Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում

63798

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Ֆորումի  գլխավոր թեմաններն  են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Ֆորումը վարում էր  «Արցախակերտում» ՀԿ   համանախագահ  Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը   ֆորումին  ներկայացրել  է արցախյան հակամարտության առաջացման պատճառները:

«Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես  ­ ասել  է Հ.  Արզումանյանը  և   հիշեցրել, որ   Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ  տարի  առաջ  զոհվել  են   ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ:

Հ.  Արզումանյանի  խոսքով՝    նրանք զոհվեցին, քանի որ հերթական անգամ աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը որոշել է   խաղալ տարածաշրջանի հետ:

«Փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում զբաղվել խնդրով, ապա միգուցե բլոգերները, որպես նոր ձևավորվող հանրային տեղեկատվության իրականություն` կարող են ազդել իրավիճակի վրա»,-նշել  է  Հ.  Արզումանյանը

Արցախի   Հանրապետության   էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն  էլ  ներկայացրել  է  Արցախի զբոսաշրջության վիճակը:

«Արցախի Հանրապետության զբոսաշրջություն ասելով, հասկանում ենք տարեկան շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, 43 հյուրանոցային տնտեսություն, 7 զբոսաշրջային ընկերություններ, լիցենզավորված զբոսավարներ:  Արցախի Հանրապետություն են այցելում    զբոսաշրջիկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-­ից, Իրանից  և եվրոպական երկրներից»,-մասնավորապես  ասել  է  Ս.  Շահվերդյանը:

Ֆուրումին    մասնակիցները   հանդես  են  եկել  իրենց  հուզող   հարցադրումներով,  որոնք  հիմնականում   վերաբերվում  էին   հակամարտությանը և   Արցախի   ճանաչմանը, խոսել  իրենց   տպավորությունների   մասին:

Ֆորումի   վերջում     մասնակիցները  հանդես  են  եկել       հայտարարությամբ: