեն լեզվով հայկական պաշտոնական կայք http://www.armyane.kz/amk, որն անկանոն է թարմացվում (էլեկտրոնային փոստ՝ armyane.kz@gmail.com)։ 2014 թ. «Ղազախստանի հայերի միություն» կազմակերպությունը մտադիր է հիմնելու հայերեն ամսագիր։

Ղազախստանի հայկական համայնքային կազմակերպությունները ներկայացված են Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում՝ ի դեմս «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միավորման:  1992 թ. Ղազախստանի ժողովրդի առաջին համագումարի ժա­մանակ, որը նվիրված էր Ղազախստանի Հանրապետության Անկախության մեկ-ամ­յա­կին, երկրի Նախագահ Նուր­սուլթան Նազարբաևը արտահայտեց ազգային փոք­րա­մասնությունները մեկ միու­թյան՝ ասամբլեայի մեջ միավորելու գաղափարը։ Այդպես ծնվեց նաև «Նաիրի» միու­թյու­նը, որին սկզբում միացավ 3 կազմակերպություն՝ Կա­րա­գան­դայի մարզի «Էրեբունի», ՈՒստ Կամենոգորսկի «Արարատ», Ալմաթիի «Լույս»։ Հետագայում «Նաիրին» միավորում էր 14 հայկական մշակութային կազմակերպություն։

2014թ. կատարվեց Ղազախստանի հայկական համայնքային կազմակերպու­թյուն­նե­րի վերադասավորում։ Մի շարք կազմակերպություններ (Ակտոբեի մարզի «Ուրար­տու», Մանգիստաուի մարզի «Եղբայրություն», Աստանայի «Վան», Արևելաղազախստանյան մար­զի «Արարատ», Սեմիպալատինսկի «Սուրբ Էջմիածին»  հայկական մշակութային կենտրոնները) անջատվեցին «Նաիրի» միությունից։ Կազմավորվեց երկու նոր կազ­մա­կեր­պություն՝ «Ղազախ­ս­տա­նի հայերի միություն» հանրապետական կազ­մա­կերպությունը (նախագահ՝ Էռնեստ Վար­դերեսյան) և վերջինիս շրջանակներում գործող «Մասիս» ընկերությունը (նա­խա­գահ՝ Ռ. Մնացականյան)։ Ղազախստանում գործում են հայկական 2 հանրապետական միություն, 2 երիտասարդական կազմակերպություն և 16 համայնքային մշակութային կենտրոններ, որոնք ունեն հասարակական կազմակերպության կարգավիճակ, շուրջ մեկ տասնյակ կիրակնօրյա դպրոց, որտեղ տարեկան սովորում է 300-500 աշակերտ: Ազգային կազմակերպություններին կից գործում է շուրջ 10 պարային համույթ:

1.       ԱԼՄԱԹԻԻ «ԼՈՒՅՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ալմաթիի «Լույս» հայ մշակույթի կենտրոնը ստեղծվել է 1991 թ. Ալմաթիի մի խումբ հայ մտավորականների նախաձեռնությամբ։ Մեկ տարի անց նրան կից բացվել է հայ­կա­կան կիրակնօրյա դպրոց, իսկ 2003 թ. կառուցվել է Հայկական տունը։

«Լույսի» առաջին նախագահը ե­ղել է Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի դա­սա­խոս, ակադեմիկ Ռոդիկ Մնա­ցա­կան­յանը, ով մեծ ներդրում ունի համայնքի կայաց­ման, ինչ­պես նաև Հայկական տան կառուցման գործում։ Հայկական մշակութային կենտ­րոնի կառուցմանը զգալի նյութա­կան օժանդակություն են բերել նաև Ղա­զախս­տանի գործարար հայերը, մաս­նա­վո­րա­պես «Բաքոս» (այժմ՝ «Վինյակ») գինեգործների միու­թ­յան նախագահ Արտուշ Կա­րապետյանը, «Մոն­տաժ­սպեց­ստրոյ» ընկերության տնօրեն­ների նախագահ Եվգենի Եժիկով-Բաբախանովը և գոր­ծա­րար Նորայր Առաքելյանը։  «Լույս» ՀՄԿ-ին կից գործում են երաժշտական և պարային համույթներ:

2006 թ. կենտրոնի տարածքում հայ գոր­ծա­րար Ա. Կարապետյանի հովանավո­րութ­յամբ կառուցվել է Սբ Կարապետ հայկական մատուռը։

Կենտրոնը, որտեղ տեղակայված է Ալմաթիի հայերի «Լույս» համայնքային կառույցը, մի­ա­­ժամանակ որպես կենտրոնական գրասենյակ է ծառայում նաև 2004 թ. ստեղծված «Նաիրի» հայկական մշակութային մի­­ու­թյան համար. այստեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են երկ­­րի տարբեր քաղաքներում գործող մշակութային կենտրոնների ղեկա­վար­ները։

2.       ԱՍՏԱՆԱՅԻ «ՎԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Վան» մշակութային կենտրոնը ստեղծվել է 2000 թ. Աստանայում: 2014 թ. նա­խա­գահը Գագիկ Վոլոդյայի Մարտիրոսյանն է, տեղակալը՝ պահեստի գնդապետ Սահակ Հակոբի Սալումյանը։ Տեղակայված է Աստանայի Առևտրի կենտրոնի շենքում։

Համայքն ունի  կիրակնօրյա դպրոց, պարային խումբ, որտեղ հայ երեխաները հա­յ­կա­կան պարեր են սովորում և մասնակցում մշակութային միջոցառումներին: Հիմնական խնդի­րը հայեցի դաստիարակության ապահովումն է և մայրենի լեզվի ուսուցումը։ Ավագ սե­րունդը դեռ հիշում է մայրենի լեզուն, իսկ երեխաները, որոնք այս­տեղ են ծնվել, լեզուն վատ գիտեն, ուստի դպրոցը շատ անհրաժեշտ է: Պե­տու­թյունը համայնքին աջակցում է կի­րակնօրյա դպրոցի ծախսերը հոգալու հարցում։

Աստա­նա­յում համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ամիսը 1-2 անգամ մշա­կու­թային կենտ­րոնում, անցկացվում են միջոցառումներ, խորհրդակցություններ, որոշ­վում են հայկական մշակութային կենտրոնին, դպրոցին, պարի խմբին առնչվող հարցեր:

3.       ԱԿՏՈԲԵԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ակտոբեի մարզում այժմ բնակվում է շուրջ 1000 հայ, ովքեր հիմնականում զբաղվում են շինարարական և ֆերմերային աշխատանքներով։ Նրանց նախաձեռնությամբ Ակ­տո­բե մարզկենտրոնում ստեղծվել է «ՈՒրարտու» հայկական մշակութային կենտրոնը։ Այն ղեկավարում է գործարար Հայկ Տերտերյանը, փոխ­նախագահը նրա որդին է՝ Մհեր Տեր­տերյանը, ով հայանպաստ շատ միջոցա­ռում­ներ է կազմակերպել համայնքում։

Ընդհանուր առմամբ՝ «ՈՒրարտուն» Ղազախստանի հայկական ակտիվ կենտրոններից է, ո­րը սերտորեն համագործակցում Ղազախստանի ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգու­թ­յունների մշակութային կենտրոնների հետ։

2013թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Ակտոբեյում կայացավ Ղազախստանի հայկական համայնքների հերթական համագումարը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Ղազախստանի գրեթե բոլոր շրջանների հայկական համայնքներից և այլ ազգային- մշա­կու­թային միավորումներից:

Պատվիրակների հետ հանդիպեց Ակտոբեի մարզպետ (ակիմ) Արքիմեդ Մուհամ­բե­տո­վը:

4.       ԿՈՍՏԱՆԱՅԻ ՄԱՐԶԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Կոստանայի մարզի «Էրեբունի» հայկական համայնքը ստեղծվել է 1992թ. Կոս­տա­նայ քա­ղաքում (գրանցվել է 1993 թ.): Կենտրոնին կից գործում են պարի ու երգի հա­մույթներ, կի­րակ­նօրյա դպրոց։

Հայկական համայնքի շատ միջոցառումներ և ակցիաներ նախաձեռնվում, մշակ­վում և անց են կացվում «Armyane.kz» մեդիախմբի կողմից, որը ստեղծվել էր 2005թ: Այսօր այդ անունով գոյություն ունի կայք՝ Ղազախստանում հայկական միակ և պաշ­տո­նական կայքը:

Համայնքում անցկացված շախմատային մրցաշարը հետագայում վերաճեց Աշ­խար­­հի 9-րդ չեմ­պի­ոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Բարեկա­մու­թ­յան գա­վաթ» մրցաշարի, որի պատվավոր նախագահը դարձավ Աշխարհի 10-րդ չեմպիոն Բո­րիս Սպասսկին:

Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, անցկաց­վում է քայլերթ և պատարագ, ապա Բարեկամության տանը կազմակերպվում է «Մայ­րիկ» և թեմատիկ այլ ֆիլմերի ցուցադրությունը: Օրն ավարտվում է ջահերով և հայ­կա­կան դրոշներով երթով:

2007թ. Կոստանայ քաղաքում կայացավ երիտասարդների առաջին ժո­ղովը, որտեղ ո­րո­շում կա­յացվեց ՂՀ հայկական երիտասարդական միավորում ստեղ­ծելու մասին: Հերթական  ժո­ղովն անցկացվեց Պետրոպավլովսկում, որի ժա­մանակ հայ­կա­կան ե­րի­տասարդական կազ­մակերպության միավորման նախագահ ընտրվեց Նա­րեկ Ալեքսան­յանը: 2011 թ. Կոստանայի երիտասարդական կազմակերպությունը, որը կրում է «Միասին» անունը, ղեկավարում է Հրաչ Մարտիրոսյանը։

5.       ԱՐԵՎԵԼԱՂԱԶԱԽՍՏԱՆՅԱՆ ՄԱՐԶԻ «ԱՐԱՐԱՏ» ՀՄԿ

Արևելաղազախստանյան մարզի «Արարատ» հայկական մշակութային կենտրոնը գտնվում է Օզկաման (նախկին՝ ՈՒստ Կամենոգորսկ) քաղաքում։ Ստեղծվել է 2000 թ.։ Նախագահը Ջիվան Մանուչարյանն է։ Կենտրոնը տեղակայված է Ազգությունների գյուղում (Этнодеревня) և հաճախ կոչ­վում է Հայկական տուն։

 Արևելյան Ղազախստանում 1999 թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 829 հայ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով նրանց թիվը հասնում է 2 հազարի (750 հայկական ընտանիք)։

Համայնքի ավանդական միջոցառումներից են Ամանորյա հանդեսները, Տերնդեզը, Վարդավառը, Թարգմանչաց տոնը, Մեծ եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հի­շատակի միջոցառումները, Կանանց միջազգային օրն ու մայրության և գեղեցկության օրը և այլն, որոնց մի ստվար մասն անցկացվում է Բարեկամության տանը և «Արմե­նիա» սրճարանում։

Կիրակնօրյա դպրոցը գործում է 2000 թվականից։ Աշակերտների թիվը 20-25 է։

ՀՄԿ-ն ունի նաև պարային համախումբ, որը նույնպես կոչվում է «Արարատ»։ Այս խումբը լավ համարում ունի և հաճախ է հրավերներ ստանում մասնակցելու այս կամ այն միջոցառմանը մանկատանը, հանրակրթական դպրոցներում, ուղղիչ աշխատան­քա­յին գաղութում և այլն։

2008 թ. ՈՒստ Կամենոգորսկի Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում տեղա­դրվել է Հայաստանից բերված հայկական խաչքար, որը օծվել Ալմաթիից ժամանած տեր Մարկոս քահանա Սարգսյանի կողմից։ Այժմ խաչքարի մոտ են կատարվում նաև պսակադրության, կնունքի ծեսեր։

2013 թ. Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը այցելել է Հայ­կական տուն, հանդիպել համայնքի ակտիվի հետ։ «Տեր Մարկոս քահանա Սարգս­յանի հետ միասին մենք նախատեսում ենք առա­ջիկայում հարստացնել Հայկական տունը ազ­­գային կահկարասիով, որն առավել տեսանելի կդարձնի մեր ազգային կենցաղը և սովորույթները»,-ասել է նա։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ ծնվել է ՈՒստ Կամենո­գորսկում հայկական եկեղեցի կամ աղոթարան կառուցելու միտքը։ Կարագանդայի քա­ղաքապետ Երմեկ Կոշերբաևը խոստացել է լուծել հողահատկացման խնդիրը, իսկ եկե­ղեցու կառուցման նյութական ծախսերը ստանձնել է հայկական կողմը։

6.       ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«ԷՐԵԲՈՒՆԻ» հայկական մշակութային կենտրոնը ստեղծվել է 1994 թ. Կարագանդա քաղաքում և իր շուրջն է համախմբել Կարագանդայի մարզի հայերին, որոնց թիվը 2005 թ. մարդահամարի տվյալներով 17501 էր։  2004 թ. հոկտեմբերին «ԷՐԵԲՈՒՆԻ» հայկական մշակութային կենտրոնը մտավ Ղա­­զախստանի  հայկական կազմակեր­պու­թ­յունների «Նաիրիր» միության մեջ, ինչի առիթով էլ ծնվեց «Հայաստան» երգը։ Կենտրոնի նախագահը Արթուր Իլյիչի Նավասարդյանն է։

Հենց սկզբից «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՄԿ-ի խորհրդի անդամները և համայնքի ակտիվիստ­նե­րը ի­րենց ուշադրությունը սևերեցին հայապահպանության և հայեցի դաստիարա­կու­թյան հարցերի վրա՝ պայմաններ ստեղծելով հայոց լեզվի, հայոց պատմության, ազ­գա­յին ա­վան­դույթների, հայկական մշակույթի պահպանման ու զարգացման համար։ Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից մեկն էլ իրավական խորհրդա­տվու­թյան և սոցիալական աջակցության տրամադրումն է բազմազավակ ընտա­նիք­ներին, ծերերին և կարիքավորներին։

Համայնքում կան մշակույթի հայտնի գործիչներ, ովքեր նույնպես ակտիվորեն մաս­նակցում են կազմակերպվող միջոցառումներին։

Կարաժալ քաղաքում գործում է մանկական պարային համախումբ, որը ելույթ­ներով հանդես է գալիս ամենատարբեր փառատոնների և միջոցառումների ժամանակ։

 Կենտրոնում ավանդաբար նշվում է քաղաքական հալածանքների և բռնադա­տու­թ­յուն­­ների զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 31-ը։ 1997 թ. Համայնքը մեծ հանդիսությամբ նշեց ՂՀ ականավոր քաղաքական գործիչ Լևոն Միրզոյանի 100-ամյակը։

7.       ԿՈԿՇԵՏԱՈՒԻ «ԲԱՐԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ակլոմաուի մարզում հայերի թիվը հասնում է 3 000-ի: Նրանց զգալի մասն ապ­րում է Կոկշետաու, Մակինսկ և Ատբասար քաղաքներում: Կոկշետաու քաղաքի «Բարի» հայ­կա­­կան մշակութային կենտրոնը, որը կազմավորվել է 2008-ին, հա­մակար­գում է Ալ­բա­սարի, Մակինսկի, Ձերժավինսկի հայկական համայնք­ների գոր­ծու­նեու­թ­յու­նը։ Կենտ­րո­նը երկար ժամանակ ղեկավարել է «Ժար­­դեմ-2003» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Պո­ղոս­յանը, ով ամեն կերպ աջակցում է հայե­րին աշ­խատանքի տեղավորման, փաստա­թղթերի ձևակերպման, նյութական օգ­նու­թյուն տրա­մադրելու և այլ հարցերում:

Հայկական համայնքների ղեկավարները մեծ համարում ունեն մարզում և հայտնի են իրենց գոր­ծե­րով. օրինակ «Բարի» մշակութային կենտրոնի նախագահի տեղակալ Նորիկ Մագ­լամ­յա­նը, ով «Անի» սրճարանի սեփականատերն է, մասնակցում է որբ երե­խա­նե­րի, հայ­րե­նա­կան մեծ պատերազմի վետերանների, ծերերի համար կազմա­կերպ­վող բարե­գոր­ծա­կան միջոցառումներին: Կոշկետաուի մեկ այլ գործարար՝ Արթուր Մնա­ցականյանը, «Նոր ե­րա­զանք»-ի շինարարության համար նվիրաբերել է 5 000 000 տեն­գե, իսկ Մինս­կից հայտ­նի գործարար Նորիկ Վարդանյանը 100 000 տենգե է հատ­­կացրել ուղղափառ  մա­տուռի կառուցման համար։

Ակմոլինսկի մարզային ակիմատի և Ղազախստանի ժողովրդի ա­սամ­բ­լե­­այի Ակմո­լին­սկի  միավորման ջանքերով 2012թ. բացվել է «Шањыраќ» մայրենի լեզվի ուսուցման կենտրոնը, որտեղ հայոց լեզու և ղազախերեն են սովորում Կենտրոնում ընդգրկված 7-15 տարեկան երեխաներ։

«Բարի» կենտրոնը, որտեղ ներկայացված են հայկական ազգային երգն ու պարը, և հայկական խոհանոցը, տեղակայված է «Անի» սրճարանի տարածքում: Շնորհիվ այն բա­նի, որ այս վայրը բավական ճանաչված է մարզային կենտրոնի բնակիչների և քա­ղաքի հյուրերի կողմից, հայկական մշակույթն աննկատ չի մնում: Դրան մեծապես նպաս­տում են նաև Ղազախստանի ժողովդի ասամբլեայի կողմից Ակմոլինսկում անց­կաց­վող միջո­ցա­ռումները, որոնց հայկական համայնքն ամենաակտիվ մասնակցու­թ­յունն է բերում։

8.       ԱՏԸՐԱՈՒԻ ՄԱՐԶԻ «ՏԱՎՐՈՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ատիրաուի մարզի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնը գործում է Ղա­զախ­­ս­տանի Ատըրաու քաղաքում։  Նախագահը Գագիկ Փլուզյանն է, ով շինա­րա­րա­կան մի ընկերության տնօրեն է։

Ատիրաուում հայկական համայնքը այնքան էլ մեծ չէ, սակայն բազմաշերտ է: Հա­մայն­քի կազմում կան մարդիկ, ովքեր տիրապետում են ղազախերենին, քանի որ նրանք կամ նրանց ծնողներն այստեղ են ծնվել ու կրթություն ստացել, սակայն կամաց-կամաց մոռացել են կամ իրենց երեխաներին չեն փոխանցել հայերենը։ Քիչ չեն նաև այնպիսիք, ով­քեր վերջին տարիներին են տեղափոխվել Ղազախստան, ուստի ազատ գրում-կար­դում են հայերեն, սակայն չեն տիրապետում ղազախերենին: Մշակութային կենտրոնը ստանձնել է այդ երկու լեզուների ուսուցումը կազմակերպելու գործը։

Համայնքի լավագույն գործարարների թվում է Օլեգ Թոսունյանը, ով գլխավորում է «ЭРТРИ» մասնավոր ընկերությունը, որը քաղաքի և շրջանի ձեռնարկությունների համար արտահագուստ և հատուկ կոշիկներ է արտադրում:

9.       ՇԻՄՔԵՆԴԻ «ՆԱԻՐԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հարավղազախստանյան մարզի «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնը գոր­ծում է Շիմքենդ քաղաքում։ Ստեղծվել է 2004 թ. (գրանցվել է 2005 թվականի հոկտեմ­բե­րի 5-ին), իսկ 2014 թ. հոկտեմբերին մեծ հանդիսավորությամբ տոնել է իր գործունե­ու­թ­յան 10-ամյակը:

Հայկական մշակութային կենտրոնում գործում են խորեոգրա­ֆիկ համույթ և երգչա­խումբ, որոնց ուժերով հաճախ են կազմակերպվում տոնական համերգներ, գրական-ե­րաժշտա­կան ներկայա­ցումներ:

2013 թվականից գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ երեխաներն ուսումնասիրում են ոչ միայն հայոց լեզու, այլև երկրի պետական լեզուն՝ ղազախերենը: Ի դեպ, դպրոցի բացմանը ներկա էր նաև Ղազախստանի ժողովրդի Փոքր Ասամբլեայի քարտուղար Տուռ­սինկուլ Կուրամբաևը, շնորհավորանքների հետ մեկտեղ դպրոցին նվիրեց ղա­զա­խե­րենի դասագրքեր։

Կիրակնօրյա դպրոցը տեղակայված է «Շիմքենդ, Գանի Իլյաևա 25» հասցեում: Լեզվի ուսուցման խմբե­րը գործում են և կեսօրին, և երեկոյան:

10.    ՊԱՎԼՈԴԱՐԻ ՄԱՐԶԻ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ըստ 1999 թ. մարդահամարի՝ Ղազախստանի Պավլոդարի մարզում ապրում է շուրջ 1000 հայ, ովքեր համախմբված են Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական մշակու­թա­յին կենտրոնի շուրջ։ «Հայրենիքը» մարզի միակ հայ­­կական համայնքային կառույցն է։ Այն ստեղծվել է 1995 թ. փետրվարի 24-ին և տեղա­կայ­ված է Պավլոդարի Բարեկա­մու­­թ­յան տանը (312-րդ աշխատասենյակ)՝ Մայիսի 1-ի 35/1 հասցեում։

Կենտրոնի առաջին նախագահը եղել է Սերժիկ Անուշավանի Մարտիրոսյանը, ով ղե­կավարել է ավելի քան 8 տարի: 2004-2006 թթ. կենտրոնը ղեկավարել է Վյաչեսլավ Պյո­տ­րի Յորդանյանը, իսկ նրանից հետո՝ Կամո Բադոյանը: 2014 թ. «Հայրենիք» ՀՄԿ-ի նա­խագահը Էլմիրա Բենիկի Պետրոսյանն է։

«Հայրենիքը» ակտիվորեն մասնակցում է համաքաղաքային բոլոր միջոցառումնե­րին, հանդես է գալիս ինքնուրույն նախաձեռնություններով: Կենտրոնի ավանդական տոներից է «Ապրում ենք միասնական ընտանի­քում» ամառային ամենամյա փառա­տոնը, որի շրջանակներում կազմակերպվում է հայ­կա­կան մշակույթի տոն։ 2014 թ. այդ միջոցառման ընթացքում անցկացվեց ծիրանի տոն, նախորդ տարի՝ խաղողի տոն: Հայկական համայնքի համար ավանդական է դարձել Մայրության տոնը և Տարեց­ների օրը նշելը, իսկ ամենասիրելի և ուրախ տոնը ման­կական ամանորյա հանդեսն է, որին մասնակցում են բոլորը՝ և երեխաները, և նրանց ծնողները, և տատիկներն ու պա­պիկ­ները:

Համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես նրանք, ովքեր տարբեր հաստա­­տու­թ­յուն­ներ (հատկապես՝ արտադրություն) են ղեկավարում կամ դեպուտատներ են, ընդգրկված են մարզի տնտեսական և սոցիալական ոլորտներում, ակտիվորեն են մաս­նակցում երիտասարդության հայեցի դաստիարակության գործին: Այս առումով մեծ դերակատարություն ունի Ազգային վերածննդի դպրոցը, որի հայկական բաժանմուն­քում բարեխիղճ և պատասխանատու կերպով իր պարտականություններն է կատարում հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Դերենիկի Առաքելյանը:

Պավլոդարի Սուրբ ավետման տաճարի մոտ տեղակայված է Խաչքար՝ հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշը:

11.    ԱԿՏԱՈՒԻ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Եղբայրություն» հայկական մշակութային կենտրոնը գտնվում է Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում։ Այն ղեկավարում է պահեստի մայոր Հայրապետ Ալեքսանի Կուրդօղլյանը, ով մեծ համարում ունի ինչպես հայերի, այնպես էլ Ակտաուի մարզային իշխանությունների շրջանում։

Ոչ պաշտոնական տվյալներով` Ակտաու քաղաքում մոտ 3 հազար հայ է ապրում: Հայերն այստեղ հիմնականում զբաղվում են շինարա­րու­թյամբ կամ ընդգրկված են սննդի արդյունաբերության ոլորտում։ Համայնքը հայտնի է իր ավանդույթներով։ «Եղ­բայ­րություն»  հայկական մշակութային կենտրոնը Ղազախստանի  առաջին հայկա­կան համայնքային կառույցներից է և գրանցվել է 1989 թ.: Առաջին ղեկա­վարը եղել է Ռուդիկ Ար­զու­մանյանը, ապա 10 տա­րի Մանվել Խաչատրյանն է ստանձ­նել համայնքի կառա­վա­րումը, իսկ 2013 թ. արդեն համայնքն այդ գործը վստա­հել է Հայրապետ Կուրդօղ­լյանին: Վերջինս եր­կար տարիներ աշխա­տել է ՆԳ համակարգում, 1994 թվականից թո­շա­կի է անցել, պա­հեստի մայոր է: Շատ հարգված է ոչ միայն քաղաքում, այլև Մանգիս­տա­ուի մար­զում: Գնահատելով հայկական համայնքի կատարած աշխատանքը` 2014 թ. Ղա­զախ­ստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը նրան պարգևատրել է պատվո­գրով:

12.    ՕՐԱԼԻ «ՄԻՐԶՈՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Միրզոյան» հայկական մշակութային կենտրոնը գտնվում է Արևմտաղազախ­ստան­յան մարզի Օրալ (նախկինում՝ ՈՒրալսկ») քաղաքում։ Ղեկավարը Ավետիք Ռուբենի Ամիր­խանյանն է, ով բարի համարում ունի ոչ միայն հայերի, այլև տեղական իշխա­նությունների շրջանում։ Նա «Այդանա» առևտրային ԲԲԸ տնօրենն է, եղել է Օրալի քա­ղա­­քային մասլիխատի երկու գումարման պատգամավոր։ Պարգևատրվել է «Ղազախ­ստանի Հանրապետության 10 տարին» հոբել­յա­նական մեդալով (2006), Ղազախստանի «Союз Атамекен» ազգային տնտեսական պա­լատի նախագահության մեդալով (2009),  «Почётный дорожник»  շքանշանով (2010), ՈՒրալսկ քաղաքի Ակիմատի պատվոգրերով և շնորհակալագրերով։

Մշակութային կենտրոնին կից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց և պա­րա­խումբ, որը հաճախ է համերգներով հանդես գալիս ինչպես համայնքային միջո­ցա­­ռումների, այնպես էլ քաղաքային փառատոների ու միջոցառումների ժամանակ։ Համայնքի ղեկավարի ջանքերով 2013 թ. պարախումբը ձեռք բերեց ազգային տարազ։

 Դպրոց հաճախում է 40 երեխա։ Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու, հայոց պատ­­մություն, հայ­կական պարեր, մշակույթ։ Դասերն անցկացվում են քաղաքի №16 դպրոցի շենքում (այդ դպրոցի հիմնավերանորոգման գործում մեծ ներդրում ունի Ա. Ամիրխանյանը) կիրակի օրերին։ Գործում է լեզվի ուսուցման երկու խումբ՝ հայերեն և ղազախերեն։

13.    ՏԱԼԴԻԿՈՒՐԳԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ալմաթիի մարզի Տալդիկորգանի հայկական մշակութային միությունը մշակութային կենտրոնների մեջ ամենաերիտասարդներից է. այն հիմնվել է 2005թ. ապրիլի 7-ին՝ ՀՀ մայ­րու­թյան և գեղեցկության պետական  տոնի օրը: Կենտրոնի նախագահ է ընտրվել Քնարիկ Երջանիկի Գասպարյանը, ով ղեկավարում է այն մինչև օրս:

Իր ստեղծման օրվանից Կենտրոնը հետամուտ է հայկական ազգային ինքնության՝ հայոց լեզվի, պատմության, մշակույթի, ժողովրդական ավանդույթների պահպանման, տար­բեր ազգությունների մարդկանց միջև խաղաղության և բարեկամության ամ­րա­պնդման գործին: Համայնքում ավանդաբար նշվում են ՀՀ բոլոր պետական և եկեղեցական տոները, սակայն դրանց մեջ առանձնանում են հատկապես ՀՀ անկախության օրվան նվիրված տոնակատարությունը, մայրության և գեղեցկության տոնը, Տրնդեզը, Սուրբ Զատիկը, Մեծ եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները և այլն:

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, Կենտրոնը «Айналайын» մանկատան երեխաների համար կազմակերպում է Քաղցրավենիքի օր («Сладкоежка»), որի ժամանակ մանկատան սաները հյուրասիրվում են հայկական քաղց­­րավենիքով, ստանում նվերներ: Այսպես մշակութային կենտրոնի անդամները ի­րենց հարգանքի տուրքն են մատուցում 1988 թ. երկրաշարժից տուժածների հիշա­տա­կին՝ իրենց սիրտը բացելով կարեկցանքի և սիրո առաջ:

Կենտրոնը Ղազախստանի ժողովրդի Փոքր ասամբլեայի Ալմաթիի մարզի քար­տուղարության հետ համատեղ հանդես է եկել «Բարեկամության մեղեդիներ» ման­կա­կան մարզային փա­­ռատոն անցկացնելու նախաձեռնությամբ՝ դառնալով այդ փառատոնի կազմա­կեր­պիչն ու հովանավորը։

14.    ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿԻ «ԿԵՆՏՐՈՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

2009 թ. տվյալներով Հյուսիսղազախստանյան շրջանում բնակվում է շուրջ 1500 հայ, որը կազմում է մարզի բնակչության 0, 21 %:

Նրանց համախմբելու, հայ ազգային ինք­նության պահպանման և Հայաստանի հետ նրանց կապը ապահովելու նպատակով 1997թ. փետրվարին Ռոման Առաքելովի ջանքերով ստեղծվել է Պետրոպավլովսկի «Կենտրոն» հայկական մշակութային կենտրոնը։ Հենց Առաքելովն էլ եղել է կենտրոնի առա­ջին նա­խա­գահը։

«Կենտրոնն» ունի երիտասարդական ակումբ, որի անդամներն ընդ­գրկ­ված են ժո­ղովրդական երգի և պարի խմբերում։ Այդ խմբերը համերգներով հանդես են եկել քա­ղաքի ռազմական ուսումնարանում, հաշմանդամների տանը, մանկատանը, հիվանդա­նոցներում և այլն: Երիտասարդներն ամեն տարի մասնակցում են «Звезда единства», «Радуга», «Язык-опора дружбы» մարզային փառատոններին:

Պետրոպավլովսկի «Ազգային զարթոնք» դպրոցական համալիրում 1998թ-ից գոր­ծում է հայկական բաժին, որտեղ  հա­մայն­քի  30 երիտասարդներ շաբաթ և կիրակի օրերին անվճար հիմունքներով սովո­րում են մայրենի լեզու, պատմություն, գրականություն, հայրենագիտություն, պար և արվեստ: Մշակութային կենտրոնն ունի նաև թատերական խմբակ:

15.    ՍԵՄԵՅԻ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Սուրբ Էջմիածին» հայկական մշակութային կենտրոնը գործում է Սեմեյ (նախկին՝ Սեմիպալատինսկ) քաղաքում։ Կազմավորվել է 2012 թ. (գրանց­վել է 2012 թ. հոկտեմ­բերի 7-ին) Սեմեյ քաղաքում։ Կենտրոնն ունի կիրակնօրյա դպրոց։

Նախագահը Արկադի Արշակի Արզումանյանն է։

16.    «ԱՐՎԵՍՏ» ՊԱՏ­ԿԵ­ՐԱՍՐԱՀ

2007 թ. Ալմաթիում բացվել է Ղազախստանում արվեստի բնագավառի հայտ­նի գոր­ծա­րար Ռիմա Ցականյանի սեփականությունը հանդիսացող «Արվեստ» պատ­­կե­րասրահը, որտեղ կազմակերպվում են տեղական և միջազգային ցուցահանդես­ներ:

Պատկերասրահի գործունեության հիմնական ուղղություններն են՝ անհատական և խմբակային գեղարվեստական ցուցահանդեսների անցկացում, գրաֆիկական աշխատանքների, քանդակների և գեղանկարներ ցուցահանդես-վաճառք, դեկորատիվ արվեստի, զարդերի, հուշանվերների ցուցահանդես-վաճառք, վարպետության դասերի կազմակերպում, մշակույթի և արվեստի ոլորտում խորհրդատվական և գովազդային ծառայություն­ների տրամադրում և այլն։

Scroll Up